Հարցազրոյց Կանթեղի խմբակից արուեստագիտուհի՝ Լիլիթ Տօնականեանին հետ

0
536

ԼԻԼԻԹ ՏՈՆԱԿԱՆԵԱՆԸ ԿԱՆԹԵՂԻՆ հին խմբակից արուեստագէտներէն է, որուն անցեալին ներկայացուցած էինք: Յիշեցնենք թէ ԼԻԼԻԹԸ ծնած է Շիրակի մարզի Արթիկ քաղաքը: Անցան տարիներ եւ իր կեանքին մէջ եղան նորութիւններ՝ կազմեց ընտանիք, ունեցաւ երեխայ , զգաց մայրութիւնը եւ անոր հարազատ զգացումներ, որոնք ունեցան իրենց ազդեցութիւնները իր վրայ իբրեւ մարդ եւ ունեցան արտացոլացումներ իր ստեղծագործական աշխարհին մէջ:

 Այսօր հեռակայ հարցազրոյց մը պատրաստեցինք միասնաբար որպէսզի ներկայացնենք ԼԻԼԻԹԻՆ կեանքի եւ արուեստի աշխարհի նորութիւնները.

 Հ-1:

Կանթեղ միացած էիր ուղիղ երեք տարիներ առաջ երբ տակաւին նոր աւարտած էիր գեղարուեստական համալսարանը եւ սկսած էիր ստեղծագործել: Ըստ Քեզի Լիլիթը որքան փոփոխուեցաւ իբրեւ մարդ եւ  արուեստագէտ:

 Պ-1:

Շնորհակալ եմ շատ կրգին անգամ Կանթեղ Հայկական էջին և Աբիկ Աբրահամ Գանտիլեանին: Այս տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք ցուցահանդեսներ , նոր մտքեր , նոր մտահաղացումներ, ինքս ինձ բացահայտելու հնարավորություն տրվեց: Ես նկարիչ եմ, ով փորձում է ուժ և եռանդ ներդնել լավագույն արդյունքների հասնելու համար: Մշակույթն ինքնին միավորող ուժ է, սեր, բարություն, խոհեմություն ու համբերություն: Այն մարդկանց դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքն է: Նկարիչը իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ներդնում է իր ամբողջ էներգիան, փորձում է աշխարհը դարձնել ավելի բարի ու ներդաշնակ:

 Հ-2:

Որքան ազդեցութիւն ունեցաւ կեանքի նոր հանգրուանդ, սկսելով ընտանիք կազմելով եւ երեխայ ունենալով:

 Պ-2:

Ընտանիքը երջանկություն է, սեր է և ուժ , իսկ բալիկի ծննունդը մեծ ուրախություն է :

 Հ-3:

Անցեալին ի՞նչ կ՛ըսէր քեզի արուեստը եւ հիմա ի՞նչպիսի բնոյթ ստացած է քեզի համար: Մէկ խօսքով անցեալին ի՞նչն էր հետաքրքրիր թեմաները քեզի համար իսկ ներկայիս ինչ եղաւ, որոշ փոփոխութիւններ ունեցար, ի՞նչ զարգացաւ քու մէջդ:  

 Պ-3:

Այնցյալում և հիմա, Իմ նկարների մեջ, թերևս, գերակշռողը բնության թեման է, քանի որ ինձ համար բնությունից կատարյալ ոչինչ չկա: Բնությունն ինքն է ինձ կանչում, և ես հոգեպես շատ եմ կապված նրա հետ: Հավանական է, որ այդ հարցում մեծ դեր է խաղացել նաև իմ ծննդավայրն ու իմ մանկությունը: Փոքրուց շրջապատված լինելով չքնաղ բնությամբ` ես միշտ իմ մեջ սերմանել եմ սեր ու ջերմություն նրա հանդեպ: Բնությունից բացի նկարում եմ նաև այլ թեմաներով, որոշ դեպքերում դրանք իմ կողմից ընտրված ազատ թեմաներ են, որտեղ ես իմ հոգեվիճակն ու կարծիքը կարող եմ ներկայացնել: Ծաղիկներն ու մարդիկ ունեն շատ ընդհանուր հատկանիշներ, Ծաղկի ողջ գեղեցկությունն իր անկրկնելիության մեջ է: Բնության մեջ չկա մի ծաղիկ, որ չունենա իր առանձին ընգծված իմաստն ու կարևորությունը: Սիրում եմ ծաղիկներ նկարել, քանի որ չեմ ցանկանում՝ դրանք թառամեն, նաև աբստրակտ ոճի գործեր ունեմ:

 Հ-4:

Անցնող երկու – երեք տարիներուն, ինչպիսի ցուցահանդէսներու մասնակցութիւնդ բերիր, իսկ անձնական ցուցահանդէսներ ունեցա՞ր:

 Պ-4:

Անցած տարիների ընթացքում վերջինիս աշխատանքերը բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների են մասնակցել Հայաստանում և Հայաստանից դուրս: Անհատական ցուցահանդեսներս ունեցան բարձր արձագանք, որը ավելի պարտավորեցնող էր, հիացական արձագանքները չեն դադարում մինչ օրս, խոստանում եմ միուս ցուցահանդեսը շատ չեմ ուշացնի: Անհատական ցուցահանդես եմ բացել հայրենի քաղաքում, Գյումրիում, Վերջին երկուսը անցկացվել են Երևան:

 Հ-5:

Շրջանաւարտ եղած շրջանէդ ի վեր, ըստ քեզի ի՞նչ փոխուած է նկարչութեան արուեստին մէջ, մարդոց հետաքրքրութիւններ, փափաք անձնական նկարներ ունենալու, ի՞նչպիսի թեմաներու պահանջք նկատած ես: Ի’նչ է կարծիքդ այս հարցերուն շուրջ: Անցեալի կը սիրէիր նկարել վարդերդ եւ բնութիւնը վար աչքառու գոյներով, արդեօք նոյնը մնացած է Լիլիթը թէ կայ որոշ փոփոխութիւններ:

 Պ-5:

Մարդիկ սիրում են արվեստը և գնահատում այն, ովքեր ինձ ճանաչում են սիրում են իմ գործերը: Պահաջարկ կա, միայն թե գումարի խնդիրնն է , հիմնականում գնորդները ցանկանում են մատչելի, բայց մեծ չափի գործեր, բայց նաև գիտակցում են, որ արվեստի գործնն ավելին արժե: Սիրուն ու վառ գույները տրամադրություն են ստեղծում իմ աշխատանքները միշտ վառ գույներով լի են:

 Հ-6:

Հիմա, երբ ընտանիքի պատասխանատու մայր ես, ունիս պարտականութիւններ եւ պարտաւորութիւններ երեխայիդ եւ ընտանիքիդ նկատմամբ, ի՞նչպէս կը դասաւորես օրուայ ժամերդ որպէսզի յատուկ ժամանակ ունենաս ստեղծագործելու: Ո՞ւնիս տան մէջ օգնական  ձեռք որ քեզի նեցուկ կը կանգնի:

 Պ-6:

Ընտանիքում աջակցում են ծնողներս, ամուսնուս մայրը: Փորձում եմ համատեղ հասցնել, մեծ երջանկություն է ունենալ հրաշք ընտանիք:

 Հ-7:

Այս մի քանի ամիսներու տագնապի օրերուն, ինչպիսի ազդեցութիւն ձգեց քու վրադ անց ու դարձը եւ իբրեւ արդիւնք ինչ ստացար:

 Պ-7:

Համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն. կորոնավիրուսը նաև բնությունը գնահատելու հնարավորություն է: «Փոթորիկ» կտավում օգտագործված գույներով առաջին անգամ փորձել եմ նկարել համավարակը։ Նկարում եղած գույներով ուզում եմ ցույց տալ, որ թեև կան փոթորիկ և ալիքներ, բայց կա նաև լույս:

 Հ-8:

Ի՞նչ կը մտածէ ԼԻԼԻԹԸ յաջորդ հանգրուանին մասին, ի՞նչ են ծրագրերդ, մօտակայ ցուցահանդէսներ ունիս:

 Պ-8:

Ծրագրում եմ նոր գործեր ներկայացնել իմ երկրպագուներին , ցուցահանդեսներ Արտերկրում:

 Մենք Ի սրտէ կը մաղթենք յաջողութիւն ապագայի նկատմամբ, կը յուսանք որ կեանքը կը վերադառնայ իր բնականոն վիճակին եւ բոլորն ալ կը շարունակեն իրենց ստեղծագործական աշխատանքները:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԼԻԼԻԹ որ այս առիթը ընծայեցիր մեզի երկրորդ անգամ ըլլալով: Ամէնէ բարին կը մաղթենք:

 Հարցազրոյցը վարեց՝

ԱԲԻԿ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՆՏԻԼԵԱՆ

 17 Յուլիս 2020

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here