Հայոց ցեղասպանության հարցը համաշխարհային բնույթ ունի. Թաներ Աքչամ Հուլիս 04, 2020 Տաթևիկ Սարգսյան Կիսվել 4

0
792

https://www.azatutyun.am

«Ազատությանը» բացառիկ հարցազրույց է տվել հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

«Ազատություն». – Պարոն Աքչամ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Շաբաթներ առաջ Անկարայում նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում օրակարգ է բերվել Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու համար անկախ կառույց ստեղծելու հարցը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հիմա նման որոշում ընդունվել, և ինչո՞ւ է այս կառույցի անհրաժեշտությունը առաջացել: Չէ՞ որ Թուրքիան տասնամյակներ շարունակ ցեղասպանության հերքման քաղաքականություն է վարում:

Թաներ Աքչամ. – 2023 թվականը կարևոր տարեթիվ է Թուրքիայի պատմության համար՝ հանրապետության հիմնադրման 100-ամյակն է, միևնույն ժամանակ երկրում ընտրություններ են սպասվում, և քաղաքական իշխանությունը ցանկանում է ամեն գնով հաղթել: Իմ դիտարկմամբ՝ «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան ուզում է ընտրությունների գնալ մի շարք մեգանախագծերով: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ այնպիսի իշխանություն կա, որն ունակ է դիմակայել հանրապետության 100-ամյակին հանդիպած մարտահրավերներին: Եվ այս համատեքստում որոշ զարգացումներ եմ սպասում, օրինակ՝ Քրդական հարցի և հանրապետության առանցքային մյուս խնդիրների վերաբերյալ: Անկարայի ձեռնարկած քայլը Հայկական հարցի շուրջ կենտրոնական քաղաքական մարմնի ստեղծման նախաձեռնության ազդանշանն է և այս առումով կարևոր է:

«Ազատություն». – Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը, հայկական Սփյուռքը ինչպե՞ս պետք է հակադարձեն թուրքական իշխանությունների քայլերին:

Թաներ Աքչամ. – Կարծում եմ, որ հատկապես Սփյուռքում չկա նման կառույց, որը կարող է հակադարձել Թուրքիայի այս նախաձեռնությանը: Ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք. Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, հայկական Սփյուռքի և Թուրքիայի միջև առկա խնդիր է, այլ նաև համաշխարհային բնույթ ունի և մարդու իրավունքների համար պայքարի կարևոր մասն է կազմում: Եվ կարծում եմ, որ ընդդեմ ժխտողական համակարգի մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքական նախագծի ստեղծումը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խաղաղության կողմնակից ինձ նման յուրաքանչյուր մարդու գործը: Հիմա Անկարան այս վերջին նախաձեռնությամբ նախ ձգտելու է դուրս գալ հոգեբանական նեղ վիճակից, որում հայտնվել է միջազգային ասպարեզում, իսկ երկրորդ նպատակն այն ներքաղաքական դաշտում որպես գործիք օգտագործելն է ընտրություններում ձայներ ստանալու համար:

«Ազատություն». – Թուրքիայի առաջ քաշած հիմնական թեզերից մեկը ի տարբերություն թուրքական արխիվների՝ հայկական արխիվների փակ լինելն է: Դուք որպես պատմաբան շարունակ արխիվների հետ եք աշխատում, արխիվները ինչքանո՞վ են բաց և փակ հետազոտողների համար, արդյո՞ք ճիշտ են այս հարցում թուրքական կողմի պնդումները:

Թաներ Աքչամ. – Իրականում այս հարցը հեշտությամբ կարելի է լուծել կառուցվածքային փոխգործակցությամբ: Օրինակ, Թայիփ Էրդողանը կարող է Հայաստան հրավիրվել արխիվներ այցելելու: Այժմ որևէ փակ արխիվ չկա: Նախ բաց արխիվ, փակ արխիվ ձևակերպումը ինքնին սխալ է: Բոլոր արխիվները բաց են հետազոտողների առաջ: Խնդիրն այլ է՝ արդյո՞ք այդ արխիվներում ենթադրաբար առկա նյութերը տրամադրվում են հետազոտողներին: Հայաստանի մասին խոսենք. Հայաստանի Ազգային արխիվը առավոտից երեկո բոլորի համար բաց է, ցանկացողները կարող են գնալ և աշխատել: Սակայն Հայաստանի Ազգային արխիվում ցեղասպանության մասին շատ նյութ չեք կարող գտնել: Մի պարզ պատճառով՝ այս պետությունը 1918 թվականին է հիմնվել, միգուցե և 1921 թվականին, երբ դաշնակցականները հեռացան երկրից: Դաշնակցականները իրենց արխիվները տարել են, և դրանց կարևոր մի մասը հիմա Բոստոնում է գտնվում: Հետևաբար, պարզապես անհեթեթ են այն բանավեճերը, թե Հայաստանում արխիվները բաց չեն: Դրանք բաց են, և ցանկացողը կարող է գնալ:

Թուրքիայում օսմանյան արխիվը ևս բաց է, աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր արխիվներից է, և այստեղ աշխատելու համար ոչ մի արգելք չկա: Օսմանյան արխիվի միակ խնդիրն այն է, որ մի շարք փաստաթղթեր այստեղ չեն ներկայացված: Հարցը արխիվների բաց և փակ լինելը չէ, այլ որ օսմանյան արխիվում չկան 1915 թվականի ցեղասպանությունը իրականացրած երկրի և կուսակցության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իսկ ռազմական արխիվում առկա նյութերն էլ հասանելի չեն հետազոտողների համար:

«Ազատություն». – Կխնդրեի մի քիչ պատմեիք Ձեր վերջին ուսումնասիրությունների մասին: Այժմ ի՞նչ թեմայի շուրջ եք աշխատում, արդյո՞ք գիրք գրում եք:

Թաներ Աքչամ. – Այժմ երկու տարբեր նախագծի շուրջ եմ աշխատում, մեկի մասին պատմեմ՝ Ջեմալ փաշայի և նրա դերի մասին է: Չգիտեմ հոդվա՞ծ կստացվի, թե՞ գիրք՝ դեռ ուսումնասիրության փուլում եմ: Ինչու եմ Ջեմալ փաշային ուսումնասիրում. հետաքրքիր կերպար է, քանի որ այսպիսի պնդում կա, թե Ջեմալ փաշան մի քիչ տարբեր էր մյուսներից: Ստամբուլում իթթիհաթականներ կային, որոնք ուզում էին կոտորել հայերին, սակայն Ջեմալը դեմ էր այս քաղաքականությանը և այդ պատճառով նա շատ հայերի կյանք է փրկել: Կարծես նա հայերի փրկիչն էր և նույնիսկ, որոշ պնդումների համաձայն, Ջեմալ փաշան Սիրիայում հայկական գաղտնի կազմավորումների հետ հարաբերությունների մեջ լինելով՝ ընդդիմանում էր Ստամբուլի քաղաքականությանը և հայերի կյանքը փրկում: Այդ պատճառով ուզում եմ մոտիկից ուսումնասիրել՝ արդյո՞ք Ջեմալ փաշան տարբերվում էր, ուրիշ քաղաքականություն ուներ, և իրո՞ք հայերի կյանքեր է փրկել:

«Ազատություն». – Քանի՞ տարի է Թուրքիա չեք եկել, ինչո՞ւ չեք կարողանում գալ: Շա՞տ եք կարոտել հայրենի Արդահանը:

Թաներ Աքչամ. – Ճիշտ է, շատ եմ կարոտել, վերջին անգամ Արդահանում եղել եմ 2016-ի ամռանը: Ինձ համար շատ թանկ ու կարևոր է իմ գյուղը: Իրավական ոչ մի արգելք չկա Թուրքիա գալու համար, կարող եմ գալ, սակայն երկրում առկա մթնոլորտը կասկածի տեղիք է տալիս: Բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ առանց որևէ պատճառի, հորինված մեղադրանքներով փտում են բանտերում: Օսման Քավալան կարևոր օրինակներից մեկն է: Ոչ ոք չի կարող խելամիտ պատասխան տալ այն հարցին, թե այն Թուրքիայում, որտեղ Օսման Քավալան բանտում է պահվում, Թաներ Աքչամը ինչու չի ձերբակալվում: Կարծում եմ չարժե ռիսկի գնալ:

Հուսուվ եմ՝ քաղաքական միջավայրը կփոխվի, Օսման Քավալան, Ահմեդ Ալթանը, մյուս լրագրողները ազատ կարձակվեն, և Թուրքիայում ազատ խոսելու ու բանավիճելու մթնոլորտ կրկին կհաստատվի: Այդ պայմաններում ես էլ կարող եմ գալ:

Սակայն ուզում եմ ընդգծել, որ այս պահին իմ առաջ որևէ իրավական արգելք չկա: Այնուհանդերձ, Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը վախեցնում է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here