«Սեւրի Պայմանագիրն Այսօր Էլ Մնում Է Որպէս Կարեւոր Փաստաթուղթ՝ Հայկական Հարցի Արդարացի Լուծման Հասնելու Հայ Ժողովրդի Իրաւունքի Մասին»

0
370

«ԱԼԱԶՄԻՆԱ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

Սիրիական հեղինակաւոր «Ալազմինա» թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի բացառիկ հարցազրոյցը.

«ԱԼԱԶՄԻՆԱ».-  Պարոն նախագահ, Օգոստոսին 10ին լրանում է Սեւրի պայմանագրի 100ամեակը, որն Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի (խորհրդաժողովի- Խմբ.) ընթացքում ստորագրուել էր մի կողմից Անտանտի յաղթող 13 երկրի, միւս կողմից պարտուած Օսմանեան կայսրութեան միջեւ: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամեակներով այնքան չարչրկուած Հայկական հարցը եւ վերջ տալ հայոց տառապանքներին: Ին՞չ կ՛ասէք այդ մասին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Սեւրի պայմանագիրն իր բնոյթով խաղաղութեան պայմանագիր էր, եւ այդ առումով, իրօք, այն կարող էր արմատապէս լուծել մեր ռեգիոնի (տարածշրջանի-Խմբ.) ամենախրթին հարցերից մէկը՝ Հայկական հարցը:

Սեւրի պայմանագրին նախորդել էր 1920թ. Փետրուար-Ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունուել էր քաղաքական որոշում առ այն, որ պէտք է ստեղծել մէկ, միասնական հայկական պետութիւն: Ընդսմին, որպէս հայոց պետականութեան խարիսխ ճանաչուել էր արդէն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. Յունուարի 19ին de facto ճանաչուած Հայաստանի Հանրապետութիւնը, որին պիտի միացուէին Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող Արեւմտեան Հայաստանի որոշ տարածքներ:

Սեւրի հաշտութեան պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրոյ Վիլսոնի իրաւարար վճռին, որի 100ամեակը նոյնպէս լրանում է առաջիկայ Նոյեմբերի 22ին), եւ ընդունել ինչպէս նրա որոշումն անմիջապէս, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին յարող Օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։

«ԱԼԱԶՄԻՆԱ».- Սակայն Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրայ…

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- – Աւելի շուտ, Սեւրի պայմանագիրը չարժանացաւ լիակատար վաւերացման (հետեւաբար մնում է անկատար (unperfected) եւ, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրութեան փոփոխութեան պատճառով չեն իրականացուել, սակայն այն նաեւ երբեւէ չեղեալ չի յայտարարուել:

Սեւրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաեւ de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրայ են խարսխուած եղել կամ սրանից են ածանցուել Միջին Արեւելեան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին յաջորդող որոշ ժամանակահատուածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնաւորապէս՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) եւ Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուէյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայէլ եւ Պաղեստինի իշխանութիւններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդեան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի եւ Լիբիայի:

Այս շարքում Սեւրի հաշտութեան պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը եւ հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրայ։

Այն կարող էր մասամբ դարմանել 1915թ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդին հասցուած վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման, ինչպէս նաեւ մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ տեւական խաղաղութեան հաստատման:

Սակայն 1920թ. Սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշաւանքը Հայաստանի Հանրապետութեան դէմ աւարտուեց Հայոց անկախ պետականութեան վերացմամբ եւ Հայաստանի խորհրդայնացմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդի դարաւոր պայքարը՝ մէկ պետական կազմաւորման մէջ միաւորելու բաժանուած Հայաստանի մասերը, չպսակուեց յաջողութեամբ:

Բայց Հայաստանի Հանրապետութիւնը եւ աշխարհով մէկ սփռուած ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը եւ տէրը իր հազարամեակների պատմութեան եւ քաղաքակրթութեան: Ինչ էլ արել են եւ անեն, ինչքան էլ ժխտեն ակնյայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն եւ ջնջեն հայոց պատմութեան եւ քաղաքակրթութեան նիւթական յուշարձանները եւ հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի յիշողութիւնը:

Սեւրի հաշտութեան պայմանագիրն այսօր էլ մնում է որպէս կարեւոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրաւունքի մասին։

«ԱԼԱԶՄԻՆԱ».- Կայ տարածուած տեսակէտ, թէ իբր 1923թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սեւրի պայմանագիրը:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Բնաւ այդպէս չէ եւ չէր կարող այդպէս լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկայ նման չեղարկում, այլեւ անգամ Սեւրի պայմանագրի մասին յիշատակում չկայ: Հայաստանի Հանրապետութիւնը չի ստորագրել, հետեւաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որեւէ պարտաւորութիւն չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրաւունքի Res inter alios acta (մասն չես, պարտաւոր չես) սկզբունքը: Սեւրի պայմանագիրը եւ Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրաւական փաստաթուղթ են:

«ԱԼԱԶՄԻՆԱ».- Վերադառնանք մեր օրերին: Մերձաւոր Արեւելքը, որի անմիջական հարեւանութեամբ գտնւում են Հարաւային Կովկասի երկրները, կրկին եռում է. զինուած ընդհարումներ, քաղաքացիական պատերազմներ, ահաբեկչութեան դէմ պայքար, տարածքային վէճեր: Յուլիսի կէսերին սահմանային ընդհարումներ գրանցուեցին հայ-ադրբեջանական շփման գօտում, որը խլեց մարդկային կեանքեր եւ ծայրայեղ լարուածութիւն առաջացրեց Երեւանի եւ Բաքուի միջեւ:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո, այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մէկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դէմ, եւ չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտութիւնները դադարեցուել են, մեր հարեւան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտուել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարաւորութեան պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիայ «յարձակում-Խմբ.) հրահրելու համար: Դեռ լաւ է, որ հայկական զինուած ուժերը դրսեւորեցին մարտական բարձր պատրաստականութիւն եւ բառացիօրէն երկու-երեք օրուայ ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածաւալ ընդհարումների հրդեհից:

«ԱԼԱԶՄԻՆԱ».- Այս ծայրայեղ վտանգաւոր զարգացումների մասին յայտարարութիւններով հանդէս եկան ՄԱԿը, ԵՄն, ԵԱՀԿը, տարբեր մայրաքաղաքներ՝ կոչ անելով կողմերին հանդարտութեան եւ երկխօսութեան: Միայն Անկարայի թոնն  էր ռազմատենչ, իր լիակատար աջակցութիւնը յայտնելով Բաքուի գործողութիւններին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո, միջազգային հանրութիւնը լայնօրէն արձագանգեց իրադարձութիւններին: Խօսքը մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցով Մոսկուայի, Վաշինգտոնի եւ Փարիզի մասին է՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տաւուշի դէպքերը ցոյց տուեցին, որ կան շատ լուրջ մտահոգութիւններ:

Իմ մտահոգութեան առաջին կէտը վերաբերում է մեր հարաւային հարեւանի՝ Թուրքիայի կողմից բաւականին ագրեսիւ հռետորաբանութեանը: Թուրքիան միջազգային յարաբերութիւններին ոչ յարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եւ սա արւում է առանց որեւէ հիմնաւորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաեւ մարդկային մեծ ողբերգութեան վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանութիւն է իրականացուել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցեալի սեւ էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցոյց է տալիս նրանց մտադրութիւնը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգութիւնս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցուածքների համար: Սա բացարձակ անհեթեթութիւն է: Այդ ենթակառուցուածքները գոյութիւն ունեն, իրենց տեղում են աւելի քան 20 տարի, եւ Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրութիւն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ եւ չի լինի սպառնալիք որեւէ մէկի համար, քանի որ մենք նրա՛նց յետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանութեան միջով եւ վերապրել են: Այնպէս որ մենք շատ լաւ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժէքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դէմ, ոմանք անմարդկային գործողութիւններ են ծրագրում:

Յաջորդ մտահոգութիւնս վերաբերում է Ադրբեջանի կառավարութիւնից կամ համապատասխան գերատեսչութիւններից հնչող պաշտօնական յայտարարութիւններին, թէ Ադրբեջանը կարող է հարուածել Մեծամորի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լաւ պատկերացնում եմ այն իրական հետեւանքները, որ կարող է լինել, եթէ յանկարծ որոշեն հարուածել ատոմակայանին: Ուստի ես այս յայտարարութիւնն ընդունում եմ որպէս ահաբեկչական գործողութեան մտադրութիւն, որը միջազգային յարաբերութիւններում բնորոշւում է որպէս միջուկային ահաբեկչութիւն: Աստուած մի արասցէ, եթէ դա յանկարծ տեղի ունենայ, մենք կ’ունենանք կովկասեան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլեւ բոլորն են տուժելու՝ ներառեալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձաւոր Արեւելքը…

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջեւ, հարեւանների միջեւ, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here