Ռոպոթացում

0
225

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների դոկտոր

Աշխարհն այսօր եթէ շուռ էլ չի եկել, ապա շուռ գալու վրայ է: Շրջուած աշխարհի կերպարը գործում է մարդկութեան դէմ: Վերջին ժամանակներս հեռուստաէկրանին տեսնում ենք երիտասարդ մի մարդու, այսօրական սանրուածքով, թւում է հէնց նոր է դուրս եկել «Տոմա» գեղեցկութեան սրահից, մանրամասնօրէն շպարուած, գլուխն անվերջ շարժում է աջ ու ձախ, սառն աչքերով նայում քեզ եւ կարծես ասում է` ես քեզնից լաւն եմ ու խելացի, դու անցեալ ես, ես` ներկայ: Այս մատամը թէ մատմուազելը ռոպոթ է, նրան ինձ նման մարդիկ են ստեղծել: Ես տխրում եմ ու մտահոգւում այս աստիճանի գիտատեխնիկական զարգացումից, որը նաեւ բնութեան դէմ է, բանական լինելով հանդերձ` ի վերջոյ դառնում է հակաբանական երեւոյթ: Միշտ կարծել եմ` բանականութիւնն ուղղուած է զգացմունքների պահպանութեանն ու խորացմանը, սակայն դիտելով ռոպոթի գործողութիւնները, միտքս թեքւում է հակառակ կողմ` բանականութիւնն ընդդէմ զգացմունքների եւ ամենանուիրական զգացմունքի` լուսաւոր ու աստուածային սիրոյ: Ինչպիսի կատարեալ մարդ-ռոպոթ էլ ստեղծենք, գիտատեխնիկական հրաշքներն անգամ ի վիճակի չեն նրան սէր եւ հոգեղէնութիւն ներարկելու, նա մշտապէս պիտի լինի անսէր ու հոգեզուրկ, հետեւաբար, ինչպէս Թումանեանն է ասել մէկ այլ առիթով. «Եւ հեռու է մինչեւ մարդը իր ճամբան», մի հեռաւորութիւն, որ հնարաւոր չէ յաղթահարել տիեզերական ժամանակի ու տարածութեան մէջ:

Բայց, ինչ ասել կ՛ուզէ, մենք` ժամանակակիցներս, գտնուելով տիեզերքում, տիեզերական արժէքներով ու չափանիշներով չենք ղեկավարւում, այլ` մեր անցողիկ կեանքի նիւթական օգտապաշտութեամբ:

Անցեալ դարի սկզբին Է. Ռեզերֆորտը եւ Ն. Բորը մտայղացան մինչ այդ անտրոհելի համարուող հիւլէի մոլորակային մոտելը: Դա աննախադէպ մեծ ու յեղափոխական գիւտարարութիւն էր, որը զարկ տուեց հիւլէական բնագիտութեան զարգացմանն ու նոր բացայայտումներին: Շուտով ուրանի հիւլէական ճեղքման միջոցով ստեղծուեցին աթոմաջրածնային ռումբերը: 1945-ին Ամերիկան հիւլէական ռումբ նետեց ճափոնական Հիրոշիմա եւ Նաքազակի քաղաքների վրայ, մեռան ու մահացու ճառագայթուեցին հարիւր հազարաւոր մարդիկ, ողբերգական հետեւանքներն զգալի են մինչեւ օրս: Ի վերջոյ, այդ ռումբի հայրերը հասկացան, թէ միլիոնաւոր տարիներ քնած հիւլէի բարի նպատակով արթնացումն իրենց մտքի անօրինակ գործողութեամբ` ինչպիսի չարիք է նախապատրաստում մարդկութեան ու աշխարհի համար: Նրանցից գրեթէ բոլորն ապաշխարեցին Աստծոյ առջեւ ու անցան անվտանգ գիտափորձերի, նմանապէս` ակադեմիկոս Սախարովը, որը դարձաւ ամբողջատիրական կայսրութեան մէջ այլախոհ մարդու եւ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան դրօշակակիր, այդ թւում նաեւ հայ ժողովրդի, եւ արժանացաւ խաղաղութեան Նոպելեան մրցանակի:

Սակայն ռումբն արդէն կար եւ կատարելագործւում էր, ձեռք բերում աւելի հզօր կործանարար ուժ, որոշ երկրներ խաղաղութիւն գոչելով, պատրաստւում էին նոր առճակատման: Երկու գերհզօր տէրութիւնները` Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը, աշխարհն իրենց օգտին նորովի քարտէսագրելու, այլոց իրենց ազդեցութեանը ենթարկելու նպատակով զինւում հա զինւում են, երբ մէկը նոր զէնք է հնարում, միւսն իսկոյն ստեղծում է դրան հակազդող զինատեսակ, ով` աւելի հզօր ու մահաբեր, վերջ չկայ: Այսօր աշխարհում այնքան զէնք է կուտակուել, որ կարելի է մի քանի անգամ կործանել Երկիր մոլորակը: Այդ ֆինանսական միջոցները, որ հնարաւոր չէ չափակշռել, եթէ ուղղուէին ժողովուրդների բարեկեցութեանը, մեր մոլորակը տիեզերքում դրախտավայր կը դառնար, այնինչ մենք այն դժոխացնում ենք: Կարծում եմ, ամէն գիտութիւն նախ եւ առաջ պէտք է լուծի բարոյական խնդիր, իր գլխաւոր դրսեւորումներով լինի մարդամօտ ու մարդասէր, հոգ տանի մարդկանց մասին:

Ես մարդ-ռոպոթին դիտում եմ իբրեւ հակամարդու: Եթէ մի օր, բացառուած չէ, ռոպոթաշինարարներին յաջողուի անսէր կին ռոպոթին օժտել նաեւ յղիանալու եւ ծննդաբերելու յատկութիւններով, որի արդիւնքում աշխարհ կը գան երեխայ ռոպոթիկներ, կը շատանան ու կը հալածեն բնական մարդկանց, հաւատացէք` դա կը լինի հիւլէական ռումբից աւելի ահեղ ու կործանարար պայթիւն: Արդէն մտայղացում կայ` ստեղծելու անհայրենիք ռոպոթ-բանակներ, որոնք կը ղեկավարուեն հզօր կեդրոններից` ի շահ իրենց աշխարհակալութեան: Տեսնո՞ւմ էք, ինչպէս բանաստեղծն է նկատել` ոչ թէ աշխարհը շալակած տանել, այլ ելնել շալակն աշխարհի, ասել է` մարդկութեան շալակը, իր ծանրութեամբ ճզմել սիրոյ ու բարութեան ամէն դրսեւորում, մարդկանց եւս ռոպոթացնել, որ հեշտ լինի նրանց ենթարկելու իրենց սատանայական կամքին:

Խնդրում եմ, յանկարծ չմտածէք, թէ ես հակառակ եմ գիտատեխնիկական զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտներին, ո՛չ, քանի դեռ դրանք նպաստում են մարդկանց կեանքի բարեշրջութեանը` ո՞վ կարող է դէմ լինել, շեշտեմ` քանի դեռ: Հին չինացին իմաստուն էր` մարդը պիտի համահունչ լինի բնութեան հետ, բայց հէնց խախտւում է հաւասարակշռութիւնն ընդդէմ մարդու եւ յօգուտ ինքնաբաւ արհեստագիտութեան ու արհեստական բանականութեան, ընդդէմ մարդկային բնութեան, այժմ էլ ուշ չէ լրջօրէն մտահոգուելու, այս ի՞նչ ենք գովազդում, այսպէս ո՞ւր կը հասնենք: Պատասխանեմ. կը յանգենք համատարած ռոպոթացման: Ինքնազսպման, ցանկութիւնների սահմանափակման, կանգ առնելու ժամանակը չէ՞: Թէ՞ մենք արդէն կորցրել ենք մեր բարոյական արժէքներն ու յիշողութիւնը եւ դարձել մանկուրտ: Ես հին մարդ եմ, սակայն, հաւատացէք, հնամոլ ու հնաոճ չեմ, լաւ գիտակցում եմ զարգացման, փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը, չի կարելի տեղում հա դոփել, թէ չէ կը ճահճանաս ու կը խօսես գորտային լեզուով, թէ՛ գրականութեան եւ թէ՛ գիտութիւնների տիրոյթում, բայց ինձ հոգեհարազատ է Յակոբ Պարոնեանի գիտակցումը` «Ետեւդ նայէ, որ առջեւդ տեսնիս», այո՛, հնարաւոր չէ առաջ ընթանալ առանց ետ նայելու, ոտքդ քարին կ՛առնի եւ բերանքսիվայր կը տապալուես ու չես բարձրանայ, սովորիր մարդասէր քաղաքակրթութիւնից:

Այսօր ամբողջ աշխարհում ոչ թէ կարեւոր, այլ գլխաւոր դերակատարութիւն ունեն բջջային հեռախօսը, համացանցն ու հեռուստացոյցը: Ինչո՞ւ դասախօսութիւն սղագրեմ ու կատարելագործեմ գրաւոր լեզուս, հեշտ ու հանգիստ կը ձայնագրեմ հեռախօսիս մէջ: Ինչո՞ւ գրականութիւն ուսումնասիրեմ, չէ՞ որ համացանցում ամէն բան էլ կարճ ու կտրուկ գոյութիւն ունի: Շաբաթներով ինչո՞ւ նստեմ կարդամ, օրինակ, «Պատերազմ եւ խաղաղութիւն»-ը, աչք քոռացնեմ, աւելի լաւ է դիտեմ հեռուստաֆիլմը, հա՛մ հաճոյք է, հա՛մ էլ ժամանակի խնայողութիւն: Այս արհեստագիտական միջոցները, այո՛, զգալիօրէն հեշտացրել են մարդու կեանքն ու կենցաղը, եւ, սակայն, նրան ծուլացրել ու օտարել ստեղծագործ աշխատանքից` բազմաթիւ տխուր հետեւանքներով: Վկայական ենք ստանում` առանց գիտելիքների: Գիտական թեզեր ենք պաշտպանում` չլինելով գիտնական: Ի վերջոյ, կեանքը թեւակոխում է մտաւոր աղքատութեան ու հոգեզրկութեան շրջափուլ: Գուցէ սա էլ է աշխարհի հզօրների կողմից ծրագրուած կլոպալ քաղաքականութեան մի ճիւղը, որին կամայ-ակամայ նպաստում են տաղանդաւոր շատ տեխնոկրատներ:

Գիտական միտքն ունի երկու մեծ ու համապարփակ ուղղութիւն` բնական գիտութիւններ (բնագիտութիւն, քիմիագիտութիւն, ուսողութիւն եւ այլն) եւ մարդկային (գրականագիտութիւն, լեզուաբանութիւն, արուեստաբանութիւն®): Մեր արհեստագիտական դարում աւելի սեւեռուն վերաբերմունք ունենք բնականների, քան մարդասիրականների հանդէպ, կարծես վերջինս առաջինի աղախինը լինի, կցորդն ու արհամարհուած ծառան: Եւ պահանջարկն էլ բնական գիտութիւնների օգտին է, որովհետեւ, գիտէք ինչ, նա է ռումբեր ու ռոպոթ ստեղծում, արդիական զինատեսակներ, մարդկային գիտութիւնները, կարծում են, ի վիճակի չեն փոխելու մարդու կեանքը: Իսկ ես մտածում եմ` հէնց հումանիտարներն են կեանքը բարեշրջում, մեզ դարձնում հարուստ ներաշխարհով բանական մարդ եւ ձեւակերպում մեր գոյութեան փիլիսոփայութեան հիմունքները: Ի՞նչ հակակշիռ կարող էք ցոյց տալ Հոմերոսի, Նարեկացու, Շէյքսփիրի գրականութեանը, որոնք այսօր էլ մարդուն մարդ են պահում, ազգաշինութեան գործում բնական ի՞նչ գիտութիւն հնարաւոր է հակադրել Րաֆֆուն եւ Թումանեանին, հիւլէական բնագիտութի՞ւնը, չէ՛, բարեկամներ, Թումանեանի ոսկին կարելի է կշռել միայն Թումանեանով:

Մարդկային գիտութիւնների եւ յատկապէս գրականութեան ու արուեստների նկատմամբ ուշադրութեան նուազումը, վերջինները եւս գիտութիւն են` խարսխուած հոգեղէնութեան վրայ, մեզ հեռացնում են ամենաանյատակ զգացմունքից, որ լուսաւոր սէրն է, մութ ատելութեան հակակշիռը, սէր կեանքի, բնութեան, աշխարհի, կին թէ տղամարդ էակի հանդէպ: Անսէր հոգուց վախեցիր, նա կարող է լինել անտարբեր, ընչաքաղց, գող, մարդասպան, Աստծուն թշնամի եւ սատանային կողակից: Սա ես չեմ ասում, այլ` մարդկութեան փորձն ու յիշողութիւնը: Միայն սէրն է դրական արժէք ստեղծում: Մի վէպ, ի հարկէ մեծատառ վէպ, նոյնիսկ մէկ ընտիր բանաստեղծութիւնը, նկար ու երգ, պար ու ճարտարապետութիւն մարդուն աւելի են մարդկայնացնում, քան հիւլէի ճեղքումը, բոլոր ռումբերն ու զէնքերը միասին վերցրած: Դարի հետ լինելով` ես դարի այս աստիճանի գիտատեխնիկական զարգացածութեանը, կը ներէք, դէմ եմ, ինչպէս, կարծում եմ, շատերը, արդէն իրականութիւն դարձած ռոպոթ մարդը վախեցնում է ինձ եւ, հաւատացէք, շատերին: Ժամանակը չէ՞, վաղուց ժամանակն է երեւոյթները կոչել իրենց իսկական անուններով եւ ելնելով «սովորական» մարդու բնական շահերից, գնահատական ու տագնապ հնչեցնել` դէպի ո՞ւր ենք գնում, դէպի ո՞ւր ենք հրում Երկիր մոլորակը, որը, կարծում եմ, տիեզերքում մարդկութեան միակ տունն է:

Ինչպէ՞ս, ե՞րբ, ինչի՞ց մարդն աշխարհ եկաւ: Գիտութիւնը մի քանի պատասխան ունի, որոնցից եւ ոչ մէկը համոզիչ չէ: Ծիծաղելի է, թէ մարդն առաջացել է կապկից կամ խոզից, իբր սրանք են հիմնաքարը, սակայն բիւրաւոր դարերի ընթացքում ոչ մի կապիկ ու խոզ մարդ չդարձաւ, թէեւ մարդկանց մէջ քիչ չեն կապկախոզային բնաւորութիւնները, սրան-նրան ի զուր չեն ասում` կապկի մէկը կապիկ, կամ` դու խոզ ես: Մնում է կենդանի օրկանիզմի եղափոխական զարգացումը միլիոնաւոր տարիների ընթացքում, տարրական բջջից մինչեւ մարդ: Եթէ հաւատամ այս թեզին, որը, թերեւս, միակ ճշմարիտ գիտական բացատրութիւնն է մեր գոյաստեղծման վերաբերեալ, կարող եմ ասել` մարդն առաջացել է ծաղկից, իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մարդը բնութեան ամենահրաշալի ծաղիկն է ի սկզբանէ եւ ընդմիշտ: Գուրգուրենք նրան:

Կայ նաեւ խնդրի մի հումանիտար, գուցէ ամենաճշմարիտ բացատրութիւնը, որ անում է մարդաբանութիւնը: Չորս վերջոյթներով տեղաշարժուող մարդը, որ պատմականօրէն սկիզբ է, ելման կէտ, վերածուեց ժամանակակից ըմբռնումով մարդու աշխատանքի շնորհիւ, երբ, արդէն հին քարէ դարում (պալեոլիթ) ուղղահայեաց եւ երկու ձեռքերով սկսեց տակաւին պարզամիտ գործ անել: Աշխատանքը դարձաւ նրա մարդկայնացման ուշաբարձութիւն: Այսօր էլ աշխատանքը մեզ մարդ պահելու գլխաւոր միջոցն է, ոչ միայն ֆիզիքական շարժումներով իրականացուող աշխատանքը, այլեւ` մտակոր ու հոգեղէն: Աշխատել` նշանակում է մի բան ստեղծել, որ քիչ առաջ բացակայ էր, իսկ այժմ ներկայութիւն է եւ հարստացնում է մեզ: Եթէ ռոպոթները, Աստուած մի արասցէ, մի օր լրիւ կամ մասնակիօրէն փոխարինեն մարդկանց` նրանց վտարելով ստեղծարար աշխատանքից, կեանքը կը ռոպոթանայ: Քայլելիս մենք պէտք է նայենք ոչ միայն հոսող ժամանակի ոտքերի տակ` լինել մոտայիկ, այլեւ աւելի մեր նայուածքն ու հայեացքն ուղղենք հորիզոններին` այնտեղ ինչ կարող է պատահել մեզ հետ: Իսկ ենթադրել, մինչեւ իսկ գիտական մակարդակով, դժուար չէ. աշխատազուրկ մարդը կ՛այլասերուի: Կարող էք ասել` ռոպոթն էլ է օգտակար արդիւնք ստեղծում, մանաւանդ` արագ, էժան ու որակով, բայց եթէ լինենք գոնէ մի քիչ իմաստասէր, պիտի ասենք` դա մեքենայի ստեղծած արտադրանք է, զուրկ մարդկային հոգու միջամտութիւններից, հետեւաբար, մեղմ ասած, ոչ այնքան օգտակար: Մեծանուն Ֆիշըրը ճատրակ խաղաց մեքենայի հետ, եւ, որքան յիշում եմ, խաղն աւարտուեց ոչ-ոքի, սակայն եթէ նա նոյնիսկ պարտուէր, նա էր յաղթողը, որ մեքենային թոյլ չտուեց իրեն յաղթել: Օգտապաշտութիւնը ոչ միշտ է օգտակար, այն անգամ որոշ դէպքերում վնասակար է` վկան ներկայիս մեր անձնական ու հասարակական կեանքը: Թոյլ տուէք նայել առաջ եւ երեւակայութեանս ստիպել տեսնելու այն աղէտալից ժամանակը, երբ ռոպոթ մեքենան վէպ կը գրի, նկարչութիւն կ՛անի, թատրոն կը խաղայ, սիմֆոնիա կը ստեղծի, որը կը կատարի ռոպոթներից բաղկացած սիմֆոնիկ նուագախումբը` ռոպոթ դիրիժորի ղեկավարութեամբ: Հիւանդ երեւակայութիւն չէ, ժամանակն իր շավղից վաղուց դուրս է սայթաքել, մի երեք հարիւր տարի առաջ ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ տիեզերքում երկրային արբանեակներ են պտտուելու: Դարերն անցնում են վայրկեանի պէս: Ամէն վայրկեան պէտք է չափազանց զգուշ լինել` չխաթարելու մարդկային բնութիւնը:

Այս մտազննումներն ուրախ չեն, իսկ եզրակացութիւնն` աւելի տխուր` աշխարհի եւ Հայաստան երկրիս համար: Երբ մեր ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովներում, արդէն վաղուց, գրեթէ ոչ մի էական խօսք չի հնչում մարդկային գիտութիւնների ու գեղարուեստական մշակոյթի, ազգապահպանման տիրոյթում դրանց պատմական դերի ու նշանակութեան մասին, այլ թեթեւակի գծագրւում են գլխաւորապէս արհեստագիտական ծրագրեր, երբ այսօր տնտեսական յեղաշրջումների ջատագովներն ամբողջ աշխարհում սահմանափակւում են միայն ու միայն արհեստական բանականութեան, բարձր արհեստագիտութիւնների քննարկմամբ եւ նորանոր պիզնես ֆանտազիաներ անում, մոռանալով մարդկութեան հոգեղէն հարցերը, ես նայում եմ հայելուն ու ինձ չեմ ճանաչում: Պատմութիւնը վկայում է` շատ վերակառուցումներ նախապատրաստել են արուեստի ու փիլիսոփայութեան մարդիկ, օրինակ, եթէ չլինէին գրողներն ու նկարիչները, հազիւ թէ տեղի ունենար ֆրանսական մեծ յեղափոխութիւնը, որն աշխարհ շրջեց: Ծանրակշիռ եղաւ ռուս բանաստեղծների, մտքի մարդկանց, կերպարուեստագէտների նշանակութիւնն անցեալ դարասկզբի ալեկոծումներում, նրանք հեղինակեցին կայսրութեան նոր գաղափարախօսութիւնը, որը, ցաւօք սրտի, շուտով աղաւաղուեց հասկանալի պատճառով: Իսկ մեր պատմական Թաւշեայ յեղափոխութեան արմատը, իմանանք, 1960-ական թուականների ազգային զարթօնքն է` Պարոյր Սեւակով եւ ստեղծագործ մտաւորականութեան ու երիտասարդութեան նուիրումով համակ կեանքի վերակառուցմանը: Տեսնենք եւ սիրենք նրանց: Եւ գիտակցենք նրանց բարձր նշանակութիւնը: Առանց այդ դասակարգի` լուսաւոր ապագայ հազիւ թէ լինի:

Երեւան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here