Արտաքին Գործոց Նախարարութիւնը Դատապարտեց Զանազան Երկիրներու Մէջ Ազգամիջեան Բախումներ Հրահրելու Գործելակերպը

0
219

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը զանազան երկիրներու մէջ ապրող հայերուն կոչ ուղղեց՝ զգօնութիւն ցուցաբերելու եւ սադրանքներու չտրուիլու։

Արտաքին գործոց նախարարութեան բանբերին հրապարակած յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Վերջին շրջանում արձանագրւում են աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդէպ բռնութեան դէպքեր եւ փորձեր: Եղել են նաեւ արտերկրում ՀՀ դիւանագիտական ծառայութեան եւ հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական եւ ծառայողական գոյքի դիտաւորեալ ոչնչացման դէպքեր, որոնք առանձին դէպքերում սպառնացել են նաեւ դիւանագիտական անձնակազմի անվտանգութեանը: Ռասիստական (ցեղապաշտական-Խմբ.) բնոյթի քայլեր են ձեռնարկւում խոչընդոտելու Հայաստանի առեւտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:

Այս գործողութիւնների ընդլայնուող աշխարհագրութիւնը եւ ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների դէմ իրականացուող գործողութիւններում Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների ներգրաւման փաստերը վկայում են, որ վերոնշեալ գործողութիւններն ուղղորդւում են Ադրբեջանի պետական կառոյցների կողմից:

«Մենք խստօրէն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջեան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքուի անպատասխանատուութեան հերթական դրսեւորումն է եւ ամբողջովին տեղաւորւում է Ադրբեջանի ղեկավարութեան՝ երկու ժողովուրդների միջեւ առանց աշխարհագրական սահմանափակման թշնամութեան հրահրման հռետորաբանութեան եւ քաղաքականութեան մէջ:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգօնութիւն, չտրուել որեւէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապէս կապ հաստատել տեղի իրաւապահ մարմինների, հայ համայնքային կառոյցների եւ Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչների հետ»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here