«Թէժ Կէտը Գտնւում Է Ադրբեջանի Ռազմավարական Հաղորդակցութիւնների Շրջանում

0
496

«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹՐՔԱԳԷՏ ԱՆԱՀԻՏ ՎԷԶԻՐԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Մեր զրուցակիցն է թուրքագէտ Անահիտ Վէզիրեանը

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.-  Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Մինչ այդ էլ թուրքական կողմից յայտարարութիւններ եղան, որ սատարում են Ադրբեջանին։ Որքանո՞վ Թուրքիայի ակտիւութիւնը պէտք է լուրջ ընդունել։

ԱՆԱՀԻՏ ՎԷԶԻՐԵԱՆ.- Ընդհանրապէս Թուրքիային պէտք է լուրջ ընդունել։ Նա տարածաշրջանում յաւականութիւններ ունեցող, դրանք բարձրաձայնող եւ իրացնել փորձող երկիր է։ Եւ ասուածը գործնականում տեսնում ենք Մերձաւոր Արեւելքում, մասնաւորապէս Սիրիայում, Իրաքում, նաեւ Լիբիայում եւ Արեւելեան Միջերկրականում։ Իսկ եթէ յիշենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս արտայայտած «աշխարհը մեծ է հինգից» միտքը, որը իւրատեսակ բողոք է ՄԱԿ Ապահովական Խորհուրդի 5 մշտական անդամներից բացի միւս երկրների՝ մասնաւորապէս Թուրքիայի նուազ դերակատարման դէմ, ինչպէս նաեւ միջուկային զէնք ունենալու ցանկութեան մասին յայտարարութիւնները, ապա կարելի է ասել, որ Էրդողանի յաւակնութիւնները չեն բաւարարւում տարածաշրջանով։ Հայաստան-Ադրբեջան հերթական լարուածութիւնն էլ հնարաւորութիւն տուեց Թուրքիային եւս մէկ անգամ բացէ ի բաց բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրութիւնների մասին։ 4 օրերի ընթացքում բազմաթիւ արձագանգներ են եղել՝ սկսած նախագահ Էրդողանից վերջացրած անյայտ քաղաքական գործիչներով։

Միակողմանի, չհաւասարակշռուած, կոռեկտութեան (ճշգրտութեան- Խմբ.) սահմաններն անցող բառապաշարի կիրառմամբ բարձաստիճան պաշտօնեաների, պետական գերատեսչութիւնների յայտարարութիւնները, ինչպէս նաեւ Թուրքիա-Հայաստան սահմանին թուրքական մարտական ԱԹՍների թռիչքների մասին մամուլում շրջանառուող ոչ պաշտօնական եւ քարոզչական փաթեթաւորմամբ տեղեկութիւնները մի քանի հասցէատէրերի ուղղուած ուղերձներ էին։ Նախ աջակցութիւն էին Ադրբեջանի իշխանութիւններին, որոնք հանրային դժգոհութեան լուրջ ճնշման տակ էին, եւ ազդակներ ադրբեջանական հասարակութեանը, որ «թուրք մեծ եղբայրն իրենց կողքին է եւ միայնակ չի թողնելու»։ Հայաստանին հոգեբանօրէն ճնշելու եւ ըստ իրենց «Հայաստանին իր տեղը ցոյց տալու» փորձ։ Տարածաշրջանում յաւակնութիւններ ունեցող այլ պետութիւնների եւ մասնաւորապէս Ռուսաստանի առաջ ցուցադրում, որ Թուրքիան այստեղ կենսական շահեր ունի եւ պատրաստ է դրանք պաշտպանել։

Անդրադառնալով փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխաւորութեամբ Ադրբեջանի ՊՆ պատուիրակութեան այցին, որի կազմում է եղել Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաեւը, կարծում եմ արժէ նշել, որ այցը համընկաւ Յուլիսի 16ի հետ, երբ ՀՀ զինուած ուժերը կասեցրել էին ադրբեջանական հերթական յարձակումը։ Ակնյայտ է, որ օրակարգում սահմանային հարցն է եղել։ Դժուար է ասել, թէ կոնկրետ (յստակ-Խմբ.) ինչ հարցեր են քննարկել։ Այս պահի դրութեամբ այցի շօշափելի արդիւնքը Թուրքիայի պաշտպանութեան արդիւնաբերութեան պետ Իսմայիլ Դէմիրի յայտարարութիւն է, որ պաշտպանական արդիւնաբերութիւնը մշտապէս գտնւում է Ադրբեջանի տրամադրութեան տակ։

Այստեղ նշեմ, որ այս ոլորտում համագործակցութիւնը նոր չէ․ Թուրքիան Ադրբեջանին զէնքի գլխաւոր մատակարարներից է։ Այս տարի Թուրքիան 30 մլն դոլարի վարկ էր տրամադրել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, իսկ Յուլիսի սկզբին Ադրբեջանի Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը յայտնել էր, որ թուրքական ԱԹՍներ են ձեռք բերելու։ Այս պահին ինձ հետաքրքրող հարցերից մէկն է, թէ այդ համալրումները Թուրքիայի տրամադրած 30 մլն վարկի շրջանակներում են լինելու, թէ ոչ։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Որքանո՞վ էր այս յարձակումը Թուրքիայի գիտութեամբ կամ միջամտութեամբ տեղի ունեցել։

ԱՆԱՀԻՏ ՎԷԶԻՐԵԱՆ.- Ես հակուած չեմ այն կարծիքին, որ սա Թուրքիայի հետ պլանաւորուած (ծրագրուած- Խմբ.) կամ պայմանաւորուած յարձակում էր։ Թուրքիան Ադրբեջանի յարձակումն օգտագործեց եւս մէկ անգամ յայտարարելու տարածաշրջանի նկատմամբ իր պատմական յաւակնութիւնների, կենսական շահերի առկայութեան մասին։ Ընդ որում թուրք բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններում նկատւում են անուղղակի ակնարկներ առ այն, որ լարումի յետեւում կանգնած են այլ ուժեր։ Ինչպէս օրինակ Էրդողանը Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի վրայ յարձակուելու մէջ՝ նշել, թէ «նման քայլը Հայաստանի տրամաչափից դուրս քայլ» էր։

Այսօր արդէն Էրդողան կրկին յայտարարութիւնը է արել թեմայի առնչութեամբ, որը խիստ տարբերւում էր նախորդից, եւ հիմնականում կիրառուել են մշտապէս օգագործուող, մեզ համար սովորական դարձած արտայայտութիւններ։ Սա ցոյց է տալիս, որ կրքերը Թուրքիայում հանդարտուելու միտում ունեն, եւ այս պահին Թուրքիան շահագրգռուած չէ իրավիճակի թէժացմամբ։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Շատերը տաւուշեան լարուածութեան հիմքում յետին պլանում տեսնում են Ռուսաստան–Թուրքիա գազային հակամարտութեան գործօնը։ Տեսնու՞մ էք այդպիսի գործօն, թէ ոչ։

ԱՆԱՀԻՏ ՎԷԶԻՐԵԱՆ.- Վերեւում արդէն նշել եմ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցածը չեմ համարում երրորդ կողմերի հետ պլանաւորուած, հետեւաբար նաեւ որեւէ մէկի գործօնով կամ շահերով պայմանաւորուած։

Բայց, ի հարկէ, թէժ կէտը գտնւում է Ադրբեջանի համար ռազմավարական կարեւորութիւն ունեցող շրջանում։ Իսկ այս շրջանի կարեւորութիւնն այն է, որ այդ տեղով են անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաւթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Ադրբեջանը Վրաստանով Թուրքիային կապող միակ մայրուղին։ Սրանով են պայմանաւորուած նաեւ Թուրքիայի ջղաձգումները։ Այո, այս էներգակիրները (ուժանիւթակիրներ- Խմբ.)  դուրս են Ռուսաստանի վերահսկողութիւնից, իսկ դէպի Եւրոպա հասնող TANAP-ի մի հատուածը՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրումը կարելի է ասել՝ սպառնալիք է Ռուսաստանի՝ Եւրոպայի համար գազամատակարարի դերի համար։ Այնուամենայնիւ, չեմ կարծում, որ այս գործօնը եղել է լարուածութեան սկսման հիմքում, սակայն չեմ բացառում, որ այն կարող է շահարկուել իրավիճակը թէժացնելու համար։

Իսկ Ադրբեջանի նման յարձակման գնալու հիմքերը կապում եմ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների հետ՝ պայմանաւորուած կորոնավիրուսի տարածմամբ, նաւթի գնի անկմամբ։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Չի բացառւում նաեւ, որ հետագայում Թուրքիան կը փորձի իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանում՝ ԲԹԷ-ի երկայնքով։ Ին՞չ է սպասւում այս առումով։

ԱՆԱՀԻՏ ՎԷԶԻՐԵԱՆ.- Նման սցենարները (բեմագրութիւններ- Խմբ.) գոյութեան իրաւունք ունեն եւ պէտք է քննարկուեն ու քննուեն։ Սակայն գոնէ այս պահին, այս էսկալացիայի պայմաններում բացառում եմ։ Բացի այդ, զօրքեր տեղակայելու համար անհարժեշտ է լեգիտիմ (օրինական- Խմբ.) հիմք՝ Ադրբեջանի խնդրանք, հրաւէր։ Բայց այստեղ հարց է, արդեօք Ադրբեջանը կը ցանկանայ իր տարածքում եղբայրական, բայց այնուամենայնիւ օտար զօրք տեղակայել։ Կայ մէկ այլ հարց եւս․ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանութիւնները սեփական հանրութեանը քարոզել են երկրի ռազմական հզօր ներուժի մասին, արդեօք հիմա Բաքուն կ’անի մի քայլ, որը կարող է հարցականի տակ դնել այդ թեզերը։

Այս ամէնից զատ, կայ Ռուսաստանի գործօնը, սա եւս պէտք է հաշուի առնել սցենարի հաւանականութիւնը գնահատելու համար։ Այսինքն, ոչ միայն իրավիճակի լարման մակարդակը այլեւ միւս գործօնները ակնառու խոչընդոտներ են։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here