Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին

0
175

https://www.azatutyun.am – Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է չորս զինծառայողների զոհվելու մասին։ Նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Այսօր Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտնեց, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։ Այսօր Ադրբեջանը հայտնել է նաև Թովուզի շրջանի Աղդամ գյուղի խաղաղ բնակչի զոհվելու մասին: Ըստ հաղորդագրության` 1944թ. ծնված Ազիզ Իզաատ Ազիզովը զոհվել է հայկական կողմի հրետակոծության հետևանքով։ Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր 12 զոհերի ու 4 վիրավորների մասին։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը երեկոյան կողմ փոխանցեց «Ազատությանը», որ սահմանին հարաբերական անդորր է։ Օրվա առաջին կեսին նա հայտնել էր, որ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքով թիրախավորել էին Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Բերդի հրետակոծության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով. «Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, թե հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի զինված ուժերի կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք։ Ստեփանյանն իր էջում տեղադրեց նաև հայկական զինված ուժերի կողմից հակառակորդի հենակետերը խոցելը պատկերող տեսանյութեր։

Կեսօրին «Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փոխանցել էր, թե հայկական բնակավայրերի՝ ներառյալ Բերդ քաղաքի ու սահմանային գյուղերի հրետակոծությունը դադարել է, զոհեր, վիրավորներ չկան. – «Իրավիճակը հանգիստ է, հանդարտ է, այս պահին հրետակոծում չկա, մարդիկ զբաղված են իրենց աշխատանքով, բայց աչալուրջ են, զգոն են, հատկապես երեխաների, ծերերի մասով, բոլոր ընտանիքները արդեն նաև ինքնակազմակերպմամբ ավելի ապահով վայրերում են իրենց տների, բնակարանների: Մենք մոնիտորինգ ենք արել բոլոր ապաստարանների և քաղպահպանության օբյեկտները, երեկվանից սկսած բոլորը պատրաստ վիճակում են: Այնպես որ, այսպես դիմակայուն կանգնած է Տավուշի ժողովուրդը»:

«Ազատություն». – Պարոն մարզպետ, ինչպիսի՞ իրավիճակ է սահմանային գյուղերում, այնտեղ շարունակվո՞ւմ է ռմբակոծությունը, թե՞ ինչպես Բերդի պարագայում այն դադարել է:

Հայկ Չոբանյան. – Այս պահին սահմանային որևէ գյուղում ռմբակոծություն չկա, և ինչպես ասացի` չեմ ուզում կրկնվեմ, դա վերաբերում է նաև մեր սահմանապահ գյուղերին առանց որևէ տարբերության:

«Ազատություն». – Ռմբակոծության հետևանքով զոհեր, վիրավորներ կա՞ն:

Հայկ Չոբանյան. – Ո՛չ, մենք զոհեր, վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ չունենք: Վնասվել է տուն ռմբակոծությունների ժամանակ և այլն, բայց բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան:

«Ազատություն». – Բերդում նկատի ունե՞ք:

Հայկ Չոբանյան. – Ո՛չ, Չինարիում:

«Ազատություն». – Եթե ընդհանուր նկարագրեք իրավիճակը, մարդիկ ռմբապաստարաններո՞ւմ են, թե՞ ինչպիսի իրավիճակ է:

Հայկ Չոբանյան. – Ո՛չ, մարդիկ իրենց առօրյայի մեջ են և պատրաստ են հնարավոր լարման դեպքում ապաստանել իրենց նկուղներում և ապաստարաններում:

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց կիրակի օրվանից։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` հուլիսի 12-ին ժամը 12:30-ից Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ պարբերաբար փորձել են գրավել հայկական սահմանային դիրքը՝ կիրառելով 82 մմ ականանետ, տանկ և հրետանային կրակ, սակայն կորուստներ կրելով` հետ են շպրտվել՝ թողնելով նաև ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ` հայկական զինված ուժերը հրետանու օգնությամբ Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ կիրակի օրը փորձել են գրավել ադրբեջանական դիրքերից մեկը, սակայն ձախողելով նահանջել են։

Երեկոյան կողմ տարածվեց Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ըստ որի արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here