ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերության առնչությամբ

0
108

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ  ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։ Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Նշված չարաշահումներից հետո նույն համայնքի պաշտոնատար անձինք, կրկին անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղանտեսական նշանակության հողամասը, առանց նպատակային նշանակությունը փոխելու և ընկերության կողմից ապօրինի կառուցված շինությունների օրինականացման ընթացքում օրենքով սահմանված գումարները չվճարելով, դրանք օրինականացնելուն օժանդակելու նպատակով, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։ Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.539.925 դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2.925.000 դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339.300.000 դրամ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արմենպրես»-ի տեղեկու «Նյու» ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ   քրեական  դատավարության  օրենսգրքով  սահմանված  կարգով`  դատարանի`  օրինական  ուժի  մեջ մտած դատավճռով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանե Գեւորգյանը։

Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել։   

 

https://armenpress.am/arm/news/1018445.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here