Արցախի Արտաքին Գործոց Նախարարութիւնը Խստօրէն Դատապարտեց Ատրպէյճանի Գործողութիւնները

0
273

ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը 13 յուլիսին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն միջոցաւ խստօրէն կը դատապարտէ 12 յուլիսին Ատրպէյճանի կողմէ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզին ուղղութեամբ հայ-ատրպէյճանական սահմանին զինադադարի դրութեան կոպիտ խախտումը` լարուածութեան հետագայ նպատակաուղղուած սրման միտող:

«Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի յարձակումը հայկական դիրքերի ուղղութեամբ եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգութեանը եւ կայունութեանը: Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագոյն քաղաքական վերնախաւի աղաւաղուած պատկերացումները` միջազգային իրաւունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայութեան մասին, Հարաւային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբիւրն են եւ տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործօն:

«Վճռականօրէն մերժում ենք ցանկացած փորձ` խրախուսելու Բաքուի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ: Այս առումով անթոյլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ յայտարարութիւնը` ի աջակցութիւն Ադրբեջանի կողմից իրականացուած սադրանքներին եւ հրադադարի ռեժիմի (դրութեան-Խմբ.) խախտումներին: Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Կոչ ենք անում միջազգային հանրութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժէք գնահատական տալ ինչպէս Ադրբեջանի գործողութիւններին` ուղղուած հայ-ադրբեջանական սահմանին իրադրութեան ապակայունացմանը, այնպէս էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը», կ՛ըսուի հաղորդագրութեան մէջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here