«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը

0
193

Պատիվ ունեմ հայտնելու, որ այսօր ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը
դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման
Բաբաջանյանի և իմ կողմից հեղինակված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի
նախագծին:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ սույն նախագիծը, որը համարում եմ մեկ և կես
տարվա օրենսդիր գործունեությանս կարևորագույն աշխատանքներից մեկը, գալիս է
փոխարինելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ
իս, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, իմա՝ հնացած է:

Իսկ ինչի՞ մասին է սույն նախագիծը:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու
հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության և կարծիքի
արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը
կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական
մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող և
հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական
տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել,
օժանդակել և զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:

Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական
տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման,
թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու
պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող
հարաբերությունները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական
արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարանային դաշտի
ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ
լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի
նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության
իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի
ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:

Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն
որևէ սուբյեկտ կկարողանա համարվել ՀՀ-ում գործող տեսալսողական
մեդիածառայություն: Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ տեսալսողական
հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է:

Նախագծով կարգավորվում է նաև մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է
անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից:
Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական
հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել
բնօրինակով և ենթագրերով:


Լավագույն բարեմաղթանքներով
Best regards
С уважением

Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here