«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի  ԱՇԽԱՐՀԱՏԱՐԱԾ  ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

0
81

Լուսինե Աբրահամյան – Սփյուռքի Նախարարություն

Սիրելի´ ընկերներ, գործընկերներ ու աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող «Հայերն այսօրի» ընթերցողներ,

մոտ մեկ տարի հետաձգում էի «հրաժեշտը» ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի հետ, որտեղ աշխատել եմ շուրջ 8 տարի. նախ որպես լրագրող, խմբագիր-սրբագրիչ, իսկ 2016 թվականից՝ գլխավոր խմբագիր:

Հետաձգում էի՝ պայքարելով, սպասելով, որ ո´չ միայն հստակեցվի պարբերականի անորոշ ճակատագիրը, որը նախարարության փակվելուց հետո փոխանցվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, այլև նորից սկսի գործել: Ամիսներ շարունակ, սակայն, ո´չ ոք չէր շտապում լուծում տալ կայուն լսարան ունեցող պարբերականի խնդրին, ինչպես պատասխանում էին հաճախ՝ ավելի կարևոր գործեր կան…

Վերջապես մեկ ամյա դադարից հետո «Հայերն այսօրը» պետք է վերաբացվի (հուսանք՝ այս անգամ հերթական խոստումը չի լինի, ինչպես ամիսներ շարունակ), սակայն առանց պարբերականի նախկին աշխատակիցների: Նրանք, դժբախտաբար, պետք չեն նոր «Հայերն այսօրին»: Աշխատակիցներից միայն ինձ է առաջարկ արվել (երկու տարբեր, իրարամերժ առաջարկ), որը, սակայն, մերժել եմ, չեմ ընդունել…

Ինչքան էլ ինձ համար կարևոր է «Հայերն այսօրը», նրա ապագան, այն ջանքերը, որոնք կայքի տարբեր տարիների աշխատակիցները նվիրումով, քայլ առ քայլ ներդրել են պարբերականի կայացման համար, որքան էլ «անօգուտ» եղան այս ամիսների պայքարը, հույսերն ու սպասումը, սակայն կան սկզբունքներ, որոնք վեր են ամեն ինչից:

Ինչքան էլ դժվա´ր լինի բաժանվելը մի բանից, որը քեզ համար սոսկ աշխատանք չի եղել, որքան էլ դժվա´ր է հատկապես մեր օրերում աշխատանք գտնելը (առանց որևէ հովանավորչության), միշտ պետք է բաց ճակատով, մաքուր սրտով ու խղճով ընդունես քեզ նետված մարտահրավերներն ու շարունակես առաջ շարժվել, թեկո՛ւզ դադարներով, բայց միա՛յն առաջ՝ չդավաճանելով ինքդ քեզ, հավատարիմ այն ամենին, ինչին հավատում ես, հավատարիմ քո տեսակին, դաստիարակությանն ու մարդկային որակներին…

Իսկ մնացած ամեն ինչ կյանքն իր տեղը կդնի…

Այսօր պետք է ընդամենն աչք փակել ինչ-ինչ բաների վրա ու շարունակել առաջ ընթանալ: Իսկ մի օր, երբ ժամանակը գա, գուցեև բարձրաձայնեմ «Հայերն այսօրի» շուրջ ծավալված այս մեկամյա ոդիսականի, անհասկանալի զարգացումների մասին, բայց ո´չ այսօր, այսօր ես կլռե´մ, բացառությամբ մի շատ նուրբ հարցի…

… Տարիներ շարունակ «Հայերն այսօրը» հայաստանյան այն սակավաթիվ լրատվամիջոցներից էր, որը պարբերաբար անդրադարձել է Հայաստանում հաստատված հայրենադարձներին: Ներկայացնելով նրանց հաջողված պատմությունները՝ փորձել ենք ցույց տալ ո´չ միայն մեր երկրի գրավչությունները, այլև հույս ենք փայփայել, որ այդ պատմությունները կոգեշնչեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ու նրանք էլ իրենց կյանքը, ապագան կտեսնեն միմիա´յն Հայաստանում…

Ջանացի´նք, ուրախացա´նք յուրաքանչյուր հայրենադարձի հաջողված պատմությամբ, սակայն չկարողացանք Հայաստանն ապրելու երկիր դարձնել մեր միա´կ հայրենադարձ աշխատակցի համար… Չկարողացանք, որովհետև ո´չ միայն նորաստեղծ բաժնի, այլև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner’s Office

) կողմից չկարևորվեց միակ հայրենադարձ աշխատակցի գոյությունը, որն արդեն մեկ տարի է՝ անգործ է:

Մի կառույց, գերատեսչություն, որը կոչված է խթանելու հայրենադարձությունը՝ անտեսում է իր հայրենադարձ աշխատակցին և աջակցելու, սատարելու փոխարեն՝ կարող է պատճառ դառնալ Հայաստանից հեռանալու համար…

Զարմանալի ու ցավալի հակասություն և … կյանք, որտեղ միշտ չէ, որ արդարությունը, խիղճը, դիմացինին օգնելու ու նեցուկ կանգնելու պատրաստակամությունը, մարդկային պարզ ու շիտակ հարաբերությունները վեր են դասվում ամեն ինչից:

Այսօր, երբ փակում եմ կյանքիս այս էջը, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայերն այսօրի» ընթերցողներին, Սփյուռքի մեր գործընկերներին, համահայկական կառույցներին ու միություններին, աշխարհի տարբեր երկրներում ապրող պարբերականի կամավոր թղթակիցներին: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել պարբերականի կայացման դժվարին ճանապարհին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայերն այսօրի» հետ տարիներ շարունակ համագործակցած մարդկանց, որոնցից շատերին իրական կյանքում երբևէ չհանդիպելով՝ կարողացել ենք դառնալ լավ գործընկերներ, բարեկամներ՝ համատեղ աշխատանքի շնորհիվ պարբերականը դարձնելով յուրօրինակ կամուրջ և հանդիպման վայր Սփյուռքի՝ անգամ ամենահեռավոր համայնքներում ապրող մարդկանց համար:

Շնորհակալ եմ իմ հարցազրույցների հերոսներին, որոնք հայրենիքի նկատմամբ երբեք չավարտվող սիրով ու Սփյուռքի, Հայաստանի հոգսերը, խնդիրներն իրենց առօրյայի մասը դարձնելով՝ օգնել են ինձ ամեն անգամ նորովի վերարժևորելու հայրենի հողի վրա ապրելու բախտավորությունն ու հայրենիքը, հայ լեզուն, հայորեն/հայերեն ապրելու առաքելությունը՝ անկախ դժվարություններից, հիասթափություններից, վեր դասել ամեն ինչից: Ու կարևոր չէ՝ ապրում ես Հայաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, Արևելքում, թե հեռավոր Ավստրալիայում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայերն այսօրի» խմբագրակազմին (նաև ներողություն խնդրել, եթե որևէ մեկին երբևէ նեղացրել եմ), նախարարության իմ գործընկերներին, տարբեր տարիների իմ անմիջական (և ո´չ միայն) ղեկավարներին, այն բոլոր մարդկանց, որոնք հավատացել են ինձ, օգնել են, քաջալերել, աջակցել ու վստահել:

«Հայերն այսօրում» հավաքված նման ու տարբեր, մասնագիտական ու մարդկային որակներ ունեցող մարդկանց շնորհիվ էր, որ անկախ աշխատանքային ինչ-ինչ տարաձայնություններից, «Հայերն այսօրը» դարձել էր մի փոքրիկ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն աշխատում էր հանուն մի նպատակի` նպաստելով Սփյուռքի հետ հարաբերություններն առավել գործնական ու արդյունավետ դարձնելուն:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք անհանգստացած կայք-էջի ճակատագրով՝ այս մեկ տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում ու հանդիպումներում բարձրաձայնում էին պարբերականի անհրաժեշտության, կարևորության մասին:

Սիրելի´ գործընկերներ, եթե «Հայերն այսօրը» նորից շարունակի գործել, ապա նաև ձեր պայքարի արդյունքում…

Իսկ ես… Ես թեկուզ հեռվից, սակայն մի´շտ, ինչ աշխատանք էլ (նման ու տարբեր) կատարեմ և որտեղ էլ որ լինեմ, իրապես ուրախանալու եմ կայքի յուրաքանչյուր հաջողությամբ: Այն պարզ պատճառով, որ «Հայերն այսօրն» ինձ համար, ինչպես նշեցի, սոսկ աշխատանք չի եղել, ո´չ էլ աշխատավայր, որտեղ «սպանել» եմ իմ ժամանակն ու սպասել, թե երբ է աշխատանքային օրն ավարտվելու: Հաճախ իմ աշխատանքային օրը «Հայերն այսօրում» ո´չ սկիզբ է ունեցել, ո´չ՝ վերջ: Այն դարձել էր ինձ համար ապրելակերպ, այն խլել է իմ ազատ ժամանակը, հանգստյան օրերը, «գողացել» անչափ կարևոր ու թանկ ակնթարթները, որոնք ես կարող էի անցկացնել ինձ հարազատ, սիրելի մարդկանց հետ: Ես ուրախացել եմ նրա ամենափոքր հաղթանակով, հաջողությամբ ու տխրել յուրաքանչյուր սխալի համար, տխրել, երբ անտեսվել է, չի´ կարևորվել…

Ո´չ մի բանի համար, սակայն, չեմ ափսոսում, որովհետև այդ ամենը կատարել եմ սիրո´վ, պատասխանատվությա´մբ ու նվիրումո´վ: Եվ…, որքան էլ խլել է ինձանից, տվել է նաև շատ բան, որոնք ինձ հետ են մնալու միշտ… Տվել է մարդկային ու աշխատանքային հարուստ փորձառություն, սովորելու, որպես մասնագետ՝ զարգանալու, աճելու, ամենատարբեր մարդկանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հնարավորություն, հիշողություններ, աշխարհի տարբեր երկրներում ապրող ընկերներ, բարեկամներ…

«Հայերն այսօրի» շնորհիվ է նաև, որ նորովի բացահայտեցի Հայկական սփյուռքի անհայտ ծալքերը, մարտահրավերները, խնդիրներն ու նրբությունները, բացահայտեցի Հայկական աշխարհի ողջ ներուժն ու գեղեցկությունը: Բացահայտեցի ու կապվեցի ընդմիշտ…

Ինչպես ասում են՝ ոչինչ անհետ չի կորչում, իսկ ցանկացած ավարտ՝ մի նոր սկիզբ է կանխորոշում. առավել հասուն, իմաստնացած ու ազատ՝ պատրաստ ամենախենթ ճախրանքների…

Գիտե´մ, տխուր ստացվեց գրությունս… Չէ՞ որ հրաժեշտը երբեք էլ ուրախ չի լինում, սակայն ո´չ այս անգամ:

Այսօր ես ուզում եմ խախտել այդ ավանդույթն ու ասել ոչ թե՝ Մնա´ք բարով, այլ՝ Մի´նչ հանդիպում, որպեսզի շատ շուտով միասին ազդարարենք այն նոր Սկիզբը, որը նորից միավորելու է բոլորիս՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող ծանոթ ու անծանոթ հային…

Ես՝ մենք, շուտով վերադառնալու ենք…

Սպասե´ք մեզ…

Լուսինե Աբրահամյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլ. պարբերականի նախկին գլխավոր խմբագիր

Հ.Գ. Ասում են՝ մարդն ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են: Խոսելով «Հայերն այսօրի» մասին՝ չէի կարող չհիշատակել պարբերականի առաջին գլխավոր խմբագիր, լուսահոգի Հայկ Կարապետյանին: Կիրթ, համեստ, բանիմաց մարդ ու լավ ղեկավար, որի համեստությունը հաճախ ստվերում էր իր կատարած աշխատանքը:

Կյանքի յուրաքանչյուր փուլում սկիզբը, առաջին քայլը շա՛տ կարևոր է: Ուրախ եմ, որ «Հայերն այսօրում» իմ «նորամուտը» կատարել եմ նրա ղեկավարությամբ: Սկիզբ, որն ուսանելի էր ո´չ միայն աշխատանքային առումով, այլև թե ինչպես կարելի է մարդ մնալ կյանքի ցանկացած, անգամ ամենաբարդ իրավիճակներում…

Մի՛շտ հիշելու եմ նրա խորհուրդները, ուսանելի խրատներն ու շնորհակալ եմ լինելու սխալներս այնքա՜ն նրբանկատորեն ուղղելու համար, որը կատարում էր սիրով ու ամենակարևորը՝ ո´չ թե ցավեցնելու, այլ օգնելու համար…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here