«ԵՐԿԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐԻՉ ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆԻ ՀԵՏ

0
1308

«Շատ Յաճախ Ասւում Է, Որ Մենք Հայ Ժողովրդի Երկրորդ Բանակն Ենք…»

Վարեց՝ ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

«Երկիր»ը հարցազրոյց ունեցաւ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ, որ կը ներկայացնենք ստորեւ։

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Ի՞նչ աշխատանք է տարել Հայ Դատի յանձնախումբը՝ ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւերն ընդունելու համար:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- ԱՄՆ Սենատի ընդունած բանաձեւը տասնեակ տարիների քրտնաջան աշխատանքի արդիւնք էր: Մեր ուշադրութիւնը այս պահին կենտրոնացնում ենք Սպիտակ տան ուղղութեամբ, որպէսզի նախագահ Թրամփը եւս ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Անցեալ տարի տեղի ունեցածը ուղղակի այս աշխատանքի փոքր մասնիկն էր. Հայաստանին ֆինանսական օժանդակութիւն տրամադրելու, Արցախում ականազերծման ծրագիրն իրականացնելու, ինչպէս նաեւ երկու բանաձեւ ընդունելու Արցախի հանդէպ Ադրբեջանի ագրեսիայի (յարձակումին-Խմբ.) դէմ:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Մենք գիտենք, որ մեծ աշխատանք է տարուել կոնկրետ (որոշեալ-Խմբ.) մարդկանց հետ. ի՞նչ դժուարութիւնների էք հանդիպել:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Մենք այս քայլին գնալով գիտէինք, որ շատ մեծ հաւանականութիւն կայ, որ խօսնակ Փելոսիի աջակցութեամբ Սենատը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Մեզ դրական իմաստով զարմացնողը ուժեղ քուէարկութիւնն էր՝ 405ն ընդդէմ 11ի՝ գրեթէ միաձայն՝ այդ թւում բոլոր դեմոկրատները եւ գրեթէ բոլոր հանրապետականները: Ներկայացուցիչների պալատում նման կայուն ու համոզիչ յաղթանակը դուռ բացեց բանաձեւը Սենատում յառաջխացնելու համար: Երբ սենատոր Մենենդեսը վստահեցրեց, որ ինքը Սենատում կը լինի այնքան ժամանակ, մինչեւ բանաձեւն ընդունի, մեզ համար պարզ դարձաւ, որ մնացեալը ընդամէնը ժամանակի հարց է: Այն մեզանից պահանջեց 1, 2, 3 շաբաթ, իսկ արդէն 4րդ շաբաթուայ ընթացքում գործն արուած էր: Կապ չունի՝ 5 թէ 10 շաբաթ կը տեւէր, միեւնոյն է՝ դա լինելու էր: Սա վերաբերում է նաեւ Սպիտակ տանը. Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչելն էլ ուղղակի ժամանակի հարց է:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտը մշակել է «Ցեղասպանութեան Հետեւանքով Հայ Ժողովրդի Կորուստները Եւ Հատուցման Մեթոդաբանական Հիմքերը» աշխատութիւնը, որտեղ նշւում են հայ ժողովրդի կորցրածը յետ բերելու քայլերը: Դուք ինչպէ՞ս էք պատկերացնում կորսուած հայրենիքի վերադարձը:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Հայերին արդարութիւն են պարտք, որովհետեւ ակնյայտ է, որ Ցեղասպանութիւնը յանցագործութիւն է եւ ոչ թէ կոնֆլիկտ (հակամարտութիւն-Խմբ.): Մենք այս ամէնը պիտի դնենք սեղանին, իսկ ինչ դրան կը յաջորդի, ընթացքը ցոյց կը տայ: Բայց այդ գործընթաց ներառուելու է, եւ Թուրքիայի հետ երկխօսութեան համար այդ երկիրը պէտք դադարեցնի իր ժխտողական քաղաքականութիւնը, Ցեղասպանութիւն յանցագործութեան համար արդարացման պատրուակներ գտնելը: Արդեօք հայերը կը ստանա՞ն ամբողջը, ինչ ցանկանում են՝ չեմ կարծում, բայց նրանք չեն ստանայ այն, ինչ չեն ցանկանում:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Դրսից հետեւելով ներհայաստանեան գործընթացներին՝ ի՞նչ զգացում ունէք, ճի՞շդ ուղղութեամբ է գնում Հայաստանը:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Այն ամէնն, ինչ մենք անում ենք Հայ Դատի գրասենեակների միջոցով, ունի մէկ նպատակ՝ տեսնել հզօր Հայաստան, արդար Հայաստան, ապահով ու անվտանգ արդիւնաբերութեամբ երկիր, որտեղ ընտանիքները կը կարողանան մեծացնել իրենց երեխաներին մայր հողի վրայ: Սա մեր նպատակն է՝ լինի Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններում: Իմ կինը Կապանից է, եւ ես շատ ուժեղ կապուածութիւն ունեմ այս հողի հետ, իմ երեխաներն են կապանցիներ, հետեւաբար ես ունեմ շատ մեծ հաւատք, որ Հայաստանը կը բարգաւաճի: Շատ յաճախ ասւում է, որ մենք հայ ժողովրդի երկրորդ բանակն ենք, ի հարկէ, մենք ունենք մեծագոյն յարգանք զինուորների հանդէպ, նրանք առաջին բանակն են ու ողջ պատիւը իրենցն է եւ եթէ մենք կարողանանք ողջ աշխարհում քաղաքականօրէն ինչ-որ կերպ օգնել նրանց, ապա հպարտ կը լինենք:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Հայաստանի իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ նշեցին, որ Դաշնակցութեան դրսի կառոյցների հետ լաւ աշխատում են, մինչդեռ ներսի կառոյցը կարիք ունի, որ դրսից վերահսկեն. երբ այսպիսի արտայայտութիւններ էք լսում, ի՞նչ էք մտածում:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Պէտք է մարդկանց հետ յարգանքով վերաբերուել, յարգանք ցուցաբերել այն փաստի նկատմամբ, որ իրենք կուսակցութիւն են ներկայացնում, եւ խաղեր չխաղալ, թէ ովքեր են այդ կուսակցութիւնում լաւ ու վատ մարդիկ: Կարծում եմ դա շատ մանկամիտ մօտեցում է:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Ապրիլի 5ին Հայաստանում հանրաքուէ է՝ ՍԴ 7 անդամից ազատուելու նպատակով: Հանրաքուէի դրուող փաստաթուղթը չուղարկուեց Վենետիկի յանձնաժողովի փորձագիտական կարծիքն ստանալու եւ չտրամադրուեց ՍԴին՝ հաստատելու համար: Սա ճի՞շդ ուղի է:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Ինչպէս արդէն նշեցի՝ կինս Կապանից է, ծնուել է Արծուանիկում, իսկ իմ ընտանիքը ԱՄՆ հովանու ներքոյ է արդէն 100 տարի, իմ ու մեր բոլորի երազանքն է ունենալ ազատ Հայաստան՝ անվտանգ սահմաններով, որ այս երկրի քաղաքացիները կարողանան բարձրաձայնել խնդիրները այնպէս, ինչպէս իրենք ցանկանան՝ բանավէճերի ճանապարհով, եւ ժողովրդավարական ճանապարհով կարողանան նման խնդիրները հանգուցալուծել: Եւ դա մեզ՝ Սփիւռքի համար օրհնութիւն է: Ու եթէ Հայ Դատը կարող է ինչ-որ կերպ աջակցել, որպէսզի Հայաստանը ժողովրդավարական երկիր լինի ու հայ քաղաքացիները նման որոշումներ կայացնեն, ապա մենք ուրախ կը լինենք օգնել:

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ.- Փաշինեան-Ալիեւ միւնխենեան բանավէճին հետեւելով՝ ի՞նչ եզրակացութեան եկաք, բանակցային գործընթացը ճի՞շդ ուղղութեամբ է գնում:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Այդ բանավէճը աշխարհին օգնեց հասկանալու, որ Ալիեւը խաղաղութեան կողմնակից չէ: Ինչը ես հասկացայ այդ խօսակցութիւնից այն է, որ Ալիեւը նուաճողական մտադրութիւն ունի, նա կարող է շուտով բռնութիւն կիրառել: Թէ ի՛նչ ճանապարհով կը շարունակուի այս ամէնը եւ ինչ հանգուցալուծում կը ստանայ, ընթացքը ցոյց կը տայ: Շատ խնդրահարոյց հարց է այն համադրութիւնը, որ հայերը սկզբից զիջումների գնան եւ յետոյ ադրբեջանցիներից սպասեն որեւէ փոխզիջում: Սրանք մեծագոյն մարտահրաւէրներ են: Եթէ այնպիսի մարդիկ կան հայկական աշխարհում, ովքեր կարծում են, որ այդ մոդելը (օրինակը-Խմբ.) կարող է աշխատել, ապա իրենք պէտք է հիմնաւորեն իրենց տեսակէտը, բայց ես դեռեւս նման տեսակէտ չեմ լսել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here