ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՊՀ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

0
852

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ – ԱԶԳ

Թերթի նախորդ համարի մշակութային հավելվածում անդրադարձել էի արմեւմտահայ բանաստեղծ Մատթեւոս Զարիֆյանի արխիվը հավաքագրած, դասակարգած եւ հայրենիք փոխադրած լիբանանահայ մանկավարժ Նորա Թաշճյան-Սարաֆյանի մասին, որը  17 փետրվարին թե՛ կատարած աշխատանքի, թե՛ Մատթեւոս Զարիֆյանի մասին դասախոսություն ունեցավ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում:

Այս համարում էլ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեկ օր անցՙ փետրվարի 18-ին, նույն վայրում Նորա Թաշճյան-Սարաֆյանը դասախոսություն է ունեցել մեկ այլՙ հույժ կարեւոր թեմայովՙ նվիրված լիբանանահայ գաղութի ձեւավորման ընթացքին եւ համայնքի լեզվամշակութային կյանքի սկզբնավորման ու զարգացման գործին: Բանախոսն ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես հայոց մեծ ողբերգությունից տարիներ հետո հայերը հասան Լիբանան, ինչպիսի պայմաններում հանգրվանեցին հատկապես հայ որբերը, եւ ինչպիսի անգնահատելի դերակատարություն ունեցան որբանոցներն ու դրանց կից հայ կրթական օջախները: Նորա Սարաֆյան-Թաշչյանը առանձնահատուկ կարեւորեց արեւմտահայ լեզուն թուրքերենից մաքրելու ճիգերը եւ այն հզոր քաղաքականությունը, որն իրականացրին կրթության հայ մշակները:

Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց նաեւ Լիբանանում հայկական կրթօջախների արդի վիճակը, արեւմտահայերենի դասագրքերը եւ, ընդհանրապես, կրթական խնդիրները: Հատուկ անդրադարձ եղավ արեւմտահայերենի պահպանության ու զարգացման արդի մարտահրավերներին:

Դասախոսությանը մասնակցում էր նաեւ արեւմտահայերենի տասնյակ դասագրքերի հեղինակ, ազգագրագետ, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը: Ծավալվեց աշխույժ եւ արդյունավետ երկխոսություն նաեւ սիրիահայ համայնքի նույն հարցերի վերաբերյալ: Բանախոսների շնորհիվ ուսանողները առիթ ունեցան մանրամասն տեղեկանալու ոչ միայն դասական սփյուռքի ձեւավորման հոլովույթին, այլեւ Սփյուռքում արեւմտահայերենիՙ որպես ազգային ինքնության եւ հայապահպանության հիմնական միջոցի զարգացման ընթացքին: Ուսանողները գոհունակություն հայտնեցին բովանդակալից դասախոսության համար եւ իրենց շնորհակալական վերաբերմունքն արտահայտեցին օրվա բանախոսինՙ հայկական սփյուռքի սրտումՙ Լիբանանում, կրթամշակութային աշխույժ գործունեություն ծավալելու համար:

Տիկին Նորան իր հերթին հատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետինՙ ի դեմս ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յու. Ավետիսյանին, արեւմտահայերենի դասընթացավար Հ. Չոլաքյանինՙ իրեն այդպիսի հնարավորություն ընձեռելու համար: Հանդիպումն ավարտվեց Նորա Սարաֆյան-Թաշճյանին կրկին հյուրընկալելու անկեղծ ցանկությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here