Ալիևը հրապարակավ քննադատում է ԱԳ նախարարին, մամուլը գրում է Մամեդյարովի հնարավոր հրաժարականի մասին

0
165

https://www.azatutyun.am/-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կառավարության նիստի ընթացքում կոշտ քննադատություն է հնչեցրել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հասցեին՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում, բացի Մամեդյարովից։

«Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատասենյակում չէր», – դժգոհել է Ալիևը՝ Մամեդյարովին մեղադրելով անպատասխանատվության մեջ: Արձագանքելով նախագահի հայտարարությանը՝ վարչապետ Ալի Ասադովը հայտնել է, որ Մամեդյարովը այդ օրը՝ ժամը 3-ին տանն էր։

«Ես նրան հարցրեցի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:

Ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը», – եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են 2004 թվականից երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մամեդյարովի հնարավոր հրաժարականի մասին: Այս լուրը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:

60-ամյա Մամեդյարովը վերջերս կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր հայտնվել ինչպես իր ղեկավարած կառույցում, այնպես էլ որդու անվան հետ կապվող աղմկահարույց պատմությունների պատճառով:

Անցած օրերին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում, որի արդյունքում ձերբակալվել էր նախարարության գործերի կառավարման վարչության պետ, Մամեդյարովի մտերիմ Ֆարհադ Մոլլազադեն, ով ըստ տեղական լրատվամիջոցների, կասկածվում է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here