Վարչապետի մամուլի խոսնակն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը

0
211

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գևորգյանը Վեհափառի հայտարարությանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

«Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և, չնայած քննչական մարմնի պահանջին, և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Ապրիլի 14–ին News.am կայքը հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

 

https://armenpress.am/arm/news/1012202.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here