ԿԵՆՑԱՂ

0
53

«Երբ երկու մարդ միեւնոյն

բանն են անում, երբեք 

միեւնոյն արդիւնքը չի լինում»:

Լատինական

 

Մարդը, որոշ իմաստունների գնահատումով, երկրի ամենաբարդ ու չհասկացուող արարածն է՝ առեղծուած, որին ճանաչելու համար տարիների համակեցութիւն կամ գործունէութիւն է անհրաժեշտ: Նոյն իմաստունի կարծիքով՝ մարդն ունի կենդանիներին յատուկ բոլոր բնազդները եւ նրանց արթնացնել կամ բթացնել  կարող է միայն բանականութիւնը, բայց բնութիւնը ցաւօք ա՛յդ որակով՝ բոլորին չէ, որ  օժտում է շռայլօրէն: Մեր գոյութեան ընթացքին ունենում ենք  առօրեայ տարբեր խնդիրներ, որոնք կարող են լինել մեծ կամ փոքր, յաճախ աննշան եւ ուշադրութեան անարժան, բայց ուզենք, թէ ոչ նրանք մաս են կազմում մեր էութեանն ու մնում մեր յիշողութեան մի անկիւնում, որ ընդհանուր առումով  կոչում են փորձառութիւն, որ կարող է վերածուել լաւ կամ վատ սովորութեան՝ հուսկ բնաւորութեան:

Այդպիսին է, օրինակ ծխելը: Բոլորն են գիտակից, որ այն վնասակար է, նոյնիսկ մահացու, թէ՛ առողջութեանը, թէ՛ քսակին եւ թէ՛ միջավայրին, բայց շարունակում են ծխել, յաճախ սուրճի համակեցութեամբ, իսկ ոմանք նեղ պայմանների պարագային պատրաստ են հրաժարուել հացից, բայց ոչ ծխախոտից, որի կողքին կայ թմրամոլութիւնը, որին չեմ անդրադառնայ, քանզի մամուլը էջեր է տրամադրել այդ չարիքին:

Նման բնաւորութիւն դարձած սովորութիւնները շատ են եւ բազմատեսակ եւ կախում ունեն մեզանից իւրաքանչիւրի անհատականութիւնից՝ այր թէ կին, եւ կարելի է ասել, որ հետեւանքները յաճախ ոչ միայն ցաւալի են, այլ նաեւ ճակատագրական: Չմոռանանք, որ ծխելուց մահացածների թիւը համաճարակի զոհերին բազմապատիկ գերազանցում է:

Պիտի յիշեմ մի դժբախտ դէպք, որին ականատես եմ եղել: Համաքաղաքացի Յակոբի հետ մտերիմ ընկերութիւն չունէինք, բայց յաճախ հանդիպում էինք հաճելի զրոյցներ ունենալով տարբեր նիւթերի շուրջ. կիրթ էր՝ համեստ կեցուածքով:

  Մի օր նկատեցի, որ այլայլուած էր եւ հարցիս, թէ՛ ինչ է պատահել, ասաց, որ կնոջը հիւանդանոց է տարել ծանր վիճակում: Մի քանի օր անց գոյժը հասաւ, թէ Յակոբի կինը կնքել է իր մահկանացուն դեռ յիսունին չհասած, որի պատճառն է եղել ծխախոտի չարաշահումը: Դրանով խնդիրը վերջ չունեցաւ, քանի որ իր մօր օրինակին հետեւելով դուստրը ունեցաւ նոյն վախճանը՝ թոքերի անբաւարարութիւն՝ քառասուն տարեկանի դեռ չհասած: Չեմ կարծում, թէ լրացուցիչ բացատրութեան կարիք կայ: Այս ճանապարհով քայլողների թիւը շատ է մեծ, ուր բացակայ է  ուշիմութիւնը: Մի օր Երեւանում դէմս ելաւ բարեկամիս դեռատի զաւակը: Նկատեցի  ձեռքին բռնած գլանակը: Հարցիս, թէ Լեւոն ի՞նչ է, արդէն սկսել ես ծխե՞լ․ ֊պատասխանեց՝ չէ, չեմ ծխում,–  մոդայ ա: Այս է մարդկային տխմարութեան սկզբնաղբիւրներից մէկը:        Որկրամոլութիւնը եւս, այլ ոչ շատ գովելի սովորութիւններից է եւ պատահական չէ, որ միջին տարիքի այր թէ կին գիրութեան պատճառով՝ լուրջ  առողջական խնդիրներ են ունենում, մանաւանդ կովկասի եւ մերձաւոր արեւելքի երկրներում: Ամէնամեայ այցելութիւններիս  ընթացքին Երեւանում հանդիպումներ եմ ունենում նոր եւ նախկին ծանօթ-բարեկամներիս հետ եւ ցաւով այն  փաստն  եմ արձանագրում, որ իմ շրջանա֊կում այրիների քանակը գնալով շատանում է, որի պատ֊ճառներից մէկը ենթադրաբար սխալ սնունդն ու թթի օղին առատ գործածելը կարող է լինել՝ ծխախոտի հետ համա֊խառն: Մէկ այլ հանգամանք ուշադրութիւնս  գրաւեց, որ բոլոր նախկին նրբակազմ աղջիկները, որոշ տարիքից յետոյ դառնում են գրեթէ գունդ ու կծիկ, զանց չառնելով այն անժխտելի փաստը․ որ տարիքի հետ կապուած  նուազ շարժունակութիւնը բոլորին տանում է դէպի գիրութիւն՝ այր թէ կին, որին կարելի է կցել նաեւ հեռաւոր արեւմուտքի՝ որոշ տեսակի կենցաղի մուտքը մեր առօ֊րեայ: Մէկ այլ զգուշացումի արժանի, հազարամեակների ընթացքին հաստատուած  սովորոյթ է՝ ոգելից խմիչքի գործածութիւնը՝ գինովանալը, որ արագօրէն կարող է դառնալ հարբեցողութիւն՝ իր բոլոր  հետեւանքներով չափի սահմանները զանց առնելու պարագային:

Խաղամոլութիւն: Մարդկային  անկառավարելի եւ դժուար բուժուող արատներից է այն: Քանի՞ շէն ընտանիքներ են սնանկացել ու չքաւորութեան գիրկը ընկել ընտանիքի միայն մէկ անդամի խաղամոլութեան պատճառով, ո՞վ գիտի: Այդ մոլութեամբ տառապողի ուղեղը դադարում է գործելուց բնականօրէն եւ խելամիտ լինելը նրանց համար անկարելի է: Շահելու եւ կորցրածը ետ բերելու մոլուցքը նրանց կուրացնում է եւ աշխարհը փոքրանում է դառնալով խաղասեղանի չափ: Նրանք ոչ աւել ոչ պակաս գտնուում են անվերջանալի հոգեկան ոլորանի տիրոյթում, որտեղից ելնելը դժուար է, եթէ չասենք անկարելի

Չար լեզուները պնդում են, թէ չարաբաստիկ նախագահ՝ Սերժիկը եւս տառապում էր այդ արատով եւ բաւական կլորիկ գումարներ է թողել Մոնակօի եւ Բադն֊ Բադէնի խաղատներում եւ ընդամէնը մի քանի տարի առաջ էր․ որ Բրիւսելում թղթակիցների հետ հարցազրոյցի ընթացքին՝ հայ պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը հարցաքննեց երեսուն միլիոն դոլար խաղի մէջ կորցնելու վերաբերեալ: Ինչ խօսք ենթական չէր կարող ընդունել իրականութիւնը եւ տուեց մերժող  պատասխան՝ սուտ խօսելով, թէ «Ես ոչ մի անգամ էդքան դրամի չեմ տիրել, որպէսզի բախտախաղի յատկացնէի այն»:

Տգիտութիւն․֊ահա մի այլ արատ որ անհատական բնոյթի է, բայց կարող է, ոչ նիւթական՝ բարոյական եւ հանրային մեծ բացասական երեւոյթներ ստեղծել, երբ այն  մուտք է գործում պաշտօնեաների միջամտութեամբ: Օրինակ, համաճարակի առկայութեան գործածուեց «սոցեալական հեռաւորութիւն» դարձուածքը, որ համատարած տեղ գտաւ շատ երկրներում, չնայած իր բնոյթով այն անհեթեթութիւն  է, քանզի տարածքը կարող է լինել անհրաժեշտ, պարտադիր ֆիզիկական եւ այլն, բայց ո՛չ եւ ո՛չ սոցեալական, նման «ակցիայ»֊ին, որ հայրենաբնակները գործածում են ամէն առիթով:

Ստախօսութիւն, այս է տարածուած մարդկային մեծագոյն չարիքներից մէկը: Անբացատրելի է, որ հանդիպում են մարդիկ, որոնք ստում են նոյն դիւրութեամբ, ինչպէս շնչում են, նոյնիսկ առանց որեւէ անհրաժեշտութեան եւ ինչ որ շահաւէտութեան, մինչդեռ միտումնաւոր սուտն ու կեղծիքը դարձել է արհեստ, մանաւանդ քաղաքական  եւ պետական շրջանակներում, որ համաշխարհային բնոյթի է եւ երբեմն անցնում է բարոյականութեան սահմանները:

Աւելորդ չեմ համարում յիշեցնել ֆրանսացի ելեւմուտքի (ֆինանս) նախարար Ժերոմ Կաուզակի  դէպքը.  երբ բացայայտուեց, որ   հսկայական գումար ունի Ժնեւի դրամատանը՝ առաջին հերթին հեռատեսիլի  միջոցով հերքեց երդուելով, թէ այդպիսի բան չկայ եւ քաղաքական դաւադիրներն են կեղծ շինծու լուրեր տարածել: Ընդամէնը մի քանի օր անց խորհրդարանի յատուկ յանձնաժողովի բերած փաստերով հաստատուեց իրականութիւնը, եւ նա ոչ միայն պաշտօնից հեռացուեց, այլ նաեւ մի քանի տարով բանտ նստեց՝ մեծ տուգանք վճարելով ստախօսութեան պատճառով: Որքա՞ն նման է մեր երկրի թալանչիների համատարած իրականութեանը:

Մեր չարաբաստիկ երկրորդ նախագահը, որ նոյնիսկ, դատավարութեան ընթացքը խափանելու նպատակով, կեղծ հիւանդ եղաւ, իսկ Սեւանի ջրերում մարզուելու համար ոչ մէկ խնդիր ունի:  Այստեղ նրա կերպարը պարզ եւ յայտնի է. բայց ինչպէ՞ս հիւանդանոցի պատուի զգացում չունեցող պատասխանատուները կեղծ եւ սուտ վկայութիւնով կարողացան բանտից ազատել: «Նման զնամանն իւր գտանէ»,– այս է մեր դժբախտութեան հիմքը, իսկ իր հեղինակած գրքի էջերը յագեցուած են սուտ ու կեղծ դրուագներով՝ ըստ իր զինակիցների վկայութեան, առաւել եւս, որ այդ գրաւոր հրաշալիքը գրուած է ռուսերէն, քանի որ թուրքի հոգեբանութեամբ մեծացած այդ ճիւաղը հայերէնին չի տիրապետել եւ չի ցանկացել երբեւէ սովորել:

Անժխտելի իրականութիւն է, երբ սուտն ու կեղծիքը դառնում են ապրելակերպ, ապա վերջինիս  մակարդակը իջնում է անբարոյականութեան: Այլ կերպ ինչպէս կարելի է բացատրել այն քաղաքացու վարքը, երբ նա մի քանի դոլարի դիմաց կեղծում է քուէարկութիւնը, որ համազօր է մարմնավաճառի բարոյականութեանը, որից շատ հեռու չէ այն պետական մարմնի ղեկավարը, որ վաւերացնում է կեղծ ընտրութիւնների օրինականութիւնը: Իմ իմացու֊թեան սահմաններում  այլ յարմար բառ չգտայ քան լրբութիւն եւ դաւաճանութիւն, երբ ոմն՝ Մարգարիտա Սիմոնեան կոչեցեալ՝ մամուլի անխոնջ հակահայ ծառայողը, ռուսական հեռատեսիլով տարածում է այն միտքը, թէ արդի  Հայաստանում զարգանում է հակառուսական մտայնութիւն: Որեւէ ձեւով տրամադիր չեմ այդ անձի մտքի ու արտայայտուելու ազատութիւնը արգելքի տակ դնել, միայն թէ նման արարքը կուլ տալը եւս դժուար է, երբ յարաբերութիւնները երկու պետու֊թիւնների միջեւ հեռու են անհրաժեշտ մակարդակի լինելուց, բացի այդ պէտք չէ մոռանալ մեր հակառակոր֊դների ախորժակը՝ ամէն գնով մեզ նուաստացնելու ցանկութեամբ: Այս պարագային պարզ յայտնի է, թէ ում լափամանից է  սնունդ առնում այդ կինը եւ նուազ նողկալի չէ նրա փէշի տակ խլպլտացող Տիգրան Քէոսաեան միջակ շուկայական բեմի  դերասաց֊մակաբոյծ  ամուսնու յայտարարութիւնը, թէ ինքը պատրաստ է ստորագրել եւ հաստատել կնոջ գրած ամէն մի բառը: Ի՞նչ առնական հերոսութիւն: Նրանք ենթադրաբար մոռացել են, որ իրենց փառաբանած նախկինները դարձել են քաղաքական աճիւններ քայքայման առաջացած փուլում, չնայած նրանցից շատերը իրենց արժանի բանտախցերում չեն եւ դեռ վայելում են գողօնի բարիքները, քանի որ արդի իշխանութեան թաւշեայ գործելակերպը շատ երկար տեւեց, մինչդեռ պէտք էր թաւիշը խարտոցով փոխարինել:

 Աղբը մաքրելու ժամանակն է, եթէ ուշ չէ, որ պետական մարմինները սթափուեն:

 

11֊8 ֊20

Ռուբէն Յովակիմեան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here