Զարեհ Սինանյան. Շահագրգռված ենք, որ լիբանանահայերն այլ երկիր չգնան, գան Հայաստան, ստեղծվում է օգնության փաթեթ

0
48

https://www.azatutyun.am-Նարինե Ղալեչյան

Հիմա ծրագրում ենք մի մեծ խմբաքանակ դեղամիջոցների և բժշկական պիտույքների, որի հասցեատերը լինելու են նաև Սիրիայի մեր հայրենակիցները, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Օգնություն սիրիահայերին

Օգտատերերից մեկը հարցրել է սիրահայերին արագ կարգով օգնելու մասին` նշելով, որ բազմաթիվ հայեր մահանում են դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների բացակայության պատճառով:

Զարեհ Սինանյանն այս մասին նշեց` իրոք դա լուրջ խնդիր է, աշխատում են համապատասխան մարմինների հետ. – «Վերջերս մի քանակությամբ դրամ է փոխանցվել Հայաստանի դեսպանատանը, որը որպես օգնություն բաժանվել է ամենա կարիքավոր մեր հայրենակիցներին, այնտեղ ունենք մեր մարդասիրական առաքելությունը, որի մաս են կազմում նաև տարբեր բուժհաստատություններում աշխատող բժիշկները, որոնք ընդունում են նաև մեր հայրենակիցներին: Արդեն մի քանի օր է` աշխատում ենք Ռոստովի և Կրասնոդարի հայրենակիցների հետ, որոնք անցյալ տարի բավական մեծ օժանդակության խմբաքանակ էին ուղարկել Սիրիա: Այնտեղ կա շատ խոշոր ռազմական ներկայություն, հետևաբար Ռուսաստանի զինված ուժերն օգտագործելով հեշտ է ապրանք այնտեղ ուղարկել: Մենք հիմա ծրագրում ենք մի մեծ խմբաքաբակ դեղամիջոցների և բժշկական պիտույքների, որի հասցեատերը նաև լինելու են Սիրիայի մեր հայրենակիցները»:

Հայրենադարձությամբ զբաղվող ծրագիր է իրագործվելու

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե կան արդյոք բանակցություններ սփյուռքի անհատների կամ կազմակերպությունների հետ` հայրենադարձության համար միջոցներ ձեռք բերելու համար, Զարեհ Սինանյանը նկատեց` իրոք հավատում է, որ հայրենադարձության ծրագրի իրականացումը միայն ՀՀ-ի խնդիրը չի. – «Սկսել ենք աշխատել տարբեր հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ ու սկսել ենք կազմակվորել հայրենադարձությանը ծառայող մի հասարակական կազմակերպության ստեղծման շուրջ, որը առանցքային դեր է խաղալու առաջիկա 20-30 տարիներին հայրենադարձության համար»:

Քրիստոնյա արաբների հայրենադարձության հարցը` շինծու

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է` ինչպե՞ս են պատրաստվում բարենպաստ պայմաններ ստեղծել քրիստոնյա արաբների հայրենադարձության համար: Ի պատասխան սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց. – «Սա կեղծ օրակարգ է, շինծու հարց է, անհեթեթ է, որևէ նման բան որևէ մեկը չի ասել, նույնիսկ չի էլ մտածել դրա մասին, հետևաբար հարցի կարճ պատասխանը` չենք անում: Սրանից 10 օր առաջ զումի ֆորմատով լիբանանյան ճգնաժամի մասին մի կոնֆերանս տեղի ունեցավ, այն, ինչ ինձ է վերագրվում, իրականում առաջարկել է Շահան Գանտահարյանը` Դաշնակցությունից, ասաց, որ իհարկե ժամանակին, երբ Հայաստանը հասնի այդ կետին, պետք է մտածել ժողովրդագրական խնդիրները լուծել մեզ նման ազգերի կլանման և ուծեծման միջոցով…»:

Մենք ավելի անկաշկանդ ենք աշխատում. Սինանյան

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դրական էր փոփոխությունը` Սփյուռքի նախարարությունը հանձնակատարի գրասենյակով, ապա Սինանյանը նշեց. – «Մենք ավելի անկաշկանդ ենք աշխատում, որովհետև ենթակայությամբ ենք վարչապետին, առընթեր ենք, դա մի քիչ ավելի արագացնում է աշխատանքը, կարծում եմ, հետևաբար դժվար է ասել` դա վատ էր, թե լավ էր, ամեն ինչ կախված է արդյունքից, որը մենք կապահովենք»:

«Լիբանանահայերի Հայաստան վերադառնալու շուրջ աշխատանքներ կան»

Լիբանանահայերի Հայաստան վերադառնալու շուրջ աշխատանքներ կան, ասում է Զարեհ Սինանյանը: Ըստ նրա` և հունահայության, և բոլոր համայնքների հետ համագործակցությունը պետք է լինի խորը, համակարգված, այս գործակցությունը դանդաղել է` պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, բայց տեխնոլոգիաների միջոցով կարողացել են գտնել ձևաչափեր համագործակցելու համայնքների հետ, ինչը շարունակական բնույթ է կրելու:

«10 օր է` մենք մեկնարկել ենք մի փաթեթի ստեղծման աշխատանքներ. ստեղծում ենք սոցիալական, տնտեսական, կրթական, առողջապահական մի փաթեթ այն մարդկանց համար, որ չեն ուզում մնալ Լիբանանում, մեկնելու են ու նախընտրում են գալ Հայաստան, իհարկե բոլոր այն մարդկանց, որ չեն ուզում մնալ Լիբանանում և ուզում են մեկնել, մենք ուզում ենք բերել Հայաստան, մենք շահագրգռված ենք, որ նրանք այլ երկիր չգնան, հետևաբար մի փոքր համբերություն մեր հայրենակիցներին, և համոզված եմ ու հուսով եմ, որ շուտով այդ փաթեթը պատրաստ կլինի», – տեղեկացրեց նա:

Բելառուսում հայկական համայնքից տուժածների մասին տվյալները ճշտվում են

Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ լուրեր տարածվեցին, որ անհայտ կորել է ազգությամբ հայ Լևոն Հալաթյանը: Հարց հնչեց, թե կա՞ն տեղեկություններ նրա մասին:

«Լևոնի դեպքը մեզ հիշեցնում է Ուկրաինայի մայդանի դեպքերը, երբ մարտնչողների առաջին շարքերում նաև հայեր էին: Ես հուսով եմ, որ Լևոնը ողջ է, առողջ է ու շուտով ազատ կլինի: Մենք ինչ-որ չափով կաշկանդված ենք այն փաստով, որ ի վերջո ինչ որ տեղի է ունենում, Բելառուսի ներքին գործն է, և մենք իհարկե լինելով շատ սրտացավ մեր հայրենակիցների համար, չենք կարող ուղղակիորեն խոչընդոտել իրենց գործերին, մենք փորձում ենք հասկանալ` ինչ է տեղի ունեցել: Որ ասեմ, համայնքում արտառոց բաներ տեղի չեն ունենում, բայց իհարկե ազդում են համայնքի վրա»:

Ինչ վերաբերում է քաղաքագետների, փորձագետների կողմից քննադատություններին ուղղված վարչապետ Փաշինյանին, որ բավականին արագ շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնական տվհալներով վերընտրվելու կապակցությամբ, և հարցին` պե՞տք էր, թե՞ պետք էր սպասել, Զարեհ Սինանյանն արձագանքեց, թե ի տարբերություն քաղաքագետների ու փորձագետների` պետական ծառայության մեջ գտնվող մարդիկ բնականորեն կաշկանդված են և պետք է անեն այն, ինչ որ կարծում են, որ ճիշտ է` պետության շահերից դուրս գալով:

Նա հավելեց, որ տեղեկություններ, թե Բելառուսում քանի հայ է ձերբակալվել այս օրերին կամ կտտանքների ենթարկվել են, թե ոչ, ունեն, փորձում են դեսպանության հետ պարզել այդ տվյալները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here