ՀԱՂԹԱՆԱԿ. Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԵՎ ՎԱՍՆ ԻՆՉԻ՞

0
253

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ – ԱԶԳ

Ո՞րն էր պատճառը, որ Երկրորդ աշխարհամարտում հայերս մեր ընդհանուր թվաքանակի համեմատ ամենաշատ զինվոր եւ ամենաշատ զոհ տվող ազգերից մեկը եղանք: Թերեւս ավելի շատՙ քան ռուսներն ու բելոռուսները, եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը, այս անգամ, բարեբախտաբար, նաեւ մեր ջանքերով, պատերազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ, ինչպես Բելոռուսիան ու եվրոպական Ռուսաստանըՙ ամբողջությամբ: Ի՞նչն էր մղում հայերին, Հայաստանում եւ Արցախում, Ֆրանսիայում, Մ. Նահանգներում եւ այլուր, այդպիսի նվիրվածությամբ կռվելու Կարմիր բանակի, ֆրանսիական Դիմադրության եւ ամերիկյան ծովային եւ օդային ուժերի կազմում: Ո՞րն էր պատճառը, որ այդպիսի ոգեւորությամբ, հատկապես ամերիկահայերը եւ հատկապես Ռամկավար Ազատական կուսակցության գլխավորությամբ, ընդառաջ գնացին կաթողիկոսական տեղապահ եւ հետագայում Ամենայն հայոց հայրապետ Գեւորգ արք. Չորեքչյանի կոչին եւ Ամերիկահայոց առաջնորդ եւ հետագայում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին արք. Հովսեփյանցի հորդորներին (ի դեպ, երկուսն էլ Սարդարապատի ճակատամարտի ոգեշնչող մասնակիցներ), խոշոր դրամահավաք կազմակերպեցին «Սասունցի Դավիթ» տանկային զորասյուն ստեղծելու համար Կարմիր բանակի կազմում…

Առաջին ու հատկապես Երկորդ աշխարհամարտերի գլխավոր դերակատարներից Ուինսթոն Չերչիլի կենսագիրներից ու հիացողներից Բորիս Ջոնսոնը (այժմ վարչապետ) 2014 թ.ին հրատարակած իր գրքումՙ The Churchill Factor («Չերչիլի գործոնը»), արձանագրում է պատերազմից հետո Չերչիլի արած չոր եւ ճշմարիտ եզրակացությունը. «Պատերազմը շահեցինք ռուսական արյունով եւ ամերիկյան փողով»: Այդ արյան մեջ եւ այդ փողիՙ անշուշտ կար նաեւ մեր բաժինը, որն այսօր ոչ ոք չի ուզում հիշել, նույնիսկ մեր հայրենակիցներից ոմանք անտեսում են այն, նույնիսկ կան մարդիկ, որոնք ավելորդ, իզուր թափված եւ Ռուսական կայսրության համար պարտադիր ու պարտադրված «տուրք» են համարում այն, անգիտանալով նաեւ ամերիկահայության փողըՙ պատերազմից առաջ, ընթացքում եւ այնուհետեւ: Կան նաեւ ուրիշներ, որոնք փառաբանում կամ քննադատում են մի քանի արկածախնդիրներիՙ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցելու փաստը: Այնինչ դա, ինչպես ֆրանսացիք են ասում, ընդամենը բացառություն է օրինաչափությունը հաստատող: Իսկ օրինաչափությունը ընդդեմ ֆաշիզմիՙ համայն հայության միավորումն ու պայքարն էր, որին մենք մաս կազմեցինք ոչ միայն մեր արյամբ ու զոհողություններով, այլեւ անօրինակ սխրանքներով, մեր չորս մարշալներով, մեկ ծովակալով, բազմաթիվ գեներալներով, հերոսներով, մինչեւ Բեռլին հասած մեր ռազմիկներով: Դա պայքար էր ընդդեմ ֆաշիզմիՙ առաջադեմ ողջ մարդկության կողքին եւ հետ: Պայքարՙ որտեղ մեր ժողովուրդը մղեց նաեւ իր, ես կասեիՙ ազգային կռիվըՙ զերծ պահել մեր երկիրը եւ ամբողջ Անդրկովկասը գերմանական ու թուրքական բանակների ներխուժումից եւ մեր հողի վրա նրանց վերահաս միաձուլումից: Եվ այս իրողությունը պատմաբանների հորինածը չէ, այլ պատմական ճշմարտություն: Հազիվ 20-25 տարի էր անցել արեւմտահայության ցեղասպանումից ու հայրենազրկումից, նաեւՙ օսմանյան ու քեմալական բանակների Արեւելահայաստան, ընդհուպՙ Արցախ ներխուժումներից ու կոտորածներից: Եվ հայ զինվորն ու գեներալը, հազիվ 20, 30 եւ 40 տարեկան, սեփական աչքով տեսած ու տառապած Շիրակի, Լոռվա եւ Շուշիի կոորածներից, գիտեր, որ թուրք-գերմանական դաշինքն էր իր ոխերիմ թշնամին, ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ աշխարհամարտում:

Հետեւաբար, ի հեճուկս մերօրյա բոլոր պոլիտիկոսների պետք է արձանագրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը նաեւ մե՛ր կռիվն էր ցեղամոլների ու ցեղասպանների դեմ:

Դժբախտաբար մեր այդ կռիվը դեռեւս չի ավարտվել, քանզի, ի տարբերություն Գերմանիայի, Թուրքիան դեռ չի պարտվել, չի խոստովանել իր մեղքը, ներողություն չի խնդրել եւ չի հատուցել ոչինչ: Ընդհակառակը, շարունակում է հայաջինջ իր քաղաքականությունը հետապնդելՙ ձեռք-ձեռքի իր կրտսեր եղբայրներիՙ ադրբեջանցիների հետ, որոնց ոչ միայն գենետիկ հիշողությամբ, այլեւ սեփական կյանքի թելադրանքով, արցախցի մեր հայրենակիցները պարզապես «թորք» են անվանում, իրավամբ: Ցեղասպան այդ քաղաքականության դեմ 30 տարի առաջ մենք պատվար կանգնեցինք, 28 տարի առաջ, հենց այսօր, մենք վերատիրացանք Շուշիին եւ այնուհետեւ ամբողջ Լեռնային Ղարաբաղին, հազարավոր մեր նահատակների կյանքի գնով, մեր զորահրամանատարների ջանքերով, չգիտես ինչուՙ դեռեւս բանտախցում պահվող ռազմաքաղաքական մեր առաջնորդի ղեկավարությամբ:

Բեռլինից մինչեւ Շուշի, Արցախ եւ հայրենի այլ եզերքներ մեր կռիվը դեռ շարունակվում է:

Փառք մեր զոհված մարտիկներին, բոլոր հերոսներին, դիմադրությունն ու պայքարը շարունակող մեր ժողովրդի բոլոր զավակներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here