Ի՞նչ տվեց ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

0
655

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որեւէ երկրի, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի հանգեցրել թուրքական իշխանությունների կողմից ճանաչմանը, քանի որ վերջիններիս կարծիքով դա քաղաքական ճնշում է իրենց նկատմամբ։ Սակայն, այդուհանդերձ, պետք է նշենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից Մեծ եղեռնի ճանաչումը բավական լուրջ հաջողություն է եւ հաղթանակ՝ միջազգային ճանաչման գործընթացում։

100-րդ տարելիցից հետո հարց էր ծագում, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ հատուցման ուղղությամբ։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը՝ 2015 թ. հունվարի 29-ի համահայկական հռչակագրով արդեն լուրջ ռազմավարական փոփոխություն կատարվել է պայքարում, ամրագրվել է, որ խնդիրը մեր միայն ճանաչման ու դատապարտման մեջ չէ, այլեւ պահանջատիրության.

«Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարում ձեւակերպման տակ, որն ամրագրված է հռչակագրում, ըստ էության դիվանագիտորեն ձեւակերպված է հենց հատուցման կամ պահանջատիրության պահանջը։ Ըստ այդմ, բնական հարց է ծագում, թե ինչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։ Անցած 5 տարվա ընթացքում հարյուրամյակից հետո այդ աշխատանքները երկու հիմնական ուղղությամբ են տարվել՝ քաղաքական քարոզչական դաշտում, որն արտացոլվել է մեր լոբբիստական կառույցների, սփյուռքի համայնքների ծավալած գործունեության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նոր բանաձեւերի եւ այլնի մեջ»։

Պատմաբանը շեշտում է՝ խոսքը վերաբերում է Դանիայի, Պորտուգալիայի խորհրդարանների ընդունած փաստաթղթերին, խորհրդանշական էր նաեւ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, ինչպես նաեւ կարեւոր էին ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատի՝ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված համապատասխան բանաձեւերը։

Ա. Մարուքյանը կարեւոր է համարում այս ուղղությամբ ծավալվող աշխատանքները, քանի որ, ըստ նրա՝ այսպիսով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող երկրների ցուցակն ընդլայնվում ու դրանով իսկ սահմանափակվում է Թուրքիայի ժխտողականությունը, որն իրականացվում է պետական մակարդակով։ Այդուհանդերձ, նա շեշտում է, որ այս ճանաչումները Հայաստանի վերջնական նպատակը չեն, բայց շատ կարեւոր նախապայման են՝ նախ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սահմանափակելու առումով. «Այս իրողությունները նաեւ հիմք են դառնալու մեր նոր ռազմավարության հաջորդ քայլի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործության հետեւանքների հաղթահարման կամ հատուցման, պահանջատիրության ուղղությամբ։ Սա պարտադիր, բայց ոչ բավարար պայման Է։ Ինչպես արդեն նշեցի, բանաձեւերի ընդունումը կարեւոր է, բայց մեր վերջնական նպատակը մեծ թվով բանաձեւեր հավաքելը կամ ժողովելը չէ, մեր վերջնական նպատակը հանցավոր պետությանը հարկադրելն է, որ ինքը ճանաչի կատարված փաստը, առերեսվի իր պատմության հետ եւ դրանից բխող հաջորդ քայլը կատարի՝ հատուցման ուղղությամբ, ինչը տեղի ունեցավ, օրինակ, Գերմանիայի պարագայում։ Գերմանիան ճանաչեց հրեա ժողովրդի Հոլոքոստը, նաեւ այլ ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները»։

Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող նոր բանաձեւերը քաղաքական, քարոզչական ուղղությամբ տարվող աշխատանքներ են։ «Հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատի եւ Սիրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերը ոչ միայն եւ ոչ այնքան հայկական համայնքների եւ լոբբիստական կառույցների աշխատանքի արդյունք էին։ Այս առումով մեծ դեր խաղաց Թուրքիայի հետ բավական սրված հարաբերությունների գործոնը»,–նկատում է պատմաբանը։

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության փաստը հերթական անգամ շահարկվեց, օգտագործվեց Թուրքիային ավելի ցավոտ հարված հասցնելու համար։ Թուրքական իշխանությունների արձագանքը միջազգային հանրությանը, Ա. Մարուքյանի կարծիքով՝ ստանդարտային է. «Հիստերիկ, շոկային վիճակ։ Փորձում են դիվանագետներին հետ կանչել, շանտաժի դիմել՝ ասելով, որ դա կազդի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Նույն արձագանքը եղավ այն ժամանակ, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս հիստերիկ վիճակն անցնելուց հետո վերականգնվում են հարաբերությունները»։

Ա. Մարուքյանը նկատում է՝ որքան էլ հակառակ հայտարարություններ անի թուրքական կողմը, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող չազդել նաեւ նրանց վրա. «Օղակն աստիճանաբար սեղմվում է։ Այս պահին թուրքական իշխանության կողմից մենք դիմադրության, հակադրվելու, անգամ կանխելու, թույլ չտալու բանաձեւերի ընդունման փորձեր ենք նկատում, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ ճանաչումներն իրապես շատ են ազդում նրանց հետագա գործողությունների վրա»։ Անդրադառնալով հարյուրամյակից հետո իրենց գործողության երկրորդ ուղղությանը՝ պատմաբանն ասաց, որ խոսքը գիտական, փորձագիտական աշխատանքների մասին է. «Դրանք, ի տարբերություն այս առաջին ուղղության, այդքան էլ ակնհայտ չեն երեւում, որովհետեւ փորձագիտական մակարդակի հետազոտություններ են։ Փորձ է արվում պատմական փաստերի գիտական հիմնավորումներ գտնել, իրավական նորմերի վրա հիմնավորել մեր պահանջատիրության խնդիրը, հատուցման հասնելու ընթացակարգերը, գործիքակազմը»։

 

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

https://armenpress.am/arm/news/1013331.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here