ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՔԱԲԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԷՏ, ԴՈԿՏՈՐ ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑԻ ՀԵՏ

0
32

«Քորոնա» Ժահրից Խուսափելու Լաւագոյն Ձեւը Կանխարգելիչ Միջոցների Կիրառումն է

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-«Քորոնա» կ՛ամ «Թագ» ժահրը (Corona Virus) նոր չէ: Ին՞չ  ծագում ունի:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- «Քորոնա»ն պատկանում է ժահրի(virus) մի ընտանիքի, որի մէջ մտնում են տարբեր տեսակներ: Ժահրը յատկութիւն ունի փոփոխել գենետիկան տարիների ընթացքում՝ տարբեր ազդեցութիւնների արդիւնքում: Ներկայի «Քորոնա» ժահրը եղել է կենդանիների մէջ, սակայն փոփոխուելով (mutation) սկսել է նաեւ մարդկանց վարակել: Այն նոր չէ, սակայն ներկայումս յայտնաբերուած տարատեսակը նոր է, եւ արտահատուել է անցեալ տարի,  այդ պատճառով էլ կոչւում է COVID19:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են հիմնական ախտանշանները: Կան դէպքեր, երբ վարակակիրը չի զգում մրսածութիւն եւ չունի ջերմութիւն: Ինչպէ՞ս կարող է  հասկանալ, որ հիւանդ է:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.-«Քորոնա» ժահրը կրող մարդկանց 80 տոկոսը ոչ մի ախտանիշ եւ արտասովոր զգացումներ չի ունենում: Կարող են թոյլ զգալ կամ մի թեթեւ հազ ունենալ: Սակայն ծանր դէպքերն արտայայտւում են մարմնի բարձր ջերմութեամբ  (104ից բարձր), շնչահեղձութեամբ, հազով՝ հիմնականում չոր, բայց կարող է լինել նաեւ խորխարտադրութիւն, մարմնի ընդհանուր թուլութիւն եւ մկանային ցաւեր: Շատ քիչ դէպքերում կարող է լինել փորացաւ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Ի՞նչ միջոցներով կարելի է յաղթահարել հիւանդութիւնը, կա՞ն յատուկ դեղամիջոցներ:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.-Ցաւօք, այսօր, այս ժահրի դէմ յատուկ դեղամիջոցներ չկան, եւ առաջարկւում է զուտ օժանդակ խնամքի բուժում: Սա ենթադրում է՝ ջերմութեան դէպքում ջերմը իջեցնող դեղամիջոցներ, եթէ հիւանդը ջրազրկուած է՝ հեղուկ, եթէ թոքերի բորբոքում է, եւ այն աստիճանի է, որ հիւանդը չի կարողանում շնչել՝ օգնում ենք արհեստական շնչառութեան մեքենաներով:

Դեղամիջոցներից օգտուելու դէպքում, պէտք է խուսափել Ադուիլ(Advil), Այբուփրոֆեն (Ibu-profen), Ինդոմետացին (Indo-metacin), ինչպէս նաեւ Էյս-ինհիբիտոր (ACE) inhibitors)  խմբի դեղորայքից, որոնց  օգտագործելիս ժահրը աւելի մեծ հնարաւորութիւն ունի կպչելու թոքային համակարգին: Փոխարէնը, ջերմութեան եւ ցաւերի դէպքում, խորհուրդ է տրւում կիրառել  Թայլենոլ (Tylenol), Պարացետամոլ (Paracetamol): Ցաւօք, հակաբիոտիկները ոչ մի ուժ չունեն ժահրի դէմ: Եւ քանի որ այս պահին «Քորոնա»ի դէմ կոնկրէտ դեղամիջոցներ չկան, չափազանց կարեւորում ենք  կանխարգելումը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կանխարգելիչ ի՞նչ հիմնական միջոցների մասին է խօսքը: Արդեօ՞ք պարզ դիմակներն արդիւնաւէտ են:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- Առաջինը՝ ձեռքերը լուանալ օճառաջրով, եւ սա նոյնքան արդիւնաւէտ է՝ որքան ալկոհոլով մաքրելը: Յորդորում ենք զերծ մնալ հաւաքներից՝ նոյնիսկ ընտանիքի անդամների հետ, հաղորդակցուել  վեց ոտնահետք հեռաւորութիւնից, քանի որ ժահրը հիմնականում տարածւում է օդակաթիլային ճանապարհով: Խնդրում ենք հեռու մնալ մարդկանցից, ովքեր խոցելի խմբում են, այն է՝ 60 տարեկանից բարձր, ունեն խրոնիկ հիւանդութիւններ, օրինակ՝ շաքարախտ, սրտանօթային, երիկամային, իմունային համակարգն ընկճող հիւանդութիւններ: Այս խումբը վարակուելու դէպքում շատ ծանր կը տանի:

Պարզ դիմակները արդիւնաւէտ են, որովհետեւ ժահրը բաւական մեծ չափի է, ինչը նշանակում է, որ պարզ դիմակը կարող է պաշտպանել կաթիլային ճանապարհով տարածուող խոշոր չափի ժահրից: Յատուկ զտիչով (filter) դիմակներն օգտագործում են միայն բուժաշխատողները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մարդիկ օգտւում են նաեւ բուժման ոչ աւանդական, ժողովրդային միջոցներից: Ի՞նչ կարծիքի էք այս մասին:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ – Շատ է խօսւում սխտորի մասին, սակայն ոչ մի տուեալ չունենք, որ սխտորը ինչ-որ ձեւով օգնում է, չնայած  ես իմ հիւանդներին միշտ խորհուրդ եմ տալիս օգտուել: Միւս յաճախ օգտագործուող միջոցն ալկոհոլն է, եւ գիտենք, որ բարձր տոկոսայնութեամբ ալկոհոլը  կարող է սպանել ժահրին: Օրինակ, ժահրը երկաթի մակերեսին կարող է մնալ մի քանի օր, պլաստիկի վրայ՝ մի քանի ժամ, բայց եթէ սովորական ալկոհոլով մաքրենք տուեալ հատուածը եւ թողնենք, որ հինգ րոպէ չորանայ՝ կարող ենք ամբողջովին վերացնել ժահրին:

Պէտք է կոչ անեմ մեր հայրենակիցներին, որ զերծ մնան ժաւելի եւ այլ խառնուրդների, այդ թւում՝ քացախի հետ միասին կիրառումից, որովհետեւ դրանք թունաւոր նիւթեր են արտադրում, որ աւելի վնասակար կարող են լինել թոքերին, քան հիւանդութեան թեթեւ տեսակը: «Քորոնա» ժահրն իր շուրջ ունի իւղային թաղանթ, որը շատ հեշտ կարելի է մաքրել սովորական օճառաջրով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որտե՞ղ կարելի է փորձաքննութիւն (test) անցնել եւ ինչպէ՞ս է այն տեղի ունենում:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.-Փորձաքննութիւնը կատարւում է քթի լորձանքի միջոցով: Եթէ հիւանդանոցում էք գտնւում եւ կասկածներ ունէք՝ փորձաքննութիւն է կատարւում, մինչդեռ բժշկական գրասենեակները, որոնք ներկայումս փակ են, նաեւ դեռ բաւարար հնարաւորութիւն, թեսթերներ չունեն  բոլոր դիմողներին բաւարարելու: Նշեմ, որ փորձաքննութեան համար վճարելու կարիք չկայ, որովհետեւ բժշկական բոլոր ապահովագրութիւնները պարտադիր վճարում են դրա համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Փորձաքննութեան դրական արդիւնքի դէպքում ի՞նչ է սպաւում:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- Վարակուած անձը պէտք է տասնչորս օր մեկուսանայ տանը: Եթէ չի կարող լիովին մենակ մնալ բնակարանում, նախընտրելի է, որ առանձնանայ ընտանիքի այլ անդամներից մի սենեակում, եւ դիմակ կրի: Պէտք է նաեւ յաճախ սրբել շրջապատող իրերի մակերեսը, եւ ձեռքերը լուանալ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Եթէ անհրաժեշտութիւն է առաջանում բուժօգնութեան, ո՞ւմ պէտք է դիմել՝ ընդհանուր բժիշկին, թէ՞ շտապ օգնութեան:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- Եթէ ժահրի վառ արտայայտուած ախտանիշներ չկան, եւ  առկայ է թեթեւ ջերմութիւն ու հազ, ապա՝ կարիք չկայ դիմելու բժիշկի: Այս դէպքում, խորհուրդ ենք տալիս ինքնամեկուսանալ 14 օր, բուժուել եւ վերադառնալ  բնականոն կեանքի: Այդուհանդերձ, եթէ զգում էք մասնագէտի հետ խօսելու կարիք՝ կարող էք դիմել ընդհանուր բժիշկին: Սակայն, եթէ առկայ է շնչահեղձութիւն, բարձր ջերմութիւն՝ պէտք է անյապաղ հիւանդանոց գնալ:

Միաժամանակ, կը ցանկանայի նշել Գլենդելում գործող Թոքերի կենտրոնի մասին (Lung Center), որտեղ ես նաեւ աշխատում եմ: Այստեղ մատուցւում է թոքերի հետ կապուած բոլոր տեսակի ծառայութիւններ: Այս օրերին, թէեւ հիւանդների ֆիզիկապէս չենք ընդունում, բայց ունենք, «թելեմեդիսին»ի տարբերակը, երբ հիւանդը տանից կարող է կապուել մեր հետ հեռուստատարբերակով եւ բժիշկից ստանալ անհրաժեշտ խորհրդատուութիւն, կարող ենք դուրս գրել համապատասխան դեղամիջոցներ: Ժամադրութեան համար կարելի է զանգահարել 818-637-2200 հեռախօսահամարով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Դուք աշխատում էք Լոս Անջելեսի երեք հեղինակաւոր հիւանդանոցներում: Ձեր կարծիքով պատրա՞ստ են արդեօք բուժհաստատութիւններն ընդունել մեծաքանակ թուով հիւանդների:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- «Ադուենթիսթ Հելթ Գլենդել», «Գլենդել Մեմորիալ» եւ  «USC Վերդուգոյ Հիլզ» հիւանդանոցներում, որտեղ աշխատում եմ, մեծ պատասխանատուութեամբ պատրաստւում են, եւ կան համապատասխան արհեստական շնչառութեան սարքեր, դեղորայք: Բուժանձնակազմը գործում է քսանչորսժամեայ արտակարգ ռեժիմով՝ լիովին գիտակցելով պահի լրջութիւնը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-«Քորոնա» ժահրով պայմանաւորուած, նոր կենսաձեւի, սոցիալական հարթակների եւ լրատուամիջոցների միջոցով տարածուող երբեմն չստուգուած տեղեկատուութեան արդիւնքում, առաջանում են նաեւ հոգեբանական խնդիրներ, խուճապ հանրութեան շրջանում: Ի՞նչ խորհուրդ կը տաք մեր համայնքին:

ԼՈՒՍԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆՑ.- Խօսելով մեր ազգի մասին, յիշենք, որ հայ ժողովրդի տարբեր հատուածներ տարբեր ժամանակներում բազմաթիւ խնդիրներ են յաղթահարել: Սա էլ հերթական մարտահրաւէր է, որ նոյնպէս կը յաղթահարենք:  Աշխարհի բուժաշխատողները, գիտահետազօտական կենտրոնները գիշեր ու ցերեկ աշխատում են դեղամիջոցներ եւ  պատուաստանիւթ գտնելու ուղղութեամբ: Մինչ այդ, մենք էլ պէտք է պահպանենք  կանոնները եւ զօրացնենք մեր իմունային համակարգը՝ առողջ կենսակերպով ու սննդակարգով: Բնականոն կեանքի ընթացքից շատ չհեռանալու եւ խուճապահարոյց պահերից խուսափելու համար, կարելի է քայլել ոչ շատ մարդաշատ վայրերում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here