Հայաստանի Առաջին Հանրապետութեան Ստեղծման Պատմութիւնից. Արամ Մանուկեանի Դերը

0
291

ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ

 

1918 թ. Մայիսի 28ը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրումը, հայոց բազմադարեան պատմութեան փառաւոր էջերից է, հայ ժողովրդի հերոսական ոգու, կենսունակութեան, արժանապատուութեան, ազատ եւ անկախ ապրելու անկոտրում կամքի արտայայտութիւնը: Այն շրջադարձային ազդեցութիւն ունեցաւ հայոց պատմութեան յետագայ ողջ ընթացքի վրայ։

 

Հայաստանի առաջին հանրապետութեան ստեղծումը ամիսների հերոսական պայքարի եւ տքնաջան աշխատանքի արդիւնք էր։ ՀՀ ստեղծման գործում անուրանալի ներդրում են ունեցել բազմաթիւ ռազմական ու քաղաքական գործիչներ։ Փա՜ռք նրանց բոլորին, նրանք բոլորն էլ արժանի են յիշատակութեան ու մեծարման։ Սակայն նրանց մէջ կայ մէկը, առանց որի պարզապէս անհնար է պատկերացնել 1918 թ. Մայիսեան հերոսամարտերն ու ՀՀ ստեղծումը, քանզի նա վճռորոշ ազդեցութիւն է ունեցել իրադարձութիւնների ընթացքի վրայ: Այդ գործիչը հայոց պատմութեան մէջ որպէս Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր յաւէրժացած Արամ Մանուկեանն է (Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան, 1879-1919) [1]։

Սակայն ամէն ինչի մասին` հերթականութեամբ։ 1917 թ. վերջին հայ ժողովրդի գլխին կախուել էր «1915 թ.»ի կրկնութեան վտանգը։ Ցեղասպան Թուրքիան, օգտուելով Կովկասեան ռուսական ռազմաճակատի քայքայումից, օրակարգի հարց էր դարձրել ոչ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան Հայաստանի ու Այսրկովկասի նուաճումը եւ անթաքոյց պատրաստւում էր յարձակման։ Այն, ի դէպ, սկսուեց 1918 թ. Յունուարի 30ին: Ինչպէս միշտ, մեծ տէրութիւնները զբաղուած էին իրենց նուաճողական խնդիրներով, եւ նրանցից որեւէ մէկին չէր հետաքրքրում հայոց ճակատագիրը։

Դրութիւնը բարդանում էր նրանով, որ հայ ժողովուրդն իր բնօրրանում չունէր ազգային իշխանութեան գործող մարմիններ ու կազմակերպուած զինուժ: 1917 թ. Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ Ռուսաստանից փաստացի անջատուած Այսրկովկասի կառավարութիւնը՝ Կոմիսարիատը, որը բաղկացած էր հայերի, վրացիների եւ կովկասեան թաթարների (այժմեան ադրբեջանցիները) ներկայացուցիչներից, զբաղուած էր խարդաւանքներով եւ ամենեւին չէր խորհում թուրքերից պաշտպանուելու մասին։ Այդ պայմաններում Երեւանի նահանգում հայութիւնը հայեացքն ուղղել էր դէպի տեղի Հայոց ազգային խորհուրդը, որը` որպէս ազգային կառոյց, կոչուած էր կազմակերպելու Արեւելեան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Երեւանի նահանգի հայութեան կեանքը։ Սակայն նա էլ իր անելիքի մասին պատկերացում չունէր: Ս. Վրացեանի բնորոշմամբ` նա «գնում էր դէպքերի հոսանքի հետեւից» [2]։ Հայաստանը գտնւում էր գրեթէ ամբողջական շրջափակման մէջ, այստեղ զգացւում էր ֆինանսների, պարէնի եւ դեղորայքի պակաս, տարածւում էին համաճարակային հիւանդութիւնները: Արեւելեան Հայաստանում էին ապաստանել Մեծ Եղեռնից մազապուրծ 200-300 հազար արեւմտահայեր, որոնք զուրկ էին ապրուստի տարրական միջոցներից։ Օրէցօր ուժգնանում էին Թուրքիայի կողմից կազմակերպուող` կովկասեան թաթարների հակահայկական զինուած խռովութիւնները:
Այսպիսի իրավիճակում 1917 թ. Դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց կենտրոնական ազգային, Հայ զինուորական եւ Արեւմտահայ ապահովութեան խորհուրդներն արտակարգ լիազօրութիւններով Երեւանի նահանգ գործուղեցին ազատագրական շարժման նշանաւոր գործիչ Արամ Մանուկեանին: Արամի գործուղումը Երեւան առաջին հերթին պայմանաւորուած էր բացառիկ ծանր պայմաններում գործ կազմակերպելու եւ այն վարելու նրա բացառիկ կարողութիւններով:

1917 թ. Դեկտեմբերին, երբ հայոց երկնակամարում տիրում էր անորոշութեան, ինչ-որ ուժերից օգնութեան ակնկալիքի մթնոլորտ, Արամը հայ ժողովրդին ուղղեց հետեւեալ պատմական կոչը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի… Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կ’այ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար» [3]: Այս կոչը դարձաւ քաղաքական ուղեգիծ եւ, դրուելով գործողութեան մէջ, հայ ժողովրդին փրկեց նոր աղէտից եւ ապահովեց անկախ պետականութեան վերականգնումը:

Արամը, օժտուած Վանի 1915 թ. ապրիլեան հերոսամարտի կազմակերպման, ինչպէս նաեւ Վանի նահանգապետութեան ղեկավարի փորձառութեամբ, ներկայացրեց գործողութիւնների յստակ ծրագիր եւ, ցուցաբերելով քաղաքական հեռատեսութիւն, ռազմավարական մտածողութիւն, հետեւողականութիւն, երկաթեայ կամք, քայլ առ քայլ կենսագործեց այն: Նա առաջին հերթին ձեռնամուխ եղաւ իշխանութեան կենսունակ մարմինների ստեղծմանը: Ստեղծուեց Երեւանի նահանգի իշխանութեան նոր եւ արագաշարժ մարմին՝ Հայոց ազգային խորհրդի լիազօրութիւններով օժտուած Յատուկ կոմիտէն: Բացի այդ` նոր շունչ հաղորդուեց անգործութեան մատնուած նախկին իշխանութեան նահանգային, գաւառային եւ գիւղական մարմիններին: ՀՅ Դաշնակցութեան ղեկավար գործիչ Արամը, միշտ վեր լինելով կուսակցական նեղմիտ գործելակերպից, արդարամտութեան ու խելամիտ քայլերի շնորհիւ կարողացաւ Երեւանի Հայոց ազգային խորհրդի եւ Յատուկ կոմիտէի շուրջ համախմբել ամէնքին՝ անկախ նրանց քաղաքական հայեացքներից ու սոցիալական դիրքից։

Յաջորդ խնդիրը կանոնաւոր հայկական բանակի ստեղծումն էր։ 1917 թ. Դեկտեմբերի 23ին Յատուկ կոմիտէն հրապարակեց Արամի հեղինակած «Կոչ հայ զինուորներին» շրջաբերականը, որում նա ներկայացնում էր իրավիճակի ողջ լրջութիւնը եւ բոլորից պահանջում կանգնել հայրենիքի պաշտպանութեան դիրքերում: Օրեր անց յայտարարուեց 20-32 տարեկան հայ զինապարտների զօրակոչ: Մարտունակ բանակ ստեղծելու համար անհրաժեշտ էր զօրակոչել բոլորին՝ առանց բացառութեան: Այդ իսկ պատճառով զօրակոչւում էին նաեւ նախկինում զօրակոչից ինչ-ինչ պատճառներով ազատուածները: Անզիջում պայքար ծաւալուեց դասալքութեան դէմ: Արամի, հայրենանուէր գործիչներ Դրոյի, գեներալ Մովսէս Սիլիկեանի եւ բազում այլ գործիչների համատեղ եւ անդադրում աշխատանքի շնորհիւ 1918 թ. Մարտի սկզբին հիմնականում աւարտուեց Երեւանեան դիւիզիայի կազմաւորումը, որն առանցքային դեր էր ունենալու 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի ընթացքում: Կարելի է ասել, որ պետականութեան բացակայութեան պայմաններում Արամը սկիզբ դրեց պետականութեանը յատուկ երկու կարեւորագոյն բաղադրիչների՝ իշխանութեան մարմինների եւ կանոնաւոր բանակի ձեւաւորմանը։

1918 թ. առաջին եռամսեակում հնազանդեցուեցին աւազակաորջերի վերածուած 50ից աւելի թաթարական գիւղեր, որտեղից յարձակումներ էին գործում նոյնիսկ հայկական զօրամասերի վրայ: Վճռական պայքար ծաւալուեց նաեւ հայ աւազակային տարրերի դէմ, որոնք թալանում եւ սպանում էին հայ բնակչութեանը: Երկրի ֆինանսական կարիքները բաւարարելու համար սահմանուեց ազգային տուրք:

Արամը ձգտում էր մոբիլիզացնելու (զօրակոչել) հայութեան ողջ ներուժը: Դրա համար նա փորձեց կապ հաստատել նոյնիսկ Բաքւում գտնուող Ռոստոմի հետ, որպէսզի ամրապնդի Երեւանի թիկունքը [4]:

Այս ընթացքում թուրքական զօրքերը, յաղթահարելով նոր ձեւաւորուող հայկական փոքրաթիւ զօրամասերի դիմադրութիւնը, գրեթէ աւարտեցին Արեւմտեան Հայաստանի նուաճումը՝ ընդհուպ մօտենալով Արեւելեան Հայաստանի սահմաններին։ Երեւանում անհրաժեշտութիւն առաջացաւ կենտրոնացնելու իշխանութիւնը։ 1918 թ. Մարտի 24ին ժողովրդական զանգուածները, զօրքը եւ Երեւանի Հայոց ազգային խորհուրդն Արամին ընտրեցին Երեւանի նահանգի դիկտատոր [5]։ Իր փրկութեան յոյսը հայ ժողովուրդը կապեց Արամի հետ ու չսխալուեց: Այդպէս հազուադէպ է լինում։ Դիկտատոր ընտրուած Արամը չդարձաւ բռնապետ, չփոխեց իր վարքն ու կենսակերպը, մնաց ՀԱՅ ՄԱՐԴ՝ իր անսահմանափակ իշխանութիւնը ծառայեցնելով հայութեանը համախմբելու, նրա զինական ներուժը ամրապնդելու եւ հզօրացնելու գործին: Նրա կարգադրութեամբ ռազմաճակատի խորքից թիկունք փոխադրուեց մեծ քանակութեամբ զէնք եւ զինամթերք, որի կարիքը հայոց զօրքը Մայիսեան հերոսամարտերի ընթացքում շատ էր զգալու: 1918 թ. Մարտի 28ին Արամը ժողովրդին կոչ արեց ցոյց տալու աշխարհին, որ «Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի» [6]։

1918 թ. Ապրիլին Թուրքիան ստեղծեց 35 հազարանոց «Կարս» բանակային խմբաւորումը, որի չորս զօրախմբերից երկուսը 1918 թ. Մայիսի 15ին Ալեքսանդրապոլը գրաւելուց յետոյ Ալեքսանդրապոլ – Համամլու (Սպիտակ) – Ապարան եւ Ալեքսանդրապոլ – Արաքս – Սարդարապատ ուղղութիւններով շարժուեցին դէպի Երեւան: Միւս երկուսը պէտք է գրաւէին Արեւելեան Հայաստանի հիւսիսային ու հիւսիսարեւելեան շրջանները եւ շարժուէին դէպի Թիֆլիս ու Բաքու: 1918 թ. Մայիսի 21ին թշնամին գրաւեց Երեւանից 30 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Սարդարապատ կայարանն ու գիւղը: Առջեւում Սուրբ Էջմիածինն ու Երեւանն էին: Առաւել քան երբեւէ դրուած էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, այնինչ ժողովրդի, նոյնիսկ զօրահրամանատարութեան շրջանում տիրում էր խուճապի եւ յուսահատութեան մթնոլորտ: Հայկական զօրքերի գլխաւոր հրամանատար գեներալ Թ. Նազարբեկեանը զօրքերին կառավարելը համարում էր անհնար եւ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին յորդորում դադարեցնել կռիւները թուրքերի դէմ ու հաշտութիւն կնքել նրանց հետ՝ միամտօրէն կարծելով, որ այդպէս հնարաւոր կը լինի փրկել զօրքի մի մասը եւ բնակչութեանը [7]: Այդ օրերին Թիֆլիսում գտնուող Ս. Վրացեանը տարիներ անց նկատում է, որ «դիմադրութիւնը շատերին թւում էր անհնար եւ անիմաստ» [2, էջ 145]։
Ծանրագոյն այդ ժամանակաշրջանում թաթարները` բացայայտ, իսկ վրացիները գաղտնի փորձում էին իրենց յաւակնութիւնները բաւարարել հայկական տարածքների հաշուին:

1918 թ. մայիսեան ծայրայեղ ծանր իրավիճակում հայրենիքի պաշտպանութեան կազմակերպումն ամենայն պատասխանատուութեամբ իր վրայ վերցրեց Արամը՝ դրսեւորելով թշնամուն հակահարուած հասցնելու երկաթեայ կամք, Վարդանանց վայել վճռակամութիւն ու քաջութիւն:

Դեռեւս 1918 թ. Մայիսի 19ին Արամը երեւանեան զօրքերի հրամանատար գեներալ Մ. Սիլիկեանին յանձնարարել էր Սարդարապատի շրջանում թշնամու դէմ վճռական ճակատամարտ մղել՝ խոստանալով ապահովել թիկունքի անվերապահ աջակցութիւնը: Նոյն օրը` Մայիսի 19ին, երբ Ազգային խորհրդում հարց բարձրացուեց Երեւանից հեռանալու մասին, Արամը վճռականօրէն մերժեց` նշելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրայ: Նահանջ Երեւանից՝ կը նշանակէ խաչ քաշել մեր ամբողջ գործունէութեան եւ մեր ապագայ քաղաքական մուրազներուն վրայ, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք» [8]։ Նրա անբեկանելի վճիռն էր՝ պէտք է պայքարել մինչեւ վերջին մարդը, մինչեւ արեան վերջին կաթիլը: Իր վճռակամութեամբ ու լաւատեսութեամբ Արամը պայքարի էր մղում բոլորին. ոչ ոք, կամայ թէ ակամայ, ոչինչ չէր խնայում հայրենիքի փրկութեան համար: Նրան կարելի էր տեսնել ամէնուր՝ զինուորականութեան շրջանում, հրապարակներում, եկեղեցիներում, տներում։ Հայրենիքի պաշտպանութեան առաջին շարքերում էր նաեւ Հայ առաքելական եկեղեցին։

1918 թ. Մայիսի 21ին Արամը բազմահազար ժողովրդի առաջ ունեցած ելոյթի ժամանակ կոչ արեց զէնք վերցնելու ու դուրս գալու թշնամու դէմ [9]: Նրա կոչին արձագանքեցին հարիւրաւոր մարդիկ: Նոյն օրը Արամի հրամանով ճնշուեց մի խումբ դասալիքների կողմից Երեւանում նախապատրաստուող հակապետական խռովութիւնը, որի նպատակն էր անձնատուր լինել թուրքերին: Արամի հրահանգով պարտիզանական շարժում ծաւալուեց Ապարանում:

Ժողովրդի աջակցութիւնից ոգեւորուած հայկական զօրքերը 1918 թ. Մայիսի 22ին Սարդարապատի ճակատում հակայարձակման անցան թուապէս եւ զինուածութեամբ գերակշռող թուրքական զօրքերի վրայ՝ առաջին երկու օրում ազատագրելով Սարդարապատ գիւղն ու կայարանը եւ մի շարք այլ բնակավայրեր [10]։ Մայիսի 24-26ին տեղի ունեցած արիւնահեղ կռիւները կողմերից ոչ մէկին յաջողութիւն չբերեցին։ Մայիսի 27ին հայկական զօրքերն անցան նոր հակայարձակման եւ մինչեւ Մայիսի 29ը տեւած ծանր կռիւների ընթացքում ջախջախիչ պարտութեան մատնեցին թշնամուն [11]: Տալով 3500 զոհ՝ թուրքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղութեամբ: Իր խայտառակ պարտութիւնը թաքցնելու նպատակով թշնամին լուր տարածեց, թէ իբր զինուորական գնացքը վթարի է ենթարկուել:

Ոգեւորուելով Սարդարապատում հայկական զօրքերի առաջին յաղթանակից եւ ստանալով այնտեղից ուղարկուած ռազմական համալրումը՝ Ապարանի ճակատում քաջասիրտ Դրոյի գլխաւորութեամբ հայկական զօրքերը եւս անցան հակայարձակման եւ ջախջախեցին թուրքերին՝ վերացնելով Երեւանը շրջափակելու վտանգը։ Թուրքերը նահանջեցին նոյնիսկ Սպիտակից։
Մայիսի 23ին ստանալով Սարդարապատում հայոց առաջին յաղթանակի լուրն աւետող Արամի հեռագիրը՝ մինչ այդ Ղարաքիլիսայից (այժմ՝ Վանաձոր) խուճապահար Դիլիջան նահանջող հայկական զօրամասերն ու ժողովրդական զանգուածները յետ վերադարձան եւ հզօր ճակատամարտ մղեցին թուրքական մեծաքանակ զօրքերի դէմ:

Այսպիսով, 1918 թ. Մայիսեան հերոսամարտերում հայոց զէնքը պսակուեց փառքով, թուրքական զօրքերին հասցուեց ջախջախիչ, յարգանք պարտադրող հակահարուած:

Մայիսեան հերոսամարտերը, որոնց կազմակերպման գործում առաջնակարգ եւ վճռորոշ մասնակցութիւն ունեցաւ Արամ Մանուկեանը, հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից, Արեւելեան Հայաստանը` ամբողջական օկուպացումից (գրաւումէ) եւ հնարաւոր դարձրին անկախ պետականութեան վերականգնումը: 1918 թ. Մայիսի 28ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որն ամիսներ շարունակ ջանում էր քաղաքական միջոցներով հայ ժողովրդին զերծ պահել աղէտից, ընդունեց Հայաստանի անկախութեան հռչակագիրը, որը մամուլում հրապարակուեց Մայիսի 30ին [12]: Այսպէս ստեղծուեց Հայաստանի առաջին հանրապետութիւնը։ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նախագահ Աւետիս Ահարոնեանը Երեւանի Հայոց ազգային խորհրդին յղած հեռագրում յայտնում էր. «….թէեւ փոքրիկ եւ աղքատ, բայց Ազատ Հայաստանի համար մենք պարտական ենք մեր զօրքերի անձնազոհութեանը։ Որքան մեզ յայտնի է, գերմանացիները եւ թուրքերը Կովկասը բաժանում էին Վրաստանի եւ Ադրբեջանի, հայերին ապահովելով միայն ֆիզիկական գոյութիւն։ Պէտք է ենթադրել, որ մեր զօրքերի դիմադրութիւնը նրանց հարկադրեց ճանաչել եւ Հայաստանը» [13]։ Միանշանակ, պարզապէս անառարկելի իրողութիւն է այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծուեց բացառապէս Մայիսեան հերոսամարտերի շնորհիւ։ Յիշենք` մինչեւ Մայիսեան հերոսամարտերը Թուրքիան դէմ էր ինքնուրոյն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի [14], թուրքերն անգամ հրաժարւում էին հայ գործիչների հետ բանակցելուց: Աւելին` ՀՀ ստեղծումից յետոյ էլ, անտեսելով իր իսկ կողմից 1918 թ.Յյունիսի 4ին ՀՀի հետ կնքուած՝ իր համար խիստ շահաւէտ Բաթումի հաշտութեան պայմանագիրը, Թուրքիան ամէն ինչ արեց հայոց անկախութիւնը ոչնչացնելու համար։

Հանրապետութեան ստեղծումով, որի «գոյութեան փաստը ինքնին զարմանահրաշ նուաճում էր» [15], հայ ժողովուրդը պատմութեան նորագոյն փուլ թեւակոխեց իբրեւ յաղթանակած ժողովուրդ եւ բռնեց վերածննդի ուղին: Նրա հենքի վրայ բարձրացաւ Հայաստանի երկրորդ (Խորհրդային Հայաստան), ապա` նաեւ ներկայիս՝ երրորդ հանրապետութիւնը: Համոզուած ենք` որքան էլ դժուարութիւններն ու խոչընդոտները շատ լինեն, նրա հենքի վրայ էլ բարձրանալու է հզօր եւ Միացեալ Հայաստանը:

Յաղթանակի, ազատութեան, առաջընթացի, արժանապատուութեան խորհրդանիշ հանդիսացող եւ անգնահատելի նշանակութիւն ունեցող այս իրադարձութիւնն ունի անժամանցելի խորհուրդ. հայ ժողովուրդը կենսունակ է եւ կարող է սեփական ուժերով կերտել իր պատմութիւնը, իր առաջընթացն ու բարեկեցութիւնը: Հայ ժողովուրդն անպարտելի է, երբ ունենում է ազգային նպատակներով առաջնորդուող, արդարամիտ, հեռատես, վճռական եւ միաժամանակ հաւասարակշռուած առաջնորդներ, որոնք ապահովում են նրա առաջընթացը, միասնութիւնն ու կազմակերպուածութիւնը:

Յղումներ

[1] Արամ Մանուկեանի մասին մանրամասն տե՛ս Ասրեան Ա., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը (ազատագրական շարժման եւ անկախ պետականութեան վերականգնման ուղիներում), Երեւան, 2009, 268 էջ:
[2] Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1993, էջ 125։
[3] Աստուածատրէան Ա., Արամ, «Հայրենիք», Բոստօն, 1964, ապրիլ, թիւ 4, էջ 70:
[4] Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7, Երեւան, 1990, էջ 143:
[5] Տե՛ս «Զանգ», Երեւան, 1918, Մարտի 27, № 24:
[6] Հայաստանի ազգային արխիւ (ՀԱԱՅ), ֆ. 289, ց. 1, գ. 9, թ. 1:
[7] Տե՛ս ՀԱԱՅ, ֆ. 1022, ց. 3, գ. 253, թ. 1։
[8] «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1921, Յունուարի 30, № 670. 249:
[9] Տե՛ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918, Սեպտեմբերի 6, № 178:
[10] Տարբեր տուեալների համաձայն՝ Սարդարապատում 5500-7000անոց հայկական բանակը կռւում էր 6000-9000անոց թուրքական կանոնաւոր բանակի եւ նրա կազմում գտնուող 1500-3000 քուրդ հեծեալների դէմ։ Բացի այդ, թուրքերն ունէին ռազմամթերքի մեծ պաշարներ, Արաքսի աջ ափից նոր ոյժեր ստանալու հնարաւորութիւններ, ինչպէս նաեւ վայելում էին կովկասեան թաթարների անվերապահ աջակցութիւնը։ Տեբս Ասրեան Ա., նշվ․ աշխ․, էջ 193-198։
[11] Տե՛ս ՀԱԱՅ, ֆ. 121, ց. 2, գ. 84, թ. 5, Աֆանասեան Ս., Սարդարապատի յաղթանակը (Հայաստան. Մայիս 1918), Երեւան, 1991, 112 էջ, Աւետիսեան Հ., Հայոց ազգային միասնութեան յաղթանակը. 1918 թուականի Մայիս, Երեւան, 1998, 302 էջ։
[12] Տե՛ս Վրացեան Ս., Կեանքի Ուղիներով, Դէպքեր։ Դէմքեր։ Ապրումներ, հ. Դ, Պէյրութ, 1965, էջ 120, Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. (Քաղաքական պատմութիւն)։ Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու։ Պատ. խմբագիրներ` Գ. Գալոյեան, Վ. Ղազախեցեան, Երեւան, 2000, էջ 18։
[13] ՀԱԱՅ, ֆ. 289, ց. 1, գ. 2, թ. 10։
[14] Տե՛ս Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Материалы Политического архива министерства иностранных дел Кайзеровской Германии. Сборник. Составитель, ответственный редактор, автор предисловия, введения и примечаний В. Микаелян, Ереван, էջ 508:
[15] Յովհաննիսեան Ռ., Հայաստանի Հանրապետութիւն. Հատոր I. Առաջին Տարին. 1918-1919, Երեւան, 2005, էջ 39։
ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

«ԴՐՕՇԱԿ»

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here