Որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են. Ալեն Սիմոնյան

0
142

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է՝ բացահայտելու նախկինում ընտրակաշառքի, կեղծարարության բոլոր դեպքերը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործին:

Նա շեշտեց, որ պետք է հասկանան՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ ոչ: «Հիմա միակ ցավոտ բանը, որը կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այդ դեպքն է բացահայտվել: Բայց որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը, ի դեպ, բացահայտվել է մեր կառավարության անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակում: Այսինքն, չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության, կոնկրետ անձի հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հնչող տեսակետներին, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ պատգամավորը շեշտեց, որ հեղափոխությունից հետո իշխանության առնվազն 3 բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապված քրեական գործեր կան, որոնք այսօր ընթացքի մեջ են: «Դա նույնպե՞ս հատուկ սարքված է, քաղաքական հետպանդու՞մ է: Եվ այդ գործերից մեկի ընթացքում ի հայտ են եկել տեղեկություներ, քննչական մարմինը պետք է ասեր՝ եթե դա վերաբերում է ԱԺ պատգամավորին, դնենք մի կո՞ղմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե Ծառուկյանի գործը անմիջականորեն կապված է նրա՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի՝ Սիմոնյանը նշեց, որ քրեական գործը եղել է հարուցված շատ ավելի շուտ, քան եղել է Ծառուկյանի հայտարարությունը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։

Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում ՀՀ-ում անցկացված  ԱԺ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան

https://armenpress.am/arm/news/1018715.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here