Լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 195 հազար դոլար

0
109

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի հստակեցվեն Լիբանանի հայ համայնքի կարիքները:

«Միգուցե, կրթական ոլորտին կփորձենք ուղղել մեր գումարները, բայց վերջնական եզրակացության կգանք մի քանի օրվա ընթացքում»,- նշեց Հայկակ Արշամյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Նորայր Շողիկյան

https://armenpress.am/arm/news/1024832.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here