Աշխարհն ու ողջ հայությունը հիշատակում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

0
657

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, սակայն, 2020թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։ Հայության միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ այս տարի կապահովվի այլ եղանակով. քաղաքացիները Հայաստանից և Արցախից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և արտասահմանից՝ +37433191500 հեռախոսահամարին, իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

ՃԱՆԱՉՈՒՄ

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր 

  • Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև – 13 փետրվարի, 2020թ.
  • ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև – 12 դեկտեմբերի, 2019թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև – 30 հոկտեմբերի, 2019թ.
  • Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ – 26 ապրիլի, 2019թ.
  • Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը – 10 ապրիլի, 2019թ.
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին – 10 ապրիլի, 2019թ.
  • Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև – 26 ապրիլի, 2017թ.
  • Դանիայի խորհրդարանի բանաձև – 26 հունվարի, 2017թ.
  • Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում – 14 հոկտեմբերի, 2016թ.
  • Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև – 01 օգոստոսի, 2016թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև – 02 հունիսի, 2016թ.
  • Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև – 29 հոկտեմբերի, 2015թ.
  • Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև – 24 հուլիսի, 2015թ.
  • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև – 29 մայիսի, 2015թ.
  • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև – 6 մայիսի, 2015թ.
  • Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ – 24 ապրիլի, 2015թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն – 23 ապրիլի, 2015թ.
  • Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ – 22 ապրիլի, 2015թ.
  • Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ – 15 ապրիլի, 2015թ.
  • Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ – 14 ապրիլի, 2015թ.
  • Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև – 14 ապրիլի, 2015թ.
  • Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ – 12 ապրիլի, 2015թ.
  • Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր – 27 նոյեմբերի, 2014թ.
  • Շվեդիայի խորհրդարանի բանաձև – 11 մարտի, 2010թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում – 4 մարտի, 2010թ.
  • ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում – 19 նոյեմբերի 2007թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում – 10 հոկտեմբերի, 2007թ.
  • Չիլի, Սենատի որոշում – 7 հուլիսի, 2007թ.
  • Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2007թ.
  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.
  • Լիտվա, Ասամբլեայի որոշում – 15 դեկտեմբերի, 2005թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում – 28 սեպտեմբերի, 2005թ.
  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում – 14 հուլիսի, 2005թ.
  • Գերմանիա, Խորհրդարանի որոշում – 15 հունիսի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում – 20 ապրիլի, 2005թ.
  • Լեհաստան, Խորհրդարանի որոշում – 19 ապրիլի, 2005թ.
  • Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում – 21 դեկտեմբերի, 2004թ.
  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում – 30 նոյեմբերի, 2004թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.
  • Արգենտինա, Սենատի հռչակագիր – 31 մարտի, 2004թ.
  • Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004թ.
  • Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004թ.
  • Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում – 16 դեկտեմբերի, 2003թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում – 20 օգոստոսի, 2003թ.
  • Կանադա, Սենատի որոշում – 13 հունիսի, 2002թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում – 28 փետրվարի, 2002թ.
  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին – 27 սեպտեմբերի, 2001թ.
  • Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում – 26 սեպտեմբերի, 2001թ.
  • Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001թ.
  • Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում – 16 նոյեմբերի, 2000թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում – 15 նոյեմբերի, 2000թ.
  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000թ.
  • Լիբանան, Խորհրդարանի որոշում – 11 մայիսի, 2000թ.
  • Շվեդիա, Խորհրդարանի զեկույց – 29 մարտի, 2000թ.
  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ – 28 մայիսի, 1998թ.
  • Բելգիա, Սենատի որոշում – 26 մարտի, 1998թ.
  • Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում – 3 ապրիլ, 1997թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996թ.
  • Հունաստան, Խորհրդարանի որոշում – 25 ապրիլ ի, 1996թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշում – 23 ապրիլի, 1996թ.
  • Ռուսաստան, Դումայի որոշում – 14 ապրիլի, 1995թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում – 5 մայիսի,1993թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում – 18 հունիսի, 1987թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 – 12 սեպտեմբերի, 1984թ.
  • Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում – 29 ապրիլի, 1982թ.
  • Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև – 24 օգոստոսի, 1975թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975թ.
  • Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965թ.
  • ԱՄՆ Սենատի որոշում 359 – 11 մայիսի, 1920թ.
  • ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
  • ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916թ.
  • Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր – 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ
 

  • Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում – 20 սեպտեմբերի, 2016թ.
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն – 24 ապրիլի, 2015թ.
  • Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն – 9 ապրիլի, 2007թ.
  • Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
  • Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
  • YMCA-ի Եվրոպական դաշինք – 20 հուլիսի, 2002թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր – 24 ապրիլի, 2001թ.
  • Մարդու իրավունքների լիգա – 16 մայիսի, 1998թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
  • Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
  • Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ – 24 ապրիլի, 1996թ.
  • Ամերիկայի հրեական համայնքների միություն – 7 նոյեմբերի, 1989թ.
  • ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով – 2 հուլիսի, 1985թ.
  • Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ – 10 օգոստոսի, 1983թ.
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում – 9 դեկտեմբեր, 1948թ.
  • ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց – 28, մայիսի, 1948թ.

Լուսանկարը՝ Արթուր Հարությունյանի

https://armenpress.am/arm/news/1013254.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here