Այդ Շրջաններով Մի Ողջ Երկիր Կը Կերակրենք. Բենիամին Պչաքճեան` «ԱՌԻ»-ի Արցախեան Ծրագրերի Մասին

0
1294

Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող եւ Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարեւոր օղակների` հարաւարեւմտեան թեւի` Քաշաթաղի շրջանի, հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան թեւի` Շահումեանի շրջանի վերաբնակեցման եւ զարգացման նպատակով արդէն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրաւման միջոցով ազգանուէր ծրագրեր է կեանքի կոչում ԱՌԻ` «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութիւնը` զարկ տալով այս շրջաններում բնակարանաշինութեան, գիւղատնտեսութեան եւ անասնաբուծութեան զարգացմանը, ծնելիութեան խթանմանը:

ԱՌԻ` «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերութեան բաժնետէրերը պարբերաբար այցելում են Արցախ` տեղում ծանօթանում կատարուած աշխատանքներին, նախորդ տարիների գործունէութեան արդիւնքներին: Սփիւռքահայ գործարարները յաճախակի հանդիպումներ են ունենում Արցախի պետական այրերի, երկրի նախագահի հետ, քննարկում ծրագրերը, հեռանկարները:

Ընկերութիւնն ի սկզբանէ ստեղծուել է լիբանանահայ մի քանի գործարարների մասնակցութեամբ, բայց այսօր ներդրողների թիւը հասել է շուրջ 200 անհատ գործարարի, որոնք ներկայացնում են` Սիրիան, ԱՄԷ-ն, Քուէյթը, Զուիցերիան, Ֆրանսան, Մեծն Բրիտանիան, Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Աւստրալիան: «ԱՌԻ»-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ են Մելպուռնից եւ Սիտնեյից, որոնք ստանձնել են Քարվաճառի բարձրադիր, գեղատեսիլ մի տարածքում նոր` «Սիտնեյ» կոչուող թաղամասի կառուցման յանձնառութիւնը:

Վերջերս Քարվաճառ էր այցելել «ԱՌԻ» հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանը` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանի ուղեկցութեամբ ծանօթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացուող Սիտնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին:

«2008 թ. Արցախում կայացած խորհրդաժողովի ընթացքում տարբեր երկրներից բազմաթիւ կազմակերպութիւններ ներկայացրեցին Արցախի վերաբնակեցման եւ զարգացման ծրագրերը` գինու, կաթնամթերքի մշակման գործարաններ հիմնելու, գիւղատնտեսութիւնը զարգացնելու տեսքով: Լիբանանում ստեղծուած «Արցախ Ֆոնտ»-ը եւս մասնակցում էր խորհրդաժողովին, մենք համոզուեցինք, որ Արցախի վերակառուցմանը, տնտեսութեան զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է փոխշահաւէտ ներդրումներ ապահովել: Գործարարների փոքր խումբ հաւաքուեց եւ որոշեցինք ներդրումներ անել այնպիսի շրջաններում, որ նպաստի կայուն զարգացմանը, աշխատատեղեր ստեղծելուն եւ եկամտաբեր լինի: Արցախի իշխանութեան հետ հանդիպեցինք, քննարկեցինք, որոշուեց «Արցախի գիւղի եւ գիւղատնտեսութեան զարգացման հիմնադրամ»-ում գումարներ ներդնել, գիւղատնտեսութեան զարգացումը խթանելու նկատառումով երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով, առանց գրաւի վարկեր տրամադրել գիւղացիներին: Ներդրեցինք, մէկ տարուայ ընթացքում արդիւնքը տեսանելի էր, 250-300 ընտանիք կարողացան վարկ վերցնել», Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Բենիամին Պչաքճեանը եւ համառօտ ներկայացրեց իրականացուող ծրագրերը` կոչ անելով ողջ աշխարհի հայ գործարարներին միանալ իրենց եւ ազգանուէր ու փոխշահաւէտ այս ծրագրերի իրականացման համար կատարել ներդրումներ:

Ըստ պարոն Պչաքճեանի, ընկերութիւնը տասը տարուայ ընթացքում Նոր Շահումեանի եւ Քաշաթաղի շրջաններում ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն տոլարի ներդրում է արել գիւղատնտեսութեան եւ բնակարանաշինութեան ոլորտներում. «Հազարաւոր հեկտարներ ցորեն, գարի է ցանւում, անասունների գլխաքանակը կրկնապատկուել է: Քաշաթաղում բնակչութեան 24 տոկոս աճ է արձանագրուած, եթէ համեմատենք Արցախի այլ շրջանների հետ, սա մեծ առաջընթաց է: Եթէ հաշուի առնենք` որքան միս է ներկրւում Հայաստան, որքան ցորեն, ապա պէտք է նշել, որ եթէ այդ շրջանների բնակլիմայական նպաստաւոր պայմանները ճիշդ օգտագործելու դէպքում, մի ողջ երկիր կը կերակրենք», փաստեց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

«Նոր կեանք, նոր յոյս» կոչուող ծրագիրը վերաբնակեցուող բնակավայրերում մշտական բնակութիւն հաստատած ընտանիքների կենսապահովման խնդիրները լուծելուն է ուղղուած, ծնելիութեան աճը խրախուսելուն: Ընտանիքում ծնուած երրորդ եւ յաջորդ երեխաների դէպքում մէկական կով է տրամադրում:

«Ամէն տարի Արցախի կառավարութիւնից ստանում ենք նորածին երեխաների անուանացանկը, տեղեկատուութիւն, որ տուեալ ընտանիքի երրորդ երեխան է: Մեր մասնագէտները շրջում են գիւղ առ գիւղ, համայնք առ համայնք, ստուգում են, թէ տուեալ նորածինն իսկապէս այդտեղ բնակւում է, եւ նուիրում ենք կթու կով: Արդէն 1550 կթու կով ենք բաժանել, պայմանագիր է ստորագրւում կովը վաճառողի, կովը ստացողի եւ մեր ներկայացուցչի միջեւ, որ երեք տարի այդ կովը պէտք է չմորթի, վաճառի եւ լաւ խնամուի: Ազատագրուած Շահումեանի, Քաշաթաղի շրջաններում անասունների գլխաքանակը զգալիօրէն բարձրացրել ենք: Այս ծրագրի առանցքային նպատակն է խրախուսել բազմազաւակութիւնը, նպաստաւոր պայմաններ ստեղծել մարդկանց կենսամակարդակի բարձրացման համար», ծրագիրը մանրամասնում է Բենիամին Պչաքճեանը:

«Գոյք` Արցախի դպրոցների համար» ծրագրի շրջանակներում լիբանանահայ աշակերտները խորհրդանշական գումարներ են հաւաքում եւ ամէն անգամ Արցախի որեւէ համայնքի դպրոցի համար սարքաւորումներ, համակարգիչներ են ուղարկում կամ գրասեղաններ: Պարոն Պչաքճեանին խնդրեցինք այս մասին եւս ներկայացնել.

«Մենք ունենք ռազմադաստիարակչական ուղղուածութեան ծրագրեր եւս, ճամբարներ ենք կազմակերպում, Լիբանանից աւարտական դասարանի աշակերտները գալիս են, 15-20 օր անցկացնում զօրամասում, ապրում զինուորի կեանքով, նոյն ճաշը ուտում, մարմնամարզութիւն անում` շփուելով իրենց հասակակից երիտասարդների հետ: Իսկ Կովսական համայնքում կանանց համար հետաքրքիր համագործակցութիւն ենք իրականացնում: Հաշուի առնելով այն փաստը, որ ձմրան ամիսներին տեղի կանայք զբաղմունք չունեն, որոշեցինք անհրաժեշտ նիւթեր տրամադրել, որպէսզի կանայք սովորեն ձեռագործ աշխատանքներ անել: Նրանց ձեռագործ աշխատանքները վաճառւում են Լիբանանում` վաճառքի գումարն ուղարկելով այդ կանանց` լիբանանցի եւ արցախցի կանանց միջեւ այսպիսով ձեւաւորելով բարիդրացիական յարաբերութիւններ», պատմեց բանախօսը:

Հարցին` արդեօ՞ք Լիբանանից կամ Սիրիայից ընտանիքները ցանկութիւն են յայտնում տեղափոխուելու եւ Արցախում բնակուելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դժբախտաբար կենցաղի, պայմանների հսկայական տարբերութեան պատճառով ընդամէնը մի քանի ընտանիք են Լիբանանից, Սիրիայից եկել եւ ապրում են Արցախում: Իրենք օժանդակում են նման ընտանիքներին, տուն տրամադրում եւ վեց ամսուայ համար ապրուստի գումար:

ԱՌԻ` «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութեան գործարարների խումբը յաճախ է լինում Աղաւնոյ գետի ափին կառուցուած Արիաւան գիւղում, քանզի գիւղի կառուցապատումը «ԱՌԻ»-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից է:

«Արցախում մենք ձեռնամուխ եղանք բնակարանաշինութեան գործընթացին, որոշեցինք ընտրել ռազմավարական նշանակութիւն ունեցող մի համայնք, որը օրինակելի աւան կը հանդիսանայ: Մեզ տրամադրուեց տարածք, եւ Արիաւանում արդէն կառուցուել է 50 տուն իր տնամերձ հողամասով: Արիաւանում բնակելի տները տրամադրուել են բազմազաւակ ընտանիքներին, բանակում աւելի քան քսան տարի ծառայած սպաներին եւ այն բնակիչներին, որոնք այդտեղ ապրում էին անմարդկային պայմաններում», գոհունակութեամբ նշեց պարոն Պչաքճեանը:

Զրուցակցի խօսքերով, Քարվաճառում կառուցուող 15 բնակելի տները պատրաստ կը լինեն մայիսին` կենցաղային բոլոր յարմարութիւններով, ջերմամեկուսացմամբ: Վարչակազմի ղեկավարի հետ քննարկման արդիւնքում եկել են այն եզրակացութեան, որ նորակառոյց այս թաղամասում հարկաւոր է մասնագէտներ վերաբնակեցնել, գիւղատնտեսներ, ուսուցիչներ: Բենիամին Պչաքճեանի հաւաստիացմամբ, այս տները չեն ծառայի ոչ մի դէպքում որպէս ամարանոցներ, այնտեղ պէտք է ապրեն բազմազաւակ ընտանիքներ:

Հարցին, թէ Քարվաճառը վերադարձնելու մասին ժամանակի մամուլում շրջանառուող խօսակցութիւնները ձեզ չէի՞ն մտահոգում ներդրումներ անելիս, ՀՅԴ Բիւրոյի անդամը պատասխանեց.

«Երբ առաջին անգամ եղայ Քարվաճառում, տպաւորուած էի եւ վստահ, որ սա հարուստ մի քաղաք է եղել` հաշուի առնելով փլատակ տների ցանկապատների հաստութիւնը, տների յարակից տարածքները, քաղաքի կենտրոնական փողոցը: Ամէն ինչ շատ տպաւորիչ էր, յիշեցնում էր իւրայատուկ մի քաղաք: Եթէ ներդրումներ արուեն, զարգացնենք այս շրջանը, անհնար է վերադարձը: Մենք պէտք է զարգացնենք եւ ամէն ճիգ թափենք, որ այդ տարածքները պահպանենք»:

Բենիամին Պչաքճեանը սփիւռքահայ գործարարներին պարբերաբար պատմում է իրենց ծրագրերի, փորձառութեան մասին, լուսանկարներով ներկայացնում կատարուած աշխատանքները, քաջալերում` ներդրումներ անել Արցախում:

«Կոչ եմ անում աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, որոնք ուզում են ազգանուէր ինչ -որ բան անել իրենց հայրենիքի համար, միանան մեզ` Արցախի վերաբնակեցման, վերաշինութեան համար փոխշահաւէտ ներդրումներ անելով», զրոյցը եզրափակեց Բենիամին Պչաքճեանը:

ԱՌԻ` «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) հիմնադրամի գործունէութեանը բոլորը կարող են ծանօթանալ ընկերութեան պաշտօնական էջի միջոցով:

ՎԱՐԴԻՆԷ ԻՍԱՀԱԿԵԱՆ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here