Հայկական հետքը և համայնքը Իսպանիայում

0
191

www.civilnet.am- Հայկական հետքը Իսպանիայում սկիզբ է առել հնագույն ժամանակներից։ Շատ է խոսվել Իսպանիայի հյուսիս-արևելքում բնակվող բասկերի հայկական ծագման մասին: 1375-ին, երբ եգիպտական մամլուքները պաշարեցին և գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսը, հայոց Լևոն Զ Լուսինյան արքան գերվեց: Եվրոպական շատ գահակալներ փորձեցին միջնորդել, որպեսզի Եգիպտոսի Մելիք Աշրաֆ սուլթանն ազատ արձակի հայոց թագավորին: Միայն Կաստիլիայի Խուան Ա թագավորը կարողացավ համոզել և փրկագնել Լևոնին և 1385-ի հատուկ հրովարտակով Մադրիդ, Անդուխար և Վիլյառեալ քաղաքները հանձնեց հայոց վերջին Լևոն Զ Լուսինյան թագավորին ցկյանս տնօրինելու իրավունքով:

Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում հայ առևտրականներն ազատ առևտուր էին անում Իսպանիայում։ Անդալուսիայում հայկական մշտական համայնքի գոյության մասին հիշատակվում է 16-րդ  դարից: Այնտեղ հաստատված առաջին հայերը վաճառականներ էին։

Իսպանական Կադիս քաղաքի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին 17-րդ դարում կառուցել են հայ վաճառականները: Այսօր էլ միջնադարյան եկեղեցու պատերին հայատառ գրառումներ կան: Եկեղեցու ներսում մկրտության ավազանի վրա նշված է եկեղեցու բարերարներ Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյանների անունները:

Ալֆոնսո 13-րդը՝ որպես չեզոք երկրի միապետ, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարդասիրական տարբեր գործունեություն է իրականացրել։ Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Արրոյոն 1915-ի սեպտեմբերից մինչեւ 1916-ի փետրվարը իր նամակներում եւ «գաղտնի» հեռագրերում գործածել է հանցագործությունների վերաբերյալ տերմիններ եւ սահմանումներ, որոնք այդուհետ պիտի կիրառվեին որպես ցեղասպանության սահմանման տարրեր։ Գոյություն ունի մի հատուկ թղթապանակ ևսՙ «Ընթացակարգեր հօգուտ հայր Կոմիտասի, 1915»: Այն պարունակում է ութ նամակ, որոնցում խնդրվում է Կոմիտաս Վարդապետին Կոստանդնուպոլսում վերցնել իսպանական պաշտպանության տակ:

Իսպանիայի Հայկական համայնքը դասական գաղթօջախ չէ, նոր ձևավորվող համայնք է, որը կազմակվորման փուլում է։ Հայերի զգալի ներկայությունը այս երկրում սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Հայերը եկել են Խորհրդային Միությունից և Եվրոպական այլ երկրներից՝ որտեղ որպես փախստականներ ապրելու և աշխատելու նպաստավոր պայամաններ չեն ստացել։  Հայերը հիմնականում հաստատված են Մադրիդիում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում, Ալիկանտեում և մի շարք այլ քաղաքներում։ Իսպանահայության գերակշիռ մասը Հայաստանից և ԽՍՀՄ-ից եկածներն են։

20-րդ դարի ընթացքում Իրանից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից Թուրքիայից և այլ երկիրներից հայեր տեղափոխվել են Իսպանիա՝ որոնք ակտիվ և համայնքային կազմակերպված կյանքով քիչ են զբաղվել և որը շարունակականություն չի ունեցել։

Իսպանիայում ապրող հայերի թվի մասին տվյալները տարբեր են։ Արծարծվող թիվը 13 հազարից հասնում է մինչև 20 հազարի։ Նկատելով, որ այստեղ հաստատված հայերը տարբեր քաղաքացիություններ ունեն, և ոմանք ապրում են ոչ օրինական հիմունքներով, դժվար է կոնկրետ թվի մասին խոսել, որովհետև Իսպանիայի կառավարության, ՀՀ դեսպանության և եկեղեցական արխիվներում առկա թվերը իրար չեն համապատասխանում։

Մարզերի առումով, հայերի քանակը շատ է Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում։ Հայերի մեծ մասը զբաղվում է շինարարությամբ, ծառայությունների որորտի տարբեր մասնագիտություններով, արհեստներով և առևտրով։ Իսպանիայում ծնված կամ հասակ առած սերունդը՝ որպես համալասարանավարտներ, ընդհանրապես աշխատում են ըստ իրենց մասնագիտության։ Հայ շրջանավարտները շատ են բժշկական, իրավաբանական, լեզվաբանական, ճարտարապետական, կառավարման, մարքեթինգի և այլ բուհերից։

Մինչև 2010-ը Վալեսնիայում գործել է ՀՀ Հյուպատոսություն, 2010-ից Մադրիդում գործում է ՀՀ դեսպանություն, իսկ 2017-ից Մալագայում՝ ՀՀ պատվո հյուպատոս։ Բարսելոնայում և Վալենսիայում նախապես եղել են ՀՀ պատվո հյուպատոսներ։

Մադրիդում ապրում է Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչը։ Իսպանիայի տարբեր քաղաքների կաթոլիկ եկեղեցիներում կատարվում են եկեղեցական արարողություններ։

Տարբեր մարզերում գործում են մշակութային և կրթական միություններ։ Մեկօրյա դպրոցները հայապահպանության գործում մեծ դեր են կատարում, որտեղ դասավանդվում է տառաճանաչում, խոսքի զարգացում, հայոց լեզու, գրականություն, պատմություն երգ և այլն։ 2008-ից տարբեր քաղաքներում կանգնեցվել են խաչքարեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին, քանիսն էլ խորհրդանշում են հայ-իսպանական բարեկամությունը։

Տաթեւ Սուլեան

Մայիս 2020, Բարսելոնա

Լուսանկարում՝ տեսարան Բարսելոնայից

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here