«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն.

0
258

Համահայկական Ազգային Համաձայնությունը (ՀԱՀ) հանրակրթական նորարարությունների առումով ջախջախիչ հայտարարություն է անում:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, տարբեր ոլորտ­ներում այսպես կոչված բարեփոխումները ներառեցին նաև հանրակրթության և բարձ­րագույն կրթության մարզը: Կրթության և գիտության յուրաքանչյուր նախարար նպա­տակ է դրել տարբեր ծրագրեր պարտադրել այս մարզին՝ կարծես այն լինի «որբի գլուխ», որի վրա կարելի է սափրիչություն սովորել: Բարեփոխումներ կարելի է անել, եթե դրանք չեն վնասում հազարամյակների հայկական մշակույթի փոխանցմանը՝ կրթության էությանը, և նպաստում են մեր ժամանակների պահանջներին։ Սակայն նախորդ տասնամյակների իրողությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ աշխա­տանք է տարվում ապազգայնացնելու և կազմաքանդելու ՀՀ հանրակրթության, բարձ­րագույն կրթության և գիտության մարզերը:

Նախորդ տասնամյակում «Օպտիմալացում» պիտակի տակ ծանր հարված հասց­վեց հանրակրթությանը, որին հաջորդեց Համաշխարհային Բանկի մշակած ու պար­տադրած ապազգային «Հանրակրթության պետական կրթակարգի» ներմուծումը, որ­տեղ ամրագրված է հայության հոգեբանությանը հարիր ուսուցչակենտրոն կրթության փոխարինումը աշակերտակենտրոն կրթությամբ: Իսկ այսօր ՀՀ «հեղափոխական» իշ­խանությունները կարծես մրցավազքի են ելել օր առաջ ամբողջովին հողին հավասա­րեցնելու նախորդ վարչակարգերի հետևողական քանդումներից փրկված կրթական վերջին ավերակները: Եթե ինչ որ կերպ կարելի էր հասկանալ «Հայ Եկեղեցու պատմու­թյուն» առարկայի միավորումը «Հայոց պատմություն» առարկային, ապա հիմնովին անընդունելի են ՀՀ ԿԳՄՍՆ-ի՝ վերջին օրերին հրապարակած նորարարությունները հայ գրականության և հայոց պատմության դպրոցական ծրագրերում: Դրանց կազմող­ները չեն էլ թաքցնում որ առաջնորդվել են ամերիկյան և սինգապուրյան դպրոցի մոդելներով: Սինգապուրն ու ԱՄՆ-ը բազմազգ-բազմացեղ երկրներ են, ավելի ճիշտ՝ մարդկային տարբեր հավաքականությունների խառնարան-ձուլարաններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի այն եզակի երկրներից է, որի բնիկները կազմում են բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Հետևաբար, հարկավոր էր առաջնորդվելհայկական դպրոցի ազգային մոդելով։

«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպո­լիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղա­քացուն, ծուռ մեկնաբանությամբ ազգային հավաքական իրավունքները տրամագծո­րեն հակադրելով մարդու իրավունքներին և այլն:

Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ծրագրած դավադրական փոփոխություններից:

«Հայոց պատմության» դպրոցական ողջ ցիկլից դուրս է մնացել հայոց բազմահա­զարամյա պատմության կեսից ավելին՝ այն սահմանափակելով մ. թ. ա. 1-ին հազարամ­յակից մինչև այսօր: Դասագրքերում բացակայում են՝ հայկական պետական հնագույն կազմավորումները, հնագույն մշակույթը (օրինակ՝ Մեծամորը, Քարահունջը), թույլ են տրված ժամանակագրական բացեր և խախտումներ:

Ընդհանուր գրականություն հատվածում առանձնացված չէ ու չկա՛ «Հայ գրա­կանություն» առարկան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ուղղորդված «բարեփոխում­ների» այս նոր նախագծում բերված են ընդհանրապես գրականությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, և անհասկանալի է, թե ո՞ր երկրի համար է այն կազմված։ «Գրականության» դասավանդումը չի՛ կարող հայկական դպրոցում իրականացվել առանց «Հայ գրականության»։ «Հայ գրականությունը» որպես առանձին առարկա պար­տադի՛ր է հայ դեռահասի համար իր ազգային ինքնությունը հասկանալու ու դրա կրողը դառնալու համար։ Եվ հարց է առաջանում՝ դպրոցական ո՞ր առարկաների շնոր­հիվ պետք է 98% միատարր էթնիկ երկրի քաղաքացին ձևավորի ի՛ր ինքնության գի­տակցությունը և լինի ի՛ր մշակույթի կրողը, եթե ոչ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ընդգծված ու խորացված ուսուցման շնորհիվ։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրականությունը կառուցվում է ճշմարտությունից զգալի նահանջների վրա, սակայն այդ նահանջների արդյունք հան­դիսացող կեղծիքը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ներկայացվում է որպես ճշմարտություն։ Մեր իրականության մեջ կեղծիքը ճշմարտության փոխարեն ներկա­յացնելը կարճ ժամանակում դարձավ վարքականոն ու վարքագիծ։ Այսօրվա քննարկ­վող հանրակրթական ծրագրերի խնդիրը լիովին տեղավորվում է այդ շրջանակում։ Սա մեր երկրի օլիգարխիկ համակարգով պայմանավորված կոսմոպոլիտ քաղաքացու դաս­տիարակության ծրագրի բացահայտ տարբերակ է, որի դաստիարակությամբ կերտ­ված քաղաքացին մինչև վերջին հնարավորությունը կհարստահարի սեփական ժողո­վըրդին և, եթե սեփական երկիրն իրեն արդեն չբավարարի, կարող է նստել ինքնաթիռ և մեկնել այն երկիրը, որի բանկերին նախապես պահ էր տվել իր կապիտալը։ Եվ ընդ­հանրապես, եթե լինեինք ոչ բռնատիրական երկիր, ապա նորարարություններ հրա­պարակ հանելուց առաջ, հարկավոր էր բոլոր առաջարկները քննարկել համապա­տասխան փորձագիտական, կրթական և համալսարանական շրջանակների հետ, կազմակերպել հանրային քննարկումներ, նաև հաշվի նստել այս ոլորտներում սփյուռ­քում հեղինակություն վայելող մանկավարժների կարծիքների հետ: Մեզ անհրաժեշտ է համահայկական կրթական հայեցակարգով առաջնորդվել, եթե հավատում ենք մեր ազգային միասնականությանը և միասնական ապագային: Ուստի պարզ է, որ հանրա­կրթական այս ազգաքանդիչ ծրագիրն ուղղված է սեփական երկրի համար պատաս­խանատվություն չկրող կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակությանը։

Համահայկական Ազգային Համաձայնությունը հարց է տալիս. ի վերջո ո՞րն է ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասավանդելու իսկական նպատակը. դրանք պահել ձևականորե՞ն, թե՞ դրանց միջոցով ձևավորել ապագա հայ անհատին, միաժամանակ՝ ՀՀ վաղվա քա­ղաքացուն: Մեր համոզումով, ՀՀ հանրակրթությունը պարտավոր է կերտել մարդ­կային և ազգային վեհ արժեքներով ու առաքինություններով թրծված նոր սերունդ, իսկ համալսարանական կրթությունը՝ կյանքի զանազան ոլորտների լավագույն մաս­նագետներ: Լավ մասնագետ, լավ մարդ և լավ հայ. ահա սրբազան եռամիասնությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրթության գերնպատակը: Այս երեքից որեւէ մեկի, տվյալ դեպքում՝ հայ անհատի կերտման բացակայությունը, պարզապես աղետ է լի­նելու ՀՀ պետության և հայ ազգի համար, ինչը թույլ չե՛նք տա:

Մեր խստագույն բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխությունների հա­մար, կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը՝ անհապա՛ղ չեղարկել այս ապազգային չափորոշիչները և առաջնորդվել ազգային կրթական չափորոշիչներով: Եթե մեր պահանջը ինչ-ինչ պատճառներով (արտասահմանյան կապվածություններ, պատվերը կատարելու դիմաց դրամաշնորհներ և այլն) չեք կարող իրականացնել, ապա բարի եղեք վայրկյան առաջ կամովին հեռանալ իշխանությունից՝ նախքան դա ուշ լինի ձեզ համար: Ի սեր Աստծո՝ հեռացե՛ք․ ձեր գլոբալիստական բոլշևիզմն ապազ­գային աղետ է հայոց պետականության համար։ Հայ ժողովուրդը թե՛ ՀՀ նախկին վար­չակարգերի ավազակապետների, թե՛ ձեզ նման ապիկար ապազգայնականների դեմ ունի՛ այլընտրանք:

ՀԱՀ մտավորականների խորհուրդ,

համակարգող՝ Արթուր Արմին (Բաբայան)

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,

համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ,

համակարգող՝ Աշոտ Աշոտյան (Կոշկակարյան)

Աղբյուր` Փաստինֆո

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here