Հայոց ցեղասպանության հարցը շոշափվում է և՛ Հայաստանի, և՛ սփյուռքիգրականությունում. Միլիտոնյան

0
739

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը, խնդիրները մշտապես արծարծվել և շոշափվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ստեղծված ու ստեղծվող գրականությունում:

Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արևմտահայ գրականությունը Եղեռնից հետո հիմնականում շարունակվեց սփյուռքում, որի հիմնական թեման ցեղասպանությունն էր: Ցեղասպանությունից մազապուրծ գրողները, որոնք հաստատվել էին օտար երկրներում, գրում էին կորուսյալ հայրենիքի, կարոտի մասին վերլուծական, դատողական, աշխարհին դիմող նյութեր ու ստեղծագործություններ: Հետո եկավ մի սերունդ, որը ծնողներից էր լսում Հայոց ցեղասպանության մասին: Մի մասը գրում էր հայերեն, մյուս մասը՝ օտար լեզվով, հետո արդեն եկավ մեկ այլ սերունդ, որը տատերից, պապերից լսածն է գրում»,- նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ նման գրողներ են Վարուժան Ոսկանյանը, որը գրել է «Շշուկների մատյան» գիրքը,  «Ավազի ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանը և այլք:

Միլիտոնյանը շեշտեց, որ Խորհրդային Միության տարիներին Չարենցի, Իսահակյանի բանաստեղծություններն էին շոշափում Հայոց ցեղասպանության թեման: «Չարենցի ողբերգական մահից հետո Իսահակյանը և հետո Մահարին անդրադարձան հարցին: Նրանցից հետո՝ Շիրազը, Զարյանը, Սևակը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Ստեփան Ալաջաջյանը, Հրաչյա Քոչարը, հետո՝ Մուշեղ Գալշոյանը, Ռազմիկ Դավոյանը և այլք»,-ասաց գրողների միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը հավելեց, որ նրանց հետևել է նաև իրենց սերունդը՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելով և՛ պոեզիայում, և՛ արձակում: «Ղուկաս Սիրունյանը, ես, Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Վահագն Գրիգորյանը և այլք: Այս թեման գնալով նոր գույներ, նոր խորություններ  է ստանում: Ազգային նկարագրի, ազգային մտածողության մեջ Հայոց ցեղասպանության թեման վճռական է»,- եզրափակեց Միլիտոնյանը:

Անժելա Համբարձումյան

https://armenpress.am/arm/news/1013187.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here