ԿԵՆՑԱՂ֊(3)

0
101

Ռուբէն Յովակիմեան

«Այլոց արատները տեսնելով խելօքը

 ձերբազատւում է սեփականից»:

Պուբլիլիոս Սիրոս

 Ստրկամտութիւնը կենդանական աշխարհից եկած յատկութիւն է, բնազդ՝ համազօր  պատուի զգացումից զուրկ լինելուն եւ մարդկային ամենազազրելի արատն է, բայց երբեմն այն շփոթում են համեստութեան հետ: Այն  ցուցադրելի չէ եւ միշտ քօղարկուած է խոհեմ լռութեան շղարշի ներքոյ՝ առանց աղմուկ֊աղաղակի, որ յաճախ է գնահատւում որպէս լուրջ կեցուածք: Բազում են տեսած  եւ ապրած նմուշները տարբեր բնագաւառներում: Ի՞նչ անուն կարելի է տալ իմ թաղի մէկ տասնեակից աւելի իմ հասակակիցների ծնողներին, երբ նրանց զաւակներից միայն երկուսը յաճախեցին հայկական դպրոց՝ ենթադրելով, որ ռուսականը աւելի լաւ է եւ պատուելի,  եւ ցաւալի է, բայց վերջինների մեծամասնութիւնը միջնակարգի վկայական չունեցաւ եւ բռնեց արհեստաւորի ուղին: Այս պարագային ստրկամտութեան հետ միախառն օտարամոլութիւնն էր ծաղկում:

Երկիրը յօշոտող բորենի սակաւապետ  (օլիգարխ)  դոդի գագոները, լֆիկ սամօները,  նեմեց ռուբոները եւ շատ ուրիշներ, որ տարիներ շարունակ պատգամաւորի աթոռ են զբաղեցրել եւ վճարուել, ե՞րբ են ձայն հանել կամ կարծիք յայտնել որպէս ժողովրդից ընտրուած եւ նրա շահերի պաշտպան, կամ սահմանադրական դատարանի ընտրեալները, բացի ստրուկի լռութեամբ ամէն տեսակի խարդախութիւն օրինականացնելով՝ ո՞ւմ են ծառայել: Եւ սա բոլորը չէ՛: Ներկայ կառավարութեան զգալի մասը ներկայ է վարչապետի յաճախակի նիստերին՝ ոչ թէ իր մասնակցութիւնը բերելու համար եւ երկիրը ղեկավարելու, այլ ուղղակի բացակայ չնշուելու, այլապէս ինչո՞ւ որեւէ մէկը ձայն ու ծպտուն չի հանում իր առաջարկութեամբ: Պատասխանը պարզ է,– քանի որ «շեֆ»֊ը միշտ իրաւ է:

Ստրկամտութեան նման հոգեբանութիւնը տիրակալ է բոլոր մակարդակներում՝ հուսկ դժգոհութիւնները, թէ բարեփոխումները դանդաղ են ընթանում: Այն միայն հայկական չէ, այլ համատարած է: Ստրկամտութիւնը համահունչ կենակցում է իշխանասիրութեան հետ:

Եսամոլութիւնը բարոյական արատ է եւ յատուկ է քիչ թէ շատ յաջողութեան հասած անձանց, մասնաւորապէս որեւէ պատասխանատու պաշտօն ունեցողներին: Այն բնութագրւում է ծայրայեղ եսականութիւնով եւ ատելի է ամէնքին: Այս արատով են տառապել բոլոր տիրակալները աշխարհի չորս ծագերում եւ բոլոր ժամանակներում, սկսած Ներոնից ու Աթիլայից մինչեւ սուլթան Համիդը, Ստալինը, Ռոբն ու Սերժիկը Էրդողանի եւ Պուտինի հետ մէկտեղ եւ նրանցից առաջ ու յետոյ եղածները: Վախ ու սարսափ է , թէ մեր  գովական վարչապետը կ’ունենայ բաւարար կամքի ուժ, ցանկութիւն, հունար, որ կարողանայ դիմադրել ու այդ անխուսափելի վարակից զերծ մնալ, չնայած բոլոր անհրաժեշտ նախադրեալները կան: «Աստուած պահապան» կ’ասէր լուսահոգի մայրս:

Այս արատը չի լինում ի ծնէ, այլ զարգանում է քայլ առ քայլ տարիների ընթացքին ստրկամիտ շրջապատի ու համակիրների բարերար մասնակցութեամբ, որ շատ մօտ է մեր երկրում տիրող արդի միջավայրին: Ցաւալի է փաստը, բայց մերկ իրականութիւն է:

Վախկոտութիւնը յաճախ հոգեկան անյայտութիւնն է, երեւոյթները չհասկանալը եւ այն չբացատրելու  հետեւանք, չնայած կարելի է, որ այն այլ պատճառներ ունենայ: Պատահական չէ, որ երեխաները վախենում են ամէն ինչից, որ անծանօթ է, եւ այդ հոգեկան ընկճուած վիճակը կարող է տեւել երկար տարիներ, մինչեւ իսկ հասուն շրջանում: Վախը շատ աւերիչ ազդեցութիւն կարող է ունենալ անհատի վրայ տարիներ շարունակ, նրա  առողջութեան եւ թէ գործունէութեան հետ կապուած, եւ յայտնի է որ վախկոտները ազատ ստեղծագործական միտք չեն կարող զարգացնել: Պիտի յիշեմ ինձ հետ պատահած մի դրուագ: Հազիւ տաս տարեկան էի եւ ամառնային տօթից փոքր ինչ փրկուելու միակ միջոցն էր Կուր գետի մէջ լողալը, որի արուեստին դեռ լաւ չէի տիրապետում: Ափից մի փոքր հեռու լողալով՝ անգիտակցաբար զգացի որ ոտքերս այլեւս յատակին չեն դիպչում,  եւ վախը պատեց միտքս ու սուզուեցի: Ներկայ մեծահասակները նկատելով վիճակս փութացին անգիտակից մարմինս ջրից հանել: Մօտ քառորդ ժամ կուրծքս տրորելով ու գլխիվայր թափ տալով կարողացան թոքերիս  մէջ եղած ջուրը հանել: Երբ ուշքի եկայ լրիւ չէի հասկացել կատարուածի մասին, յետոյ ընկերներս բացատրեցին եղելութիւնը: Այդ օրուանից տասնամեակներ անց ամէն անգամ, երբ ջուր մտնելու առիթ եմ ունենում եւ որ գիտակցաբար ցանկանում եմ յաղթահարել մէջս մնացած վախը՝ անկարելի է լինում,  եւ մի կտոր քարի նման ջրի երեսին չեմ մնում: Այդպիսով երբեք չվայելեցի լողալու հաճոյքը: Տհաճ արդիւնք:

  Շահամոլութիւնը մարդկային այն արատն է, որ կարող է կուրացնել, ոչ ուղղակի այլ հոգեբանական  իմաստով, զրկելով անձանց բանականութիւնից եւ չափի զգացումից: Մեր երկրի վերջին երեք տասնամեակը հարուստ է նման օրինակներով,  սկսած՝ ինչպէս երկրի չարիք դարձած նախագահներից  եւ օրից֊օր հարստացած բազմաթիւ սակաւապետ֊օլիգարխների բանակը, որոնց միայն անունը տալը նողկանք է առաջացնում: Շահամոլութեան հետեւանքով չէ՞, որ այդքան փոքր մի բուռ երկրում, ո՛ւր բազմաթիւ համալսարանների եւ գիտութեան կաճառի կողքին եւ մտաւորականների հսկայական բազմութեան ներկայութեամբ կատարում են այնքան խարդախութիւն եւ աւազակային գործարքներ, որ յարիր է բազմամիլիոն բնակչութիւն ունեցող երկրի: Այս բոլորի կողքին նախկին  նախագահները նաեւ համարձակւում են, առանց ամօթի դոյզն զգացումի, բարոյականութիւն քարոզել, երբ սերժիկը (գլխագրի արժանի չէ) պետական ամէն կարգի շքանշան է կախում իր փեսայի, եղբայրների ու ընտանիքի անդամների կրծքին: Անբացատրելի փաստ է ցաւօք:

 25֊8֊20                                                               

․․․շարունակելի․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here