ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԱՅՍ ՕՐԸ

0
200

ԱԶԳՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հուշարձաններն ինքնաբավ են, ճարտարապետի ստեղծագործ մտքի ու շինարարի ձեռքի տաք հիշողությունը բավարար է՝ մարդկանց առանձին օրերի այցելություններին անհաղորդ կարծես ու լքվածություն մնացած ժամանակի մեջ չունեն:

Որքան էլ՝ օրը գարնանային, ու օդը փափուկ, որքան էլ՝ օրը շատ հայկական, ու հաղթանակն անցյալի վերապրումի լիցքեր փոխանցող, միեւնույն է՝ օտարություն է մեջդ սողոսկում, սառնություն ու շփոթմունք: Դու լսում ես հանդիսավոր քայլերը բարձրաստիճան այրերի ու հոգեւորականների՝ մոտեցող հուշահամալիրի հերոսացված քարերին, ու դու չես շոշափում քարը, ոտքդ չես դնում հողին, որ քեզ հայրենիք նվիրեց կրկին:

Այսպիսին է Ծիծեռնակաբերդը՝ բարձրության վեհությամբ երկնքին մոտ, եւ Սարդարապատը՝ բաց տարածությամբ, հորիզոնի խոստումով ու շարունակությամբ՝ հողին մոտ երկիր:

Դու լսում ես ձայներ սառը էկրանից, որին դու փոքրացնում ես, դարձնում ափիդ չափ: Դու քո ներսում ես, մենակ ես ու չես տեսնում կողքինիդ շարժումը, հայացքի գույնը: Անցյալի հերոսներին բերում ես հայացքիդ առաջ, նայում նրանց աչքերին, ու բառերը սկսում են դողալ, որովհետեւ դու հպարտ չես այսօր, դու նահանջել ես, սեղմվել քո ներսում, ու օդը շրջապատում դարձել է վտանգավոր: Ես չգիտեմ՝ ինչպես է արձագանքում հուշարձանի դեղնակարմիր քարը հնչող աղոթքին ու երաժշտությանը, որ մերթ հերոսական է թվում, մերթ կարոտալի, մերթ լքված, բայց տեսնում եմ՝ երկինքը մաքուր է…Սարդարապատի զանգերը փոխանցվում են լռության միջով որպես հիշեցում արթնացումի, որպես սրբազան մի դաս:

Էկրանին գամված սուբյեկտը բառից բացի ոչինչ չունի, իսկ բառը վաղուց հնչում է դատարկ, հոծ հավաքներին ու շքերթներին սովոր դու անդրադառնում ես հանկարծ քո եւ ներկա պատմության միջեւ գոյացած անջրպետին ու հասկանում, որ մասնակից չես այլեւս, հանդիսատես ես մի պարզ ու գլխահակ ես ու երբեք՝ հպարտ ու հոգնած ես բառի դատարկ զնգոցներից: Ու դու ավելի ես սեղմվում, եւ օտարացումը դրսի հետ վրա է հասնում ավելի դաժան, քան անցած դարակեսի եվրոպացի գրողները կմարգարեանային, երբ բառը կվերածվեր հնչյունի, ու սա էլ՝ նշանի…

Ավանդապաշտները նահանջեցին, մի կողմ թողեցին պաշտամունքները սին, երդվյալները չկարողացան պահել երդումը, զանգվածը մոռացավ գաղջ սովորույթները, իսկ ոմանք՝ ինքնաբավարարման մեծարանքն ու շնորհանդեսները տափակ: Մենք մնացինք մեր մտքերը շրջագծելով, ապավինելով բառերին՝ սիրելով մեր սերերն ու հիշողություններ փայփայել, հավատալով, թե ոչ ոք մեզանից մեր մտքերը չի խլելու: Իսկ դրանից դուրս աշխարհը շոշափելի կա, շոշափելի անհաղորդ, որպես հուշարձան, օտարացած սիմվոլ:

Մենք գիտակից կամ անգիտակից հանդիսատեսի պես հետեւում ենք լուրերին, հավատում կամ ընդվզում ենք, երբ մոտենում են հուշարձաններին ընտրյալներն առանձին ու խոնարհվում նաեւ մեր փոխարեն, եւ որովհետեւ մենք բազմություն ենք եւ ընտրել ենք նրանց, ու բավարար ենք, զի գիտակցել ենք նաեւ, որ դա ֆոնն է կտավի՝ անմասնակից ընթացքին հետագա:

Մեր երազներում անգամ չէինք պատկերացնի այնպիսի մի Ապրիլ 24, երբ Ծիծեռնակաբերդի ճանապարհը անհայ լինի, որ գրի մի պատմություն վարդերը ձեռքին ծերունու մասին, որ հետո ցույց տա մեր բարոյական անկումն ու աղքատությունը հոգու:

Սոցիալական անհավասարությունից վտանգված կյանքի կշեռքը սոցիալական հեռավորություն է գրանցում, անդունդ է բացվում ընտրյալների ու մնացածի միջեւ, անջրպետ՝ քարի ու թփի հետ, իսկ բառերը, որ գրում ես՝ ներկայությանդ խաբկանքն է, վիրտուալ աշխարհի հեգնանք:

Այն ո՞վ է ասում, թե կյանքը ետ կվերադառնա. հուշարձանները ինքնաբավ են, իրենք իրենց մեջ սուզված հերթապահ հայացքների կարիք չունեն, եւ քարերն այս աղմուկ չեն սիրում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here