Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը 30 Տարեկան Է

0
51

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 30 տարի առաջ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում տուին` անկախութիւնը ընտրելով որպէս միակ հնարաւոր կարգավիճակ եւ երկրի հետագայ զարգացման անշեղ ուղի:

23 Օգոստոս 1990ին Հայկական Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդին ընդունած Հայաստանի անկախութեան հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետութիւնը վերականգնելու հայ ժողովուրդի դարաւոր երազանքի արտայայտութիւնն էր, այլ նաեւ անոր երկու հատուածներու` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միաւորման փաստացի իրողութեան իրաւական տեսք տալու փորձ:

Անկախութեան հռչակագիրը հիմնուած էր Հայկական Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի 1989 թուականի Դեկտեմբեր 1ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» համատեղ որոշման վրայ:

«Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը` արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում, ելնելով Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի Դեկտեմբերի 1ի «Հայկական ԽՍՀի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թուականի Մայիսի 28ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը», յայտարարուած է Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրին մէջ:

Անիկա բաղկացած է 12 կէտերէ: Հռչակագիրին ընդունումէն շուրջ 1 տարի ետք` 21 Սեպտեմբեր 1991ին Հայաստանի մէջ կատարուեցաւ անկախութեան հանրաքուէ, որուն իբրեւ արդիւնք ձեւաւորուեցաւ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here