Համաճարակը Փոխել Է Հայաստանի Ժողովրդագրական Միտումները․ Ինչ Է Կատարւում

0
1046

«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄԱՀՀ»Ի ՓՈՐՁԱԳԷՏ ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացուած փորձագէտ Արտակ Մարկոսեանը:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Մարկոսեան, հիմա ժողովրդագրական միտումներն ու պատկերն ինչպիսի՞ն են Հայաստանում, որքանո՞վ է կորոնավիրուսը նպաստել միգրանտների (գաղթականներու- Խմբ.) վերադարձին:

 ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ.- Բնականաբար, կորոնավիրուսն ազդել է: Այս պահին կիսամեակի թուերը դեռ չկան, երբ նայում ենք Հայաստան ելումուտի առաջին եռամսեակի թուերը, այնտեղ ունենք ՀՀ անձնագրերով մօտաւորապէս 18 հազար դրական ցուցանիշ: Այսինքն Յունուար-Մարտին հայկական անձնագրերով ելումուտը դրական է 18 հազարով՝ նախորդ տարուայ մօտ 2,5 հազարի համեմատ: Դա ցոյց է տալիս, որ քիչ են գնացել, շատ յետ են եկել: Երկրորդ եռամսեակը ցոյց կը տայ յետագայ միտումները: Պէտք է հաշուի առնել, որ Մարտից մեր սահմանները փակ են, Ռուսաստանի հետ հաղորդակցութիւնը դադարեցուած է: Նկատենք, որ արտագնայ աշխատանքի մեկնող խմբերը Հայաստանից մեկնում էին Փետրուար-Մարտին: Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, մեծ մասը չի մեկնել: Բնականաբար, խնդիրներ կ՛առաջանան, առաջին հերթին կը նուազի դրամական ներհոսքը, տրանսֆերտների (փոխանցումներու- Խմբ) էական նուազում կ՛արձանագրի: Նաեւ հաշուի առնենք, որ կորոնավիրուսի եւ նաւթի գների անկման պարագայում բաւական դժուարութիւններ կան նաեւ Ռուսաստանում: Վերջին տուեալներով, մօտ 25 հազար քաղաքացի գրանցուած է Հայաստանում ՌԴ դեսպանատանը եւ սպասում են ՌԴ վերադարձին: Այո, այս տարի ներհոսք լինելու է, եւ այս տարի նոյնիսկ հնարաւոր է բնակչութեան դրական ցուցանիշ ունենանք, բնակչութեան մեխանիկական աճի դրական տարբերութիւն լինի:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Իսկ ինչպիսի՞ն է մահացութեան վիճակը՝ հաշուի առնելով նաեւ կորոնավիրուսի համավարակը:

 ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ.- Այս տարուայ առաջին եռամսեակում մահերի թուի նոյնիսկ նուազում է գրանցուել նախորդ տարուայ համեմատ: Այս տարուայ Յունուար-Մարտին մահերի թիւը նախորդ տարուայ համեմատ քիչ է եղել: 2020 թ. Յունուար-Մարտին մահերի թիւը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 18ով, ծնունդները՝ 374ով։ Պէտք է հասկանալ, թէ դա ինչով է պայմանաւորուած: Ընդհանրապէս, վերջին տարիներին մահերի թիւը նուազում է: Հայաստանում միջին տարիքը 72,2 է եւ հիմա այդ տարիքում են գտնւում նախորդ տարի 1940ականների կէսերին ծնուած սերունդը, իսկ այդ սերունդը նաեւ պատերազմով պայմանաւորուած թուաքանակով քիչ է: Այսինքն դրանով է պայմանաւորուած մահերի նուազումը: Բնականաբար, 5 տարի յետոյ մահերի թիւը կարող է աւելանալ, որովհետեւ այդ կեանքի միջին տեւոողութեանը կը հասնեն 1950ականներին ծնուածները: Կարծում եմ՝ մահերի թուի նուազումն առաջին հերթին պայմանաւորուած է դրանով: Երկրորդ եռամսեակը ցոյց կը տայ, թէ ընդհանրապէս ինչ փոփոխութիւն է եղել, արդեօք կորոնավիրուսը ազդեցութիւն ունեցել է, թէ ոչ: Դա կը լինի մօտաւորապէս Օգոստոսին, երբ կը հրապարակուեն Յունուար-Յունիսի ժողովրդագրական տուեալները:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Կառավարութիւնը ժողովրդագրութեան հետ կապուած նոր խրախուսող ծրագրեր է իրականացնում, մասնաւորապէս երրորդ երեխայի դէպքում հիփոթեքային վարկի մի մասը վճարում է: Այս ծրագրերը ինչ ազդեցութիւն կ՛ունենան ժողովրդագրութեան վրայ:

 ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ.- Առաջին եռամսեակի տուեալներով, նախորդ տարուայ համեմատ ունէինք ոչ այնքան լաւ ցուցանիշներ, մօտաւորապէս 450ով նուազել էր ծնունդների թիւը: Հնարաւոր է, որ մարդիկ պլանաւորել (ծրագրած- Խմբ) են երկրորդ եռամսեակում ծննդաբերել, քանի որ արդէն նախորդ տարի կառավարութիւնը յայտարարել էր, որ Յուլիսի 1ից բարձրանում է առաջին եւ երկրորդ երեխայի ծննդեան միանուագ նպաստը: Առաջին երեխայի դէպքում 50 հազար դրամը դառնում է 300 հազար դրամ, երրորդ երեխայի դէպքում 50 հազարը դառնում է 300 հազար դրամ, բարձրանալու է նաեւ երեխայի խնամքի նպաստը: Մինչեւ երկու տարեկանը երեխայի խնամքի արձակուրդում գտնուելու դէպքում՝ աշխատող ծնողները 18 հազարի փոխարէն կը ստանան 26500 դրամ: Ի լրումն դրա, գիւղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող ծնողը եւս մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը կը ստանայ 26500 դրամ, իսկ գիւղում գրանցում ունեցող վարձու աշխատող մայրը կը ստանայ դրա կրկնապատիկը՝ 63 հազար դրամ: Այսինքն հնարաւոր է, որ պլանաւորումը նաեւ այդպէս է գնացել: Դա ցոյց կը տայ արդէն երրորդ եռամսեակը: Սակայն ցաւօք, այս տարուայ առաջին եռամսեակի տուեալներով ունեցել ենք 1991 թուականից ի վեր ամենացածր ծնելիութեան ցուցանիշը:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Կարո՞ղ ենք արձանագրել, որ կորոնավիրուսը նպաստեց, որ արտագաղթը դանդաղի կամ ընդհանրապէս դադարի:

 ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ.- Բնականաբար, եթէ սահմանները փակ են, ապա մեծ ցանկութեան պարագայում էլ չես կարող որեւէ տեղ գնալ: Նախորդ տարի հետազօտութիւն էր անցկացուել եւ արձանագրուել էր, որ կոնկրետ (յստակ- Խմբ) մշտական մեկնողների թիւը նուազել է: Երբ նայում ենք 3-4 տարի առաջուայ կտրուածքով, երբ որ մարդկանց մինչեւ 50-55 տոկոսը ձգտում էր գնալ երկրից, ապա նախորդ տարի մշտական մեկնել ցանկացողների թիւը նուազել է, չեն ցանկանում հեռանալ: Նախորդ տարի մեծացել էր աշխատանքային միգրանտների թիւը, բայց նրանք մեծ մասամբ վերադառնում են: Այսինքն բոլորը ցանկութիւն էին յայտնել վերադառնալ, այդ միտումը կայ: Կորոնավիրուսով պայմանաւորուած փոփոխութիւններ են եղել ընդհանրապէս աշխարհի միգրացիոն քաղաքականութեան մէջ: Պետութիւնները նոր քաղաքականութիւններ են որդեգրում՝ հաշուի առնելով նաեւ կորոնավիրուսը եւ առողջապահական խնդիրները: Մասնաւորապէս, առնուազն մինչեւ պատուաստանիւթի յայտնաբերումը ինչ-որ սահմանափակումներ սկսելու են գործել: Մեզ մօտ սահմանները մինչեւ հիմա փակ են եւ երկրորդ եռամսեակը ցոյց կը տայ, թէ ինչ է կատարուել բնակչութեան տեղաշարժի առումով:

Նշեմ, որ կորոնավիրուսը յաջորդ տարի եւս պէտք է որ ազդեցութիւն ունենայ, որովհետեւ տեսնում ենք, որ բաւականին ամուսնութիւններ յետաձգուեցին: 2019ին ամուսնութիւնների թիւը նախորդ տարուայ համեմատ աճել էր 750ով, բայց այս տարի կարծում եմ՝ ամուսնութիւնների թիւը կը նուազի, քանի որ սահմանափակումների հետ կապուած շատ դէպքերում հնարաւոր չէր ամուսնութիւնը նշել: Բայց այնպէս չէ, որ այդ նուազումը չի վերականգնուի, որովհետեւ այդ ամուսնութիւնները կը յետաձգուեն այս տարուայ վերջ կամ յաջորդ տարի: Քանի որ ամուսնութիւնները կը յետաձգուեն յաջորդ տարի, մենք յաջորդ տարի կ՛ուենանանք նաեւ ծնունդների անկում:

Ի հարկէ, ժողովրդագրական վիճակին նպաստող, խթանող ծրագրերը, նաեւ մարդկանց լաւատեսութիւնը իրենց ազդեցութիւնն ունենում էին, բայց հիմա որոշակի խնդիրներ են առաջացել, քանի որ բացի կորոնավիրուսից, խնդիր է նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը: Այնպէս որ, լուրջ հետազօտութիւններ են պէտք հասկանալու համար, թէ ինչ է կատարուել, ինչ գործընթաց է տեղի ունեցել: Յամենայն դէպս, յաջորդ տարի ծնունդների անկում կը գրանցուի, այդ ծնունդները կը տեղափոխուեն արդէն 2022 թուական:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here