ՈՐՏԵՂ ԷԼ ԽԱՉ Է ՀԱՆՈՒՄ, ԱՌՋԵՒՈՒՄ ՅԱՌՆՈՒՄ Է ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔԸ…

0
330

ՆՈՐ ՅԱՌԱՋ -ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

Գրեց՝ ՎԱՐԴԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ *

Հետաքրքիր գիրք է ստեղծել Անժելա Սահակեանը՝ «Իրական պատկերներ»: Եւ թէպէտ հեղինակի հերոսները հիմնականում աշխարհի տարբեր ծագերում, ճակատագրի բերումով, ցրուած հայորդիներ են, բայց իւրաքանչիւր տողի, բառի, մտածումի խորքից ընթերցողին ներկայանում է ինքը՝ Անժելան, նուիրեալ ու անաղարտ Հայուհու կերպարով: Նա ինձ յիշեցնում է հայրենի Արցախում, աւելի կոնկրէտ՝ ծննդավայր Վանքում հրաշակերտ մատուռ ու եկեղեցի կառուցած այն վարպետներին, որոնք, սրբատաշ քարը պատին դնելուց առաջ, ոչ միայն շոյում էին ափի մէջ, ծանր ու թեթեւ անում, այլեւ իրենց հոգին էին դնում նրանում, որ դարերի մէջ մնայ անխաթար: Այսինքն, ոչ միայն սովորական պատ էին շարում, այլեւ քարերից ամրոց էին հիւսում, կերտում էին հոգեւոր տուն՝ ամրութիւն տալով նրան, քանի որ մտքի հեռու մի ծայրով տեսնում էին նաեւ մեր աշխարհից անպակաս նեռերին, որոնք ամէն վայրկեան պատրաստ են յարձակուելու, աւերելու, թալանելու: Մեր հին վարպետների՝ քարի հանդէպ ունեցած նոյն ակնածանքով է Անժելան դիմում բառերին, գուցէ յաճախ ինքն էլ չգիտակցելով, որ իր ուղին վերածւում է մի բառաճանապարհի, ուր քարտէզագրուել են ճակատագիրը Հայի, Փարիզ հասած Արցախուհու իւրաքանչիւր քայլ ու զգացում, հոգեկան ապրումների մակընթացութիւն ու տեղատւութիւն, ինքնակռիւ ու կարօտ, նուիրում…

Գրքի համար առաջաբանի դեր ստանձնած «Երկու խօսքում» շատ համեստ է ներկայացուած հեղինակը. «Լրագրող Անժելա Սահակեանի անունը հանրութեանը յայտնի է մամուլում տպագրուած, ժամանակի շունչ արտայայտող նրա բազմաթիւ պատմուածքներով, յօդուածներով, հարցազրոյցներով»:

Ես, որ ժամանակին առիթ եմ ունեցել առաջիններից մէկը կարդալ Անժելայի դեռեւս դպրոցահասակ տարիքում գրած գրական ու լրագրական թոթովանքները՝ դրանք տպագրելով «Սովետական Ղարաբաղ» թերթում, ուր աշխատում էի, այսօր գոհութեամբ եմ ուզում գրել նրա տաղանդի մասին, որի առհաւատչեան են Մուշեղ Գալշոյեանին նուիրուած «Բրաբիոն ծաղիկ որոնողը», Սպիտակի երկրաշարժի թեման արծարծող «Հոգին չի մեռնում», արցախեան շարժումը լուսաբանող «Ղարաբաղը մի կակաչ է», «Երկու կրակոց», «Պայքարի բովում», «Ինձ միայն փամփուշտ տուէք» գործերը, որոնցից յառնում են մեր ժողովրդի արժանաւոր զաւակների, ազատամարտի հերոսների լուսեղէն կերպարները: Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւնում աշխատելու տարիներին Անժելան կարողացաւ իր գրչով ու գործունէութեամբ թարմութիւն ու նորութիւն բերել, ընթերցողի ու հեռուստադիտողի մօտ բարձր ճաշակի ձեւաւորմանն էականօրէն մասնակցել իր հեղինակած տեսաֆիլմերով, յօդուածներով, հաղորդումներով:

Ես այստեղ ուզում եմ յիշել Էկզիւպերիի թեւաւոր խօսքը՝ մենք բոլորս գալիս ենք մեր մանկութիւնից: Անժելա Սահակեանի այն գործերը, որոնք մանկութեան աշխարհի հետ արմատական կապ ու առնչութիւն ունեն, գրուած են առանձնակի հմայքով ու ոգեղէն ուժով: Հէնց այդպիսին է «Գանձասար» տեսաֆիլմը, որը նուիրուած է Հայաստանում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունուելու (աշխարհում՝ առաջինը) 1700-ամեակին: Գործ, որը, բնականաբար, լայն ճանաչում բերեց հեղինակին:

«Իրական պատկերներ» գիրքը մեր օրերի տարերգութիւնն է, իւրաքանչիւր յօդուածի, հարցազրոյցի, պատմուածքի, էսսէի տակ գրուած տարեթիւն ու տեղանունն անգամ ներկայացնում են մի հոգեւոր աշխարհագրութիւն, որը նոյնպէս մեր կերպարի ընդգծուած հայկականութեան քիչ տարրեր չի պարունակում: Անժելան Փարիզում յայտնուել է, ինչպէս ինքն է խոստովանում, հանգամանքների բերումով. «Եթէ հնար լինէր կեանքը նորից սկսելու, ես երբեք չէի հեռանայ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՑ»: Եւ հաւատում է ընթերցողը, որ հեղինակը (մանաւանդ՝ նա Գանձասարից է), աշխարհի ո՛ր ծագում էլ ապրելիս լինի, միեւնոյն է, դէմքին խաչ հանելու ժամանակ նրա աչքի առաջ կանգնելու է «հայ ճարտարապետութեան հանրագիտարանը» հանդիսացող (Եակոբսոն) Գանձասարի վանքը: Եւ դա հաստատում է ինքը՝ Անժելան. «Փարիզի մասին իմ պատկերացումները միայն պատմութիւնից, կինոնկարներից էին, այնքան, որքան իմ երեւակայական աշխարհն էր: Ոչ մի բան ինձ չզարմացրեց, անգամ արտառոց երեւոյթները: Իրօք, գեղեցիկ քաղաք է: Ամէնից շատ ինձ հետաքրքրեցին մարդկային խառը տեսակները, եւ այդ պահին փլուեց իմ երեւակայական աշխարհը… Սա՞ է Փարիզը»:

Այո, սա է ե՛ւ Փարիզը, ե՛ւ Ուաշինգտոնը, ե՛ւ Բեռլինը… Ամէն մէկն՝ իր տեղում, իր համար, բայց ոչ մէկն էլ Արցախ չէ: Անժելան «էն գլխից» տէրեանասէր է ու հիմա էլ օտար ափերում յաճախ է արտասանում պոէտի տողերը.-

Վտարանդի, երկրում աղօտ

Լուսե՜ղ, քեզ եմ երազում

Եւ հնչում է, որպէս աղօթք

Արքայական քո լեզուն…

Ինչ խօսք, Փարիզում նոյնպէս արքայական է մեր լեզուն (ինչպէս պարզ դարձաւ գրքում զետեղուած հարցազրոյցներից ու յօդուածներից), իսկ ուժը բխում է հոգեւոր միասնութիւնից՝ շնորհիւ հայկական եկեղեցու. «Այո՛, եկեղեցին միշտ էլ իր շուրջն է համախմբել իր ժողովրդին, դրա համար էլ աշխարհի բոլոր ծագերում Հայը եկեղեցի է կառուցել»: «Եւ երբ բարութիւնը, սէրը, հաւատարմութիւնը մտնեն մեր ընտանիքներ, աշխատանքի վայր, պետական կառուցուածքներ, այն ժամանակ կը հասկանանք, թէ որքան մեծ է հաւատքի ուժը» (2003թ. Ռընէ Լեւոնեան): Կեանքի այս դառը տատանումները, Աստծոյ զօրութեամբ, յաջողութեան ալիքն են վեր բարձրացրել, բայց փոթորկի մէջ մարմինն է կորչում, այլ ոչ թէ հոգին. «Համոզուած եմ, չկայ մի մարդ, որ չսիրի իր հայրենիքը, ծննդավայրը: Եթէ ճակատագիրն ինձ բերել է այս հեռաւոր, օտար ափերը, ապա որեւէ բան չի կարող ազդել իմ հոգեբանութեանը, որքան էլ այն լինի գայթակղիչ կամ էլ անտանելի հիասթափեցուցիչ…»:

Օտար երկրում ազգային ինքնութիւնը պահպանելու համար կարեւոր յատկանիշ է դիմակայելու կարողութիւնը: «Այդպիսի կամք եւ դիմակայելու կարողութիւն ոչ բոլոր ազգերին է բնորոշ,– այսպէս է արտայայտուել Ռընէ Լեւոնեանն Անժելայի հետ ունեցած հարցազրոյցի ժամանակ,– Հայ ժողովրդի լաւագոյն արժանիքներից մէկը դիմակայելու կարողութիւնն է»:

Անժելա Սահակեանի «Իրական պատկերներ» գիրքը արգասիքն է այն բազմամեայ աշխատանքի ու բացայայտումների, որոնցով նա զբաղուել է Ֆրանսիայում՝ մշտապէս լինելով հայկական գաղութի խնդիրների մէջ: Անժելան, լինելով ու մնալով նուիրեալ Հայուհի, ամէն կերպ փորձում է սկզբունքներն ամէն ինչից վեր պահել. «Աշխարհի բոլոր ծագերում յայտնուած Հայերս պարտաւոր ենք սրբութեամբ եւ արժանապատուօրէն կրելու մեր ՀԱՅ լինելու բախտաւորութիւնը»:

Բազմաթիւ Հայեր՝ չգտնուելով մայր հայրենիքում, նրան, սակայն, պահում են իրենց ներսում: Անժելան, անշուշտ, այդ Հայերից է: Նրա գրեթէ բոլոր յօդուածներում Հայը Հայ է, հայկականը՝ կարեւոր ու առաջնային: Նա «Սփիւռքի ցաւը Հայաստանը բարգաւաճ տեսնելն է» հարցազրոյցում անդրադառնում է մի թերթի («Յառաջ»), որը ծնուել է հէնց փարիզեան հայկական գաղութի հետ միասին: Գլխաւոր խմբագիր Արփիկ Միսաքեանի հետ ունեցած հարցազրոյցում Անժելան գրում է՝ այս թերթն է, որ դարձաւ 1923-1924թթ., 1915թ-ի վերաբնակուող ողջ Հայութեան կեանքի ուղեկիցը:

Նմանատիպ հարցազրոյցներից պարզ է դառնում, թէ ինչքան հիացմունք է ապրում հայկական սփիւռքը մայր ժողովրդի յաղթանակներով՝ թէ՛ օտար ափերում, թէ՛ հայրենիքում, եւ դառնանում է նրա դժբախտութիւններով («Ինձ համար Հայաստանը կատարեալ արժէք է, իսկ Կիլիկիան՝ անվերադարձ, կորած արժէք է», «Համազգայինը Հայոց մտքի տաճա՛ր է…») եւ այլն:

«Գանձասարը իմ կեանքի խորհրդանիշն է». Անժելայի այս միտքը հաւաստում է, որ Արցախցին որքան էլ հեռու լինի հայրենի եզերքից, միեւնոյն է, միշտ մնում է արցախական: Քանզի «ով ապրում է անցեալով՝ մի աչքով է կուրանում, իսկ ով մոռանում է անցեալը՝ զոյգ աչքով է կուրանում», ուրեմն, յարգենք մեր անցեալը եւ պայքարենք յանուն ապագայի:

Անժելա Սահակեանի ժողովածուն բովանդակային պարզ ու ինքնատիպ կառուցուածք ունի: Իւրաքանչիւր բաժին ընթերցողին ներկայանում է որոշակի խնդիրների ու հարցադրումների թեմատիկ առանձնայատկութեան մէջ, թէեւ ընդհանուր գծերն ամէնուրեք պահպանւում են: Եւ բաւականին խօսուն են հեղինակի ընտրած վերնագրերը. «Հայրենիքից հեռու՝ հայրենիքի հետ», «Երբ ցաւը դառնում է ցասում», «Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է», «Յոյս հաւատքի համար», «Հոգու հրաշագործ ձայներ», «Ահա այսպիսին են հայ մեծերը», «Արցախ ասելիս սիրտս ցաւով է լցւում»:

Անժելան, կարելի է ասել, գրող-լրագրող է, նա ոչ միայն նիւթին է տիրապետում, այլեւ խորապէս տեղեակ է հայ բազմադարեայ արուեստի ու գրականութեան արմատներին ու նորագոյն ձեռքբերումներին, իսկ սրանք այն էական յատկանիշներն են, որ նրա պատումը դարձնում են աւելի հիւթեղ ու համոզիչ, ընթերցողին վարակում խօսքի ինտելեկտուալ զգացմունքայնութեամբ, հաւատով ու սիրով՝ երկրի ու նրա վաղուայ հանդէպ:

Անժելա Սահակեանի «Իրական պատկերներ» գիրքը, յիրաւի, մի նոր ու գեղեցիկ կամուրջ է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան մէջ. գիրք, որի էջերից մեր աչքի առաջ յառնում են Հայաստանի նուիրեալ զաւակների պայծառ կերպարները, ուղենշում միասնութեան, ազգային հզօր ներուժ մայր Հայրենիքին ու հայ ժողովրդին նուիրաբերելու, ծառայեցնելու, մեր ապագան համատեղ կերտելու գաղափարները:

Փակելով «Իրական պատկերներ» գիրքը, այն պատկերացումն եմ ունենում, թէ նրա հեղինակը՝ Անժելա Սահակեանը, Գանձասար վանքի գմբէթից թռած մի սպիտակ-սպիտակ աղաւնի է, որ Հայոց այբուբենը կտցին ու սրտի մէջ, թռչում է աշխարհից աշխարհ, բարի լուրեր է տանում ամէնուրեք՝ մայր հայրենիքի յաւերժութեան մասին, տարածում լոյս ու խաղաղութիւն: ■

 

______

* ԼՂՀ Գրողներու միութեան նախագահ, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆ.։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here