«Հերունու Աստղադիտակի Արդիականացումը Հայաստանը Կը Դարձնի Առաջադէմ Մտքի Կենտրոն»

0
203

«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Մեր զրուցակիցն է տեխնիկական գիտութիւնների թեկնածու, պրոֆեսոր Արեւիկ Սարգսեանը։ Երկար տարիներ Արեւիկ Սարգսեանը պայքարում է Պարիս Հերունու աստղադիտակի արդիականացման համար:

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Տիկին Սարգսեան, ի՞նչ զարգացումներ եւ առաջընթացներ կան «Հայաստանի իրաւազօրութիւն» հիմնադրամի «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծում։

ՓՐՈՖ. ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Նշեմ, որ «Հայաստանի իրաւազօրութիւն» հիմնադրամում արդէն ստեղծուել է «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» առանձնացուած հիմնարկը: Ծրագրի հիմնարկի անձնակազմը բաղկացած է 25 հոգուց: Այս ընթացքում կայուն կապ ենք հաստատել ոլորտի միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող գիտնականների, փորձագէտների, կառոյցների հետ, ստորագրուել են փոխըմբռնման յուշագրեր, այդ թւում՝ (VLBI ERIC) JIVE, ARPA, NI, Acronis InternationalGmbH ընկերութիւնների հետ։ Այն պետութիւն-մասնաւոր գործակցութեան շրջանակում ոլորտային, ենթակառուցուածքային զարգացման ծրագիր է: Բազմաթիւ են Հերունու ԱՏԿ ձեւաւորման աջակցման նամակներն աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Աւստրալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իրան եւ այլ պետութիւնների գիտահետազօտական կազմակերպութիւններից:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ո՞րն է կառավարութեան դերակատարումն այս նախագծում եւ կայ արդեօք որեւէ շահագրգռութիւն կառավարութեան կողմից։

ՓՐՈՖ. ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Պետութեան՝ յանձին ՀՀ Կառավարութեան անմիջական ներգրաւուածութեան եւ օժանդակութեան պարագայում միայն հնարաւոր է իրագործել ծրագիրը եւ լուրջ արդիւնքներ գրանցել, սա գիտական եւ կրթական նախագիծ է, որն առնուազն սկզբնական 5 տարիներին պետական ֆինանսական օժանդակութեան կարիք ունի։ Աշխարհում նման ծրագրերը պետութեան մասնակցութիւնն են պահանջում, եւ վերջինս կարճ ժամանակում զարգացած գիտակրթական եւ մշակութային համաշխարհային կենտրոնի դրական համբաւ է ձեռք բերում: Նախագիծն աւելի ամբողջական դարձնելու նպատակով մշակել ենք նաեւ բիզնես կոնցեպտ, որտեղ մանրակրկիտ ներկայացուած են  նախագծի զարգացման հայեցակարգը, նպատակները, խնդիրները, պետութեան կարեւորագոյն դերակատարումը ողջ գործընթացում՝ գործառոյթները, վերահսկողական մեխանիզմները, ունենք ծրագրի իրականացման մանրամասն մշակուած գործողութիւնների պլան՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ վարչական, ե՛ւ իրաւական, ինչպէս նաեւ դիտակի վերականգնման եւ զարգացման գործողութիւնների պլան:

 

 ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Այս ընթացքում ի՞նչ նոր համագործակցութիւն է եղել նախագծի շրջանակում:

 ՓՐՈՖ. ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- 2020թ․ հիմնադրամը հանդէս եկաւ Հերունու դիտակի ներկայիս վիճակի գիտատեխնիկական փորձաքննութիւն կազմակերպելու նախաձեռնութեամբ։ Այդ նպատակով հիմնադրամը դիմեց Եւրոպայի հեղինակաւոր JIVE մասնագիտացուած կազմակերպութեանը՝ նպատակ սահմանելով փորձաքննութեան արդիւնքում գնահատելու Հերունու ռադիօդիտակի ներկայ վիճակը մասնագիտական տեսանկիւնից, դրա վերագործարկման հնարաւորութիւնը եւ միջազգային գիտութեան համար հետագայ պիտանելիութիւնը: Ձեւաւորուեց բարձրագոյն որակաւորում ունեցող փորձագէտներից բաղկացած միջազգային խումբ՝ Advisory group: Վերջերս «EVN-ի կոնսորցիումի նախագահների խորհրդի» կողմից  դոկտոր Ռաֆայէլ Բաչիլերը, ի աջակցութիւն նախագծի, նամակ է յղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ ուշադրութիւն հրաւիրելով դիտակի վերագործարկման կարեւորութեանն ու անհրաժեշտութեանը: Ռադիօդիտակը նախատեսւում է գործարկել միջազգային գիտական հանրութեան հետ սերտ համագործակցութեան պայմաններում երկարաժամկէտ գիտական հետազօտական նախագծեր իրականացնելու նպատակով: Այն գործարկուելու է աստղագիտութեան եւ ռադիօաստղագիտութեան, հեռաւոր տիեզերական կապի բնագաւառներում գիտական եւ կիրառական խնդիրների լուծման նպատակով:

Այն կիրառուելու է ոչ միայն որպէս առանձին եզակի գերզգայուն գործիք, այլ նաեւ, միաւորուելով աշխարհի նման հզօր ռադիօդիտակների հետ, կազմելու է ռադիօինտերֆերոմետրական ցանցի մաս: Վերազինման աշխատանքներից յետոյ եւ համապատասխան նոր ռադիօընդունիչներ ունենալու դէպքում դիտակը լիովին կը համապատասխանի VLBI պահանջներին եւ կարող է կիրառուել՝ լրացնելու այդ գործիքի չլրացուած բացուածքը: Համագործակցելով Եւրոպական հետազօտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիօինտերֆերոմետրիայի (VLBI ERIC (JIVE)) ինստիտուտի հետ՝ հնարաւոր կը լինի ընդգրկել ռադիօդիտակը EVN ռադիօինտերֆերոմետրիկ ցանցում:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Նախագիծն ունի՞  կրթական ծրագրերի բաղադրիչ:

ՓՐՈՖ. ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ի հարկէ, շուրջ 40 տարի անընդմէջ չի դադարել Հերունու ինստիտուտի եւ Պոլիտեխնիկական համալսարանի սերտ համագործակցութիւնը՝  ռադիոդիտակի անտենայի վրայ ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկաների կազմակերպման, մագիստրանտների եւ ասպիրանտների ուսումնահետազօտական եւ պրոֆէսորադասախօսական կազմի գիտահետազօտական գործունէութեան կազմակերպման մասին է խօսքը: Շարունակելով աւանդոյթը՝ համագործակցելու ենք ՀՀ եւ ԼՂՀ ոլորտային բուհերի հետ, կ՛ընդլայնուի միջազգային համագործակցութիւնը կրթական բնագաւառում: Կ՛իրականացուեն բարձր տեխնոլոգիաների բնագաւառում միջին եւ բարձրագոյն  մասնագիտական կրթական ծրագրերով պրակտիկ դասընթացներ, յետ բուհական եւ լրացուցիչ ու շարունակական կրթութեան ոլորտներում դասընթացներ, կը կազմակերպուեն ամառային եւ ձմեռային դպրոցներ ՀՀ եւ ԱՀ, ինչպէս նաեւ արտասահմանցի ուսանողների համար: Rohde & Schwarz գերմանական կազմակերպութեան հետ միասին մշակուել է բացառիկ կրթական նախագիծ. հեռավար լաբորատոր աշխատանքներ անտենային չափումների պոլիգոնում: Կենտրոնը ծառայելու է նաեւ որպէս հզօր անտենային լաբորատոր ստենդ, որն աշխարհում կրկին միակն է:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ի՞նչ յետագիծ կարող է ունենալ Հայաստանն աշխարհի գիտական քարտէզում:

 ՓՐՈՖ. ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ.- Սեւ խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթիւնները, հեռաւոր գալակտիկայում ադամանդէ մոլորակը, դեռեւս բացատրութիւն չունեցող տարօրինակ հզօրագոյն ռադիօբռնկումները գրանցուել են հէնց նման կարգի ռադիօդիտակներով: Մեր ռադիօդիտակը կարող է նմանատիպ միջազգային ծրագրերի շրջանակում ֆինանսաւորում ստանալ, ձեռք բերել պատշաճ ճանաչում՝ Հայաստանն աշխարհի գիտական քարտէզի վրայ ներկայացնելով որպէս առաջադէմ մտքի եւ գերժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն: Ամենակարեւոր փուլում ենք այս պահին, անհրաժեշտ է ներկայիս իշխանութիւնների քաղաքական կամքը եւ սրտացաւ վերաբերմունքը՝ ազգային, պետական, ռազմավարական նշանակութեան այս կարեւորագոյն կենտրոնի ճակատագրի տնօրինման հարցում։ Մենք լիայոյս ենք, որ նոր Հայաստանի  իշխանութեանն իսկապէս կը յաջողուի արդարամիտ որոշում կայացնել՝ ի շահ մեր երկրի եւ մեր սերունդների գիտական ապագայի։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here