Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք համամարդկային օրակարգի հարց․ Նիկոլ Փաշինյան

0
690

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության  անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի  կապակցությամբ իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ ապրիլի 24-ն առաջին հերթին հայ ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը: «Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը: Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել: Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը, և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը: Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ կերպով դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին: Այո, մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: «Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր բարեկամների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է  համահայկական ներուժի համախմբմամբ»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ համահայկական ներուժի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով է հնարավոր դա անել, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր: «Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- նշեց Փաշինյանը:

 

https://armenpress.am/arm/news/1013268.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here