«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆԻ ՀԵՏ

0
156

«Լաւ Կը Լինէր Կառավարութիւնը Ոչ Թէ Արհամարհեր, Այլ Փորձեր Գնահատել Դրական Լիցք Պարունակող Առաջարկները»

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.-  Վարչապետն իր մեծ ասուլիսում կրկին յիշատակել է կառավարութեան ձեռքբերումների 100 փաստերը: Տեսակէտ է հնչում, որ նա այլեւս չպէտք է 100 քայլերը ներկայացնի, այլ պէտք է աւելի գործնական քայլերի գնայ: Ինչպէ՞ս էք գնահատում վարչապետի քայլը եւ արդեօք այդ 100 քայլը խօսում է կառավարութեան արդիւնաւէտութեան մասին:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Ամէն դէպքում, եթէ 100 քայլերի քաղաքականութիւն է մշակուել, եւ եթէ այդ 100 քայլերի վերաբերեալ պարբերաբար վերլուծութիւններ են արւում կառավարութիւնում, ապա այդ վերլուծութեան արդիւնքները լաւ կը լինէր ներկայացուէին պարբերաբար: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Այստեղ երեւի աւելի շատ խնդիրն այն է, որ որպէս շատ մեծ նուաճումներ ներկայացնում են այնպիսի երեւոյթներ, որոնք առանց կառավարութեան ջանքերի լինելու էին: Իսկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ էին ջանքերը, մի տեսակ ոչ համոզիչ են վարչապետի այդ կարգի հաշուետուութիւնները: Ի հարկէ, ակնյայտ է, որ գնալով հասարակութեան եւ փորձագէտների բաւականին մեծ մասը ամէն մէկն իր ոլորտի վերաբերեալ որոշակի կասկածներ են յայտնում, որ կառավարութիւնն արդիւնաւէտ է աշխատում: Կարծում եմ, որ լաւ կը լինէր, որ կառավարութեան ներկայացուցիչները ոչ թէ արհամարհէին այդ կարգի գնահատականները կամ այդտեղ դաւադրութիւններ տեսնէին, այլ լուրջ վերաբերուէին եւ փորձէին այդ դրական լիցք պարունակող  խորհուրդներն ու գնահատականներն աւելի կառուցողական գնահատել: Դա առայժմ չի երեւում: Ցանկացած քննադատութիւն ընկալւում է շատ ագրեսիւ (յարձակողական- Խմբ.):

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Վարչապետի մեծ ասուլիսում քաղհասարակութեանն էլ անդրադարձ եղաւ, եւ նշուեց, որ նրանց դիտարկումներն ընդամէնը մէկ խմբի գնահատականներ են:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Այն քաղհասարակութիւնը, որին ես ճանաչում եմ, անկախ նրանից, թէ որ խմբերին են պատկանում, ես չեմ ճանաչում գոնէ ինձ համար որեւէ վստահութիւն ունեցող քաղհասարակութեան կազմակերպութիւն, որը թերութիւն չտեսներ այսօրուայ կառավարութեան գործունէութեան մէջ: Այսինքն բոլոր լուրջ, անկախ եւ սրտացաւ կազմակերպութիւնները՝ գնահատելով իրենց ոլորտում իրավիճակը, տեսնում են շատ լուրջ խնդիրներ: Ես տեսնում եմ խնդիրներ մամուլի ոլորտում իրականացուող քաղաքականութեան մէջ, արդարադատութեան խնդիրներով զբաղուող կազմակերպութիւններն այդ ոլորտում են տեսնում շատ լուրջ մարտահրաւէրներ ու խնդիրներ: Այսպէս կարելի է համարեայ բոլոր ոլորտների մասին խօսել: Լաւ կը լինէր, որ ոչ թէ այստեղ դաւադրութիւններ տեսնէին կառավարութեան ներկայացուցիչները, այլ կառուցողական ընկալէին քննադատութիւնը եւ փորձէին օգտուել այն առաջարկութիւններից ու այն փորձագիտական գիտելիքներից, որոնք կան քաղաքացիական հասարակութիւնում:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Նկատի ունէք, որ կառավարութիւնն, անընդհատ խօսելով իր ձեռքբերումների մասին, չի տեսնում իր թերութիւններն ու սխալները՞:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Այո, ես նման բան նկատում եմ: Միգուցէ ամբողջ հաշուարկը նրա վրայ է, որ ամէն դէպքում այն մարդիկ, որոնք չեն խորանում տարբեր ոլորտների խնդիրների մէջ, բայց վստահում են կառավարութեանը, եւ մեր հասարակութեան բաւականին մեծ մասին պէտք է անընդհատ ոգեւորել դրական արդիւնքներով կամ արդիւնքների պատրանքով: Բայց ես չեմ կարծում, որ այդ մարտավարութիւնը երկարաժամկէտ հեռանկարում կարող է օգտակար լինել երկրի համար:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Վերջերս նաեւ խօսուեց այն մասին, որ իշխանութիւնը փաստացի հրաժարուել է իր խոստացած վեթինգից (զտում- Խմբ.): Վարչապետը նաեւ յայտարարեց, որ սահմանադրական հանրաքուէ այս իրավիճակում չի լինի, դրա համար այլ լուծումներ են փնտրում, դիմել են Վենետիկի յանձնաժողով, որի նախագահի արտայայտած կարծիքները միանշանակ չէին ընդունւում: Նախ, ինչպէ՞ս էք գնահատում այն, որ իշխանութիւնը կարծես մտադիր է հարցը ԱԺի միջոցով լուծել, եւ ի՞նչ կարելի է ակնկալել Վենետիկի յանձնաժողովից այս փուլում:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Վեթինգ ասելով տարբեր մարդիկ տարբեր բաներ նկատի ունեն: Ես դա նկատել եմ դեռ այն ժամանակ, երբ նոր նոր սկսուեց այդ եզրոյթն օգտագործուել: Մենք տեսնում ենք, որ բաւական իրար հակասող մօտեցումներ կան այդ կարգի գործողութիւնների նկատմամբ: Ես այդպէս չէի կենտրոնանայ վեթինգ երեւոյթի վրայ, բայց որ արդարադատութեան ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների ուղղութեամբ շատ քիչ բան է արուել, դա միանշանակ է: Ցաւօք, կեանքն այնպիսին է, որ ամէն ինչ պէտք է ժամանակին արուի: Եթէ դու որեւէ անհրաժեշտ քայլ ժամանակին չես անում, յետաձգում ես, յետոյ այդ քայլը դառնում է ուշացած կամ անհնարին: Հանրաքուէի պատմութիւնը դրա լաւագոյն օրինակն է: Այն, ինչ պէտք էր անել կապուած Սահմանադրական դատարանի խնդրի հետ, պէտք է արուէր նոր խորհրդարանի ձեւաւորումից անմիջապէս յետոյ: Տարբեր կարծիքներ կան, թէ ինչ պէտք էր անել, բայց պէտք է լինէին շատ վճռական, յստակ ու հետեւողական քայլեր, որոնք մենք չտեսանք: Բայց մեծ ուշացումով գտնուեց մի լուծում՝ հանրաքուէ անցկացնել: Դա վատագոյն լուծումը չէ իմ կարծիքով, սակայն հէնց կեանքի տրամաբանութիւնը նրանում է, որ եթէ դու նոյնիսկ ճիշտ որոշում ես կայացնում, բայց այդ որոշումը ուշացած է, ինչ որ իռացիոնալ (անտրամաբանական- Խմբ.) պատճառներով այն հնարաւոր չի լինում իրականացնել: Այսօր մենք իրօք տեսնում ենք մի իրավիճակ, երբ հանրաքուէ անցկացնելը այն մակարդակով, որով այն պէտք է անցնէր, ինչպէս ասում են, մաքրամաքուր եւ բոլոր ինստիտուտների (հիմնարկներ- Խմբ.) պահպանմամբ, այո, այս  համավարակի տարածման պայմաններում դա հնարաւոր չէ: Փաստօրէն, այսպիսի փակուղու առջեւ է կանգնած կառավարութիւնը եւ պէտք է, որպէսզի ապահովի նաեւ իր յետագայ քայլերի միջազգային լեգիտիմութիւնը (օրինականութիւնը- Խմբ.): Այլ յարմար ատեան այդ լեգիտիմացման համար չկայ, քան  Վենետիկի յանձնաժողովը, եւ կառավարութիւնը ստիպուած է դիմել այդ կառոյցին: Այսինքն այստեղ այլ ճանապարհ ուղղակի չկայ: Կամ դու արհամարհում ես միջազգային հանրութեանը եւ անում ես այն, ինչ ճիշտ ես համարում, կամ պէտք է ինչ որ տեղ դիմես, եւ այդ տեղը հէնց Վենետիկի յանձնաժողովն է: Դա է պատճառը, թէ ինչու է կառավարութիւնը ստիպուած գնալ այդ քայլին, մանաւանդ շատ լաւ հասկանում է, որ որեւէ գործողութիւն, որը յետագայում կարող է քննադատուել ԵԽի այդ կառոյցի կողմից, ինքը խնդիրներ է առաջացնելու նաեւ համավարակից դուրս գալու համար միջազգային կառոյցներից անհրաժեշտ ֆինանսական աջակցութեան առումով: Այնպէս որ, այստեղ անկախ նրանից, թէ ինչպիսի վերաբերմունք կայ Վենետիկի յանձնաժողովի եւ իր ղեկավարի նկատմամբ, նաեւ չկայ այլընտրանքային ճանապարհ, քան այնտեղ դիմելը:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Նաեւ շատերը հարց են հնչեցնում, թէ ինչու՞ պէտք է առանձնացուէր Սահմանադրական դատարանը, եկել էր պահը եւ պէտք է բոլոր դատարանների հարցը լուծուէր: Ինչու՞ է իշխանութիւնն, ըստ էութեան, յապաղում եւ յայտարարում, թէ Սահմանադրութիւնը թոյլ չի տալիս ամբողջական վեթինգ իրականացնել:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Դէ ինչ որ տեղ հիմնաւորումները հասկանալի են, որովհետեւ եթէ վեթինգն ընկալուի այնպէս, ինչպէս նոյնիսկ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներն են պատկերացնում, եւ մենք այդպիսի յայտարարութիւններ տեսնում ենք, որ աւելի լաւ է ընդհանրապէս չլինի դատաւոր, քան լինի արատաւոր պրակտիկայով (գործունէութեամբ. Խմբ.) յայտնի դատաւոր, դա շատ վիճելի մօտեցում է: Որովհետեւ ամէն դէպքում պետութիւնը պարտաւոր է արդարադատութեան ֆունկցիան (պաշտօն- Խմբ.) կատարել: Եթէ այսօր սկսուի դատաւորների ջարդ, պարզ է, որ այդ ֆունկցիան պետութիւնը չի կարողանալու կատարել: Դա կարող է նոյնիսկ աւելի մեծ մարտահրաւէր լինել, քան որոշ դատաւորների պահպանումը, որոնց ազնուութեան վերաբերեալ կասկածներ կան: Հէնց դա է պատճառը, որ պէտք է շատ հետեւողական եւ երկարատեւ բարեփոխումներ իրականացնել, բայց այդ բարեփոխումները շուտ սկսել, ժամանակին սկսել: Եթէ դու ուշանում ես, դու քեզ դնում ես ցայտնոտի մէջ, որի մէջ հիմա յայտնուել է կառավարութիւնը տարբեր ուղղութիւններով բարեփոխումներ իրականացնելու առումով: Այսինքն սպասում են մինչեւ դանակը ոսկորին է հասնում, որից յետոյ կամ հապճեպ որոշում են կայացնում, կամ ընդհանրապէս որեւէ բան չեն անում: Արդիւնքում հիմա հանդիպում ենք այդ կարգի ճգնաժամային պահերի:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Վարչապետը նորից յայտարարեց, որ պետական կառավարման համակարգի կէսը դիմադրում է: Այդ դէպքում ո՞վ է մեղաւոր, ինչու՞ է անընդհատ խօսւում դրա մասին, բայց լուծումներ, ըստ էութեան, չեն տրւում:

ԲՈՐԻՍ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ.- Համակարգի դիմադրութիւնը միանշանակ կայ, բայց այդ դիմադրութիւնը ուժեղանալու է այնքանով, որքանով կառավարութեան ղեկավարութիւնը ոչ վճռական գտնուի եւ չանի այն քայլերը, որոնք ժամանակին պէտք են: Այսինքն, երբ տեսնում են, որ տատանւում են, վստահ չեն իրենց ուժերի վրայ, վստահ չեն, որ ճիշտ որոշում կարող են կայացնել, հին համակարգի մնացորդները ակտիւանում են, սկսում են աւելի վստահ գործել եւ պաշտպանել այն համակարգը, որը գոյութիւն ունի: Նոյնիսկ ես կ’ասէի՝ վերադասաւորուել ու վերակենդանացնել այն համակարգը, որ սկսել էր քանդուել յեղափոխութիւնից յետոյ: Ինչ վերաբերում է կառավարութեան ոչ այնքան արդիւնաւէտութեանը, ապա ես կարծում եմ, որ դրա հիմնական պատճառը ոչ թէ նոյնիսկ այն է, որ կառավարութեան ներկայացուցիչներից շատերը փորձ չունեն, այլ այն, որ որոշակի ժամանակ է անցել, բայց չի երեւում, որ նրանք փորձը չունենալով ցանկանում են սովորել, ցանկանում են լսել խորհուրդներ, ցանկանում են ընդունել իրենց սխալները: Իսկ երբ փորձ չունեցող մարդը փակում է իր աչքերն իր սխալների նկատմամբ, պարզ է, որ որեւէ առաջընթաց, որեւէ արդիւնաւէտութիւն չի կարող լինել:

 

«Լրագիր»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here