ՎԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԸ ՇԱՏ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԸ…

0
418

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ- ԱԶԳ

Առողջապահության բնագավառի տարբեր ներկայացուցիչների հետ օրերս ունեցածս զրույցից ստացա տպավորություն, որ ներկա համաճարակի դեմ պայքարի կազմակերպիչների մեջ, բացի չինովնիկներից, համեմատաբար մեծ է թիվը վարակաբանների (ինֆեկցիոնիստներ), իսկ համաճարակաբաններինը հավասար է զրոյի։

Անշուշտ, ասում են զրուցակիցներս, Covid-19 համաճարակը աննախադեպ եւ գիտությանը դեռեւս լրիվ անծանոթ երեւույթներ է առաջադրում համաճարակաբանների համար, սակայն վերջինների խոսքն ու գիտելիքները համենայնդեպս շատ օգտակար կարող են լինել եւ նույնիսկ, որոշ դեպքերում, արդյունավետ։

Իմ հարցին, թե ո՞րն է պատճառը մեր երկրում համաճարակի դեմ պայքարում համաճարակաբանների չընդգրկելու, բժիշկներից մեկն ասաց, դառնությամբ, որ Հայաստանում համաճարակաբանությունը ընդհանրապես արհամարհված մասնագիտության համբավ ունի, մի տեսակՙ ավելորդ մասնագիտություն, որը եկամուտ չի բերում ապագա մասնագետին։ Այսինքնՙ շահագրգռություն չկա։ Նրա կարծիքով, միայն Երեւանի Ամերիկյան համալսարանում է որպես կարեւոր առարկա դասավանդվում դա, այն էլՙ հանրային առողջապահություն (PUBLIC Health) մասնագիտության գծով։

Մեկ այլ բժիշկի կարծիքով էլ, հանրային առողջապահություն մասնագիտությունը մեր երկրում ընդհանրապես չի կարեւորվում վերոհիշյալՙ նույն պատճառով. որեւէ ուսանող յոթ տարի չի սովորի համալսարանում ընդամենը սանէպիդկայանի բժիշկ դառնալու համար։

Մնում է, եզրակացրին իմ զրուցակիցները, որ համաճարակաբանության ու հանրային առողջապահության մասնագետներին գոնե այսուհետեւ, երբ կորոնավիրուսը <<քանդում է մեր եւ բոլորի տունը>>, մեր պետությունը հատուկ ուշադրության պետք է արժանացնի եւ համապատասխան գումարներ հատկացնի այն մրցակցային մասնագիտության վերածելու համար։

Ներկա օրերը փաստեցին, որ այս պարագայում ճիշտ է հնագույն ասույթըՙ «մի՛ խնայիր այսօր, որ չմսխես վաղը»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here