ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը

0
188
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Հայաստանի մյուս քաղաքացիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության մասին հարցին:
Լրագրողը նկատեց՝ պետությունը և եկեղեցին անջատ են, հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ եկեղեցին արդյոք միջամտո՞ւմ է պետության գործերին:
«Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը չցանկացավ այս թեմայով լրացուցիչ որևէ բան ասել: Նա նկատեց՝ ցանկացած նոր բան կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին, իսկ այս պահին դա պետության և ազգի  համար օգտակար չի լինի: «Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»,-նշեց Միրզոյանը:
Ապրիլի 14-ին News.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
Աննա Գրիգորյան

https://armenpress.am/arm/news/1012528.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here