«Բարգավաճ Հայաստան»-ի անդամն իրենց նկատմամբ ճնշում է որակում ԱԱԾ գործողությունները

0
100

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իրենց նկատմամբ ճնշում է որակում Ազգային անվտանգության ծառայության գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աբովյանն ասաց ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում:

«Սա բացահայտ ճնշում է, շինծու մեղադրանքներ: Հետագայում առավել շատ ճնշումներ ենք սպասում: Եթե պատրաստվում են մեզ զրկել անձեռնամխելիությունից, ես անձամբ և ԲՀԿ մյուս պատգամավորները պատրաստ ենք այդ ճնշումներին»,- ասաց Աբովյանը:

Անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում Ազգային անվտանգության ծառայության դիմաց հավաք իրականացնելուն և հակահամաճարակային կանոնները չպահպանելուն, Աբովյանը նշեց, որ իրենք որևէ մեկին չեն կանչել հավաքի մասնակցելու և մշտապես հորդորել են պահպանել այդ կանոնները:

«Մենք չենք կազմակերպել ոչինչ: Մարդիկ եկել են ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, ժողովրդի իրավունքների: Մենք իրավունք չունենք բռնանալու մարդկանց ազատ արտահայտման իրավունքին: Ես բազմաթիվ անգամ հորդորել եմ, որպեսզի պահպանեն կանոնները»,- նշեց պատգամավորը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Ծառուկյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է, որտեղ հարցաքննվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանե Գեւորգյանը։

Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել։

Նորայր Շողիկյան

https://armenpress.am/arm/news/1018443.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here