Ճանաչում. նվազագույնը, որին արժանի են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերը

0
266

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ազգային լրատվական գործակալությունը հրապարակել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հոդվածը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Օվսաննա Միրխանյանը, Մարի Կիրակոսյանն ու Եպրաքսի Գևորգյանը Հայաստանում բնակվող 1915թ․ Հայոց ցեղասպանության վերջին երեք ականատեսներն են։ Նրանց համար ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, այլև իրենց կորցրած ընտանիքը, հայրենիքն ու մանկությունը՝ կենսագրությամբ անցնող չամոքվող սպին։ Այդ կանանց համար գոյություն չունի Հիտլերի «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները» ցինիկ հարցադրումը, որը որպես ահասարսուռ մի ցուցանակ տեղադրված է Վաշինգտոնի Ողջակիզման Հիշատակի թանգարանում։ Այդ ցուցանակը հիշեցնում է, որ լռությունը, մոռացությունն ու ժխտումը մարդկության դեմ սարսափելի հանցագործությունների կրկնության չարագուշակ հնարավորություն են ստեղծում։

Այսօր Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Պատմաբաններն ու ցեղասպանագետները գտնում են, որ հայերի բնաջնջումը ծրագրվել է մի շարք խնդիրներ լուծելու համար: Օսմանյան ղեկավարությունն արմատախիլ է արել հայ քաղաքական, տնտեսական և մշակութային սերուցքը, տեղահանել է հայերին իրենց պատմական բնօրրանից` նպատակ ունենալով ոչ միայն խուսափել Օսմանյան կայսրության միջազգային պարտավորությունների կատարումից, այլև` համապարփակ քաղաքական և հասարակական բարեփոխումներ իրականացնելուց, որոնց նպատակը պետք է լիներ քրիստոնյա փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու համընդհանուր ազատությունների պաշտպանությունը: Դա հայ ժողովրդի անօտարելի իրավունքն էր, որն Օսմանյան կայսրությունում երբեք էլ չապահովվեց:  Թուրքիան նախընտրեց հայ ժողովրդի կոտորածով ու տեղահանությամբ վերացնել Հայկական հարցը:

Տասնամյակներ շարունակ, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը,  աշխարհի բոլոր ծագերում, հիշում է թուրքական պետության կողմից իրականացված անմարդկային հանցագործությանը զոհ գնացած իր 1,5 միլիոն զավակներին։ Մենք հիշել ենք նրանց անգամ այն դժվարին ժամանակներում, երբ, աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, մեզ փորձել են արգելել հիշելը։ Մենք հիշում ենք այսօր, երբ մարդկության ուշադրությունը սևեռված է աշխարհը պատուհասած համավարակին։ Մենք հիշելու ենք վաղը․ հիշելու ենք, որովհետև համոզված ենք, որ մոռացումը կարող է աշխարհի ցանկացած վայրում կրկին ճանապարհ հարթել այլատյացությունից ու մարդատյացությունից սնվող նոր ոճիրների համար։

Մենք չենք լռում, չնայած շատերն այսօր մեր վիշտը կարողանում են հասկանալ առանց խոսքերի։ Մենք չենք լռում, որովհետև լռությունը վտանգավոր է․ չեն լռում արդարության այն բարեկամները, որոնք հասկանում են՝ լռությունն ավելի վտանգավոր է, քան ցանկացած քաղաքական հետևանք։ Չեն լռում, որովհետև լռությունը ստեղծում է ժխտման հնարավորություն ու անպատժելիության պատրանք։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ողջակիզման վերապրող և Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Էլի Վիզելն ասում էր, որ ժխտ  զոհի կրկնասպանությունն է։ Ժամանակակից աշխարհում, ցավոք, ժխտման ձևերը նույնպես կատարելագործվում են։ Թուրքիայի ժխտողականությունը նոր տեսք է ստացել․ կիսաճշմարտությունների և բացահայտ ստի միախառնում, որն ավարտվում է անբովանդակ արդարացումներով ու տեղի ունեցածի մեղքը դահճից զոհի վրա բարդելու փորձով։ Այս ճանապարհը տանում է դեպի փակուղի, որից դուրս գալու հետևանքը լինելու է ինքնության խորը ճգնաժամը։

Այդ փակուղին արագ հաղթահարելու ու ցեղասպանության հետևանքները վերացնելու ամենագործուն միջոցներից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընթացքն է (այն պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է շուրջ երեք տասնյակ պետություն, ներառյալ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլն), մանավանդ այն պետությունների կողմից, որոնց ժողովուրդներն ունեն համանման պատմական ճակատագիր, որոնք գիտեն, թե ինչպիսի սարսափելի հանցագործություններ կարող է ծնել կույր ատելությունը։ Ժամանակն է, որպեսզի անհատական տեղեկացվածությունը վերածվի հստակ որոշումների։ Ապագայում նման ոճիրները բացառելու համար կարևոր նշանակություն ունի նաև հանրային իրազեկությունը։ Օրինակ՝ 2019թ․ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով ոչ միայն պայքարել ժխտողականության դեմ, այլև խրախուսել ցեղասպանության մասին տեղեկությունների ներառումը կրթական ոլորտում։ Սա է ցեղասպանության հանցագործությանն «այլևս երբեք» ասելու միասնական բանաձևի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։

«Այլևս երբեք»․ միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ պետություններ ու կառույցներ այսօր հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները» անպատկառ հարցը մեկընդմիշտ պետք է փակել մեկ պատասխանով՝ «բոլորս»։

Այսօր Հայաստանում Հայոց ցեղասպանության երեք ականատես է ապրում, սակայն կան միլիոնավոր վերապրողներ։ Մենք հայերս, ամբողջ աշխարհում կրում ենք մեր նախնիների ապրած ցավը, տառապանքն ու սարսափները, մեր սրտերում ու հոգիներում ոչ միայն ապրիլ 24-ին, այլ ամեն վայրկյան, մշտապես։ Ծիծեռնակաբերդի բարձունքում վառվող անմար կրակը բոլորիս սրտում է, մենք հիշում ենք, մենք ոգեկոչում ենք, մենք աղոթում ենք զոհերի հոգիների համար և մենք պայքարում ենք հանուն արդարության ճանաչման»։

https://armenpress.am/arm/news/1013378.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here