Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

0
423

https://www.azatutyun.am-Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, հրադադարի ռեժիմը խախտվել է մոտավորապես 70 անգամ, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի, Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Լրագրողների հարցին՝ Ադրբեջանի փորձագետները շահարկում են, թե Հայաստանը կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո, սա նոր քարոզչական թեզ է արտաքին լսարանին ուղղված: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն: Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք, և սա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային այդ մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում, թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել էր հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here