«Հակահայկականութիւնն Ալիեւի Իշխանութեան Պաշտպանութեան Վերջին Գիծն Է». Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան Խօսնակ

0
152

ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբեր Աննա Նաղտալեան մեկնաբանեց Ատրպէյճանի նախագահին՝ Խաթայի շրջանին մէջ կատարած յայտարարութիւնները, որոնք, ի շարս այլ հարցերու, կը վերաբերին նաեւ ԵԱՀԿի Մինսկի խումբի համանախագահութեան վերաբերող քննադատութեան։

«Այս հարցով իմ գործընկերներն արդէն իսկ հանդէս են եկել մեկնաբանութեամբ: Պարզապէս ցանկանում եմ յաւելել, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչութեամբ չարախնդող նախագահ Ալիեւն այսօր մեկուսացման մէջ գտնուող իր հասարակութեանը դիմելու այլ խօսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը:

«Հակահայկականութիւնն Ալիեւի իշխանութեան պաշտպանութեան վերջին գիծն է, եւ դրա ետեւում թաքնուելը լաւագոյնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը եւ յուսահատ տրամադրութիւնները: Զաւեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական եւ տնտեսական իշխանութիւնը տասնամեակներ շարունակ գտնւում է մէկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարէզում բնորոշւում է որպէս ռեպրեսիւ (ճնշող-Խմբ.) ռեժիմ: Յատկանշական է, որ նախագահ Ալիեւն իր թշնամական եւ ռասիստական (ցեղապաշտական-Խմբ.) մեկնաբանութիւններով անպատասխանատու վերաբերմունք եւ արհամարհանք է դրսեւորում նախ եւ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մէկ շաբաթ առաջ արուած յայտարարութեան հանդէպ, որը պարունակում էր մտահոգութիւն թշնամական եւ սադրիչ հռետորաբանութեան առնչութեամբ:

«Ինչպէս Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստում յայտարարել էր վարչապետ Փաշինեանը, «ղարաբաղեան հակամարտութիւնն անժամկէտ հայ-ադրբեջանական լայնածաւալ թշնամութեան վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմեանցից կը վիճարկեն ամէն ինչ՝ անցեալը, ներկան, ապագան եւ ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից», յայտնեց Նաղտալեան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here