Լիբանանը ճգնաժամից դուրս կգա կոռուպցիայի դեմ պայքարելով

0
210

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը մնում է լարված, որտեղ հունիսի 6-ից, 3-ամսյա ընդմիջումից հետո, վերսկսվել են բողոքի ցույցերը։ Ցուցարարները ոչ միայն դժգոհություն են հայտնում կառավարության գործունեությունից, այլեւ պահանջում են «Հեզբոլահի» զինաթափումը՝ բորբոքելով նաեւ կրոնական կրքեր բազմազգ ու բազմակրոն երկրում, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ցույցերն ուղեկցվում են օրինապահ ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումներով։

Օրես կրկին բողոքի ցույցեր են տեղի ունեցել գրեթե ողջ Լիբանանի տարածքում եւ, մասնավորապես, Բեյրութում ու Տրիպոլիում։ Պատճառն ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն էր՝ արտարժույթի փոխանակման կետերում մեկ դոլարի գինը բարձրացել էր մինչեւ 6 հազար լիբանանյան լիրա։ Ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում երկու կողմից ավելի քան 70 մարդ է վիրավորվել, ոչնչացվել է հանրային ու մասնավոր հատվածի գույք։ Փորձագետների կարծիքով՝ ցուցարարների մի հատված հակված էր նման գործողությունների ու խառնաշփոթ ստեղծելուն, ինչը հովանավորել են տնտեսական խախտումների պատճառով հետապնդման մեջ հայտնվածները՝ այդ կերպ ձգտելով փակել իրենց դեմ հարուցված գործերը։ Վարչապետ Հասան Դիաբը, իրավիճակը կարգավորելու նպատակով երկրի նախագահի ու կենտրոնական բանկի տնօրենի հետ խորհրդակցություններից հետո, որոշում է ընդունել դոլարի գնի աննախադեպ բարձրացման դեմ պայքարի նպատակով դոլար «ներարկել» երկրի ֆինանսական շուկա։ Սակայն, ինչպես նշում են տնտեսագետները, դոլարի ներարկումը, պարզապես, «ցավազրկող» է եւ չի կարող բուժիչ հատկություն ունենալ, քանի որ դա չի կարող երկար շարունակվել։ Ուստի անհրաժեշտ է, որ կառավարությունը երկրի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական ճգնաժամը վերացնելու համար լայնածավալ նախագծեր ու ծրագրեր իրականացնի։ Դիաբը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարել է, թե ազգային արժույթի արժեզրկման պատճառը տարածվող ասեկոսեներն են, ինչը տեղի է ունենում իր գլխավորած կառավարության դեմ ծրագրված հարձակումների շրջանակներում։ Նա շեշտել է, որ Լիբանանը սնանկացած չէ, իսկ ընդդեմ կոռուպցիայի պայքարող խմբի հեղաշրջումը ձախողված է։ Նա հավելել է, թե կառավարությունը դոլարի գինն աստիճանաբար նվազեցնելու գործընթաց է սկսել եւ չեզոքացնելու է բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված կլինեն դրա դեմ։

Լիբանանում բողոքի ցույցերն սկսվել էին ֆինանսատնտեսական, սոցիալական ծանր վիճակի ու ազգային արժույթի 50 տոկոսով արժեզրկման պատճառով դեռեւս 2019 թ. հոկտեմբերից, իսկ այսօր արդեն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով լիբանանյան լիրայի արժեզրկումը շուրջ 70 տոկոս է։ Իսկ գործազրկությունն աճել է եւս 10 տոկոսով՝ կազմելով 45 տոկոս, նույնքան էլ՝ աղքատությունը։ Հաշվի առնելով նաեւ աստղաբաշխական գները շուկայում, ակնհայտ է, որ հասարակ լիբանանցին հայտնվել է գրեթե անելանելի վիճակում։ Դիաբի կառավարությունը, որն ընդամենը մի քանի ամիս է ստանձնել երկրի կառավարման պարտականությունը, նման իրավիճակից երկիրը դուրս բերելու նպատակով ջանք չի խնայում, սակայն, խնդիրները լուծելուց զատ, հարկադրված է նաեւ պայքարել հակակառավարական ուժերի դեմ։ Լիբանանցի վերլուծաբանները, անդրադառնալով հակակառավարական ուժերին, նշում են, թե Դիաբի կառավարության դեմ գործող ներքին ու արտաքին ուժերը ձգտում են նրան հեռացնել իշխանությունից։ Ներքին ուժերի առնչությամբ հաճախ մատնանշում են նախկին կոռումպացված շրջանակներին։ Բացի այդ, որոշ արտաքին ու ներքին ուժեր էլ, ըստ փորձագետների, գործող կառավարությանը դեմ են զուտ այն պատճառով, որ այն վայելում է «Հեզբոլահի» հովանավորությունը, իսկ վերջինս դրան ի պատասխան հայտարարել է, թե ցանկացած օրինական իշխանության է հովանավորելու։

Վերջին զարգացումների առնչությամբ Դիաբը հունիսի 15-ին երկրի վերահսկողական կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե կառավարությունն սկսում է կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է երկար ու դժվարին։ Հետեւաբար, Լիբանանը փրկելու համար պետք է երկիրը մաքրազարդել կոռուպցիայից։ Այլ կերպ ասած՝ Լիբանանի ազգային համաձայնության տեխնոկրատ կառավարությունը երկրում ստեղծված ֆինանսատնտեսական ու սոցիալական ճգնաժամի պատճառը համարում է համատարած կոռուպցիան՝ համոզմունք հայտնելով, որ դրա վերացմամբ երկիրը ոտքի կկանգնի։ Ուստի ժողովրդին կոչ է արել՝ զինվել համբերությամբ եւ աջակցել կառավարությանը հաղթահարելու խոր արմատներ ունեցող այդ անհաղթահարելի թվացող պատնեշը։

 

Էմմա Բեգիջանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

https://armenpress.am/arm/news/1018864.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here