Պաշտպաններն ավարտեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի ներկայացումը

0
183

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 17-ին շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունները։

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել անձնական երաշխավորություն ներկայացրած վարչապետերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում նրանց չթույլատրվեց ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Սակայն դատախազների և տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի առարկություններից հետո դատարանը որոշեց չհրավիրել երաշխավորներին՝ նշելով, որ պաշտպան Վարդևանյանն արդեն ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքը։

Նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան և պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում գրավադրել դրանք։

Մեղադրող կողմը ներկայացրեց իր առարկությունները՝ կրկին պնդելով, որ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի վերացել։ Միևնույն ժամանակ, դատախազ Բաղդասարյանը փաստեց, որ ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել նախաքննությանը։ Ըստ նրա՝ խոսքը ռիսկերի մասին է, ոչ թե գործողությունների։

Դատարանը լսեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին, ինչպես նաև Տիգրան Եգորյանին, ում ելույթը անավարտ մնաց։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը  հետաձգվեց և կշարունակվի հունիսի 18-ին, ժամը 10։00-ին։

https://armenpress.am/arm/news/1018776.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here