Արայիկ Հարությունյան․ 2016-ի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին բազմաթիվ ադրբեջանական ԱԹՍ-եր

0
60

https://www.azatutyun.am-Սարգիս Հարությունյան

2016 թվականի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին ադրբեջանական բազմաթիվ անօդաչու սարքեր, և դրանցից միայն մեկն է հաջողվել խոցել: Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այսօր`սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում տոնում են անկախության հռչակման հերթական տարեդարձը: 29 տարի առաջ այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը:

Այսօր նաև լրացել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնավարման 100 օրը, ու նաև այս էր պատճառը, որ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել էր լրագրողներին:

«Բազմաթիվ, քանակը չգիտեմ, անօդաչու թռչող սարքերից մեկը հաջողվել է խոցել: Ինձ թվում է, դա բավարար է: Բավարարվենք դրանով, այլ մեկնաբանություններ չանենք: Ես չեմ ուզում անդրադառնանք ինչո՞վ էր պաշտպանված, ի՞նչ էր աշխատում, ի՞նչ չէր աշխատում… Բայց, ինձ թվում է, մեկնաբանությունը հստակ է, չէ՞. ցանկացած ստեփանակերտցու այստեղ նստած հարցրեք` ապրիլին Ստեփանակերտում քանի՞ թռչող սարք էին տեսնում… Մի հատ չէր, որ մի հատը խփել ենք և վերջացել ա», – նշեց Հարությունյանը:

Ստեփանակերտի երկնքում անօդաչուների թեման այսպես ծագեց. հունիսին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Արցախի նախագահը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ`ասելով, թե 2016 թվականի ապրիլին, ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Դրանից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հայտնի ասուլիսի ժամանակ վերջերս հայտարարեց, թե ապրիլին Ստեփանակերտի երկինք որևէ ադրբեջանական անօդաչու թռչող սարք մուտք չի գործել:

Մինչդեռ մենք հիշում ենք, որ 2016 թվականի ապրիլի 8-ին «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ, օրինակ, ապրիլի 7-ին ադրբեջանական մեկ անօդաչու սարք մուտք է գործել Ստեփանակերտի օդային տարածք, սակայն ոչնչացվել է:

Արցախի նախագահը այսօր նաև խոսեց ղարաբաղյան բանակցություններից: Ասաց, որ այն տարբերակները, որոնք քննարկվում էին նախկինում` Հայաստանի նախկին իշխանությունների օրոք, երկուսն էին խոշոր հաշվով: Երկու տարբերակ էր քննարկվում. մեկի համաձայն, ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ հինգ շրջան, մյուսի համաձայն` յոթ շրջան:

Արայիկ Հարությունյան. – «Մադրիդյան սկզբունքներում, այո, հստակ կար երկու առաջարկություն. 5 շրջան` ինչ-որ անորոշ կարգավիճակով, հետագայում ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտի տարբերակով, դա հանրաքվե չէ, հանրաքվեի թույլ տարբերակ է` առանց հստակեցնելու… մի տարբերակը դա է եղել քննարկվող: Մյուսը` կարծես թե 7 շրջան, ինչ-որ միջանցք, Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Այսինքն` էլի ոչ վերջնական: Բայց…կարևորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունը ավելի խոցելի է դառնում: Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնի Արցախի անվտանգության աստիճանը»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Արցախի նախագահը ասաց նաև, որ իր համար դժվար է գնահատական տալ` հայկական կողմը հաղթե՞լ, թե՞ պարտվել է այդ պատերազմում: Նրա խոսքով, փաստն այն է, որ այդ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները կարողացան գրավել հայկական դիրքեր, սակայն չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները: Նաև նշեց, որ բոլոր այդ դիրքերը ռազմավական նշանակություն ունեն. – «Այն, որ դիրքեր գրավել են` գրավել են, այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական` չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացողություն: Բայց արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից, կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից: Ամեն մարդ կարող է յուրովի… Այն, որ Ադրբեջանը տարիներ տասնյակ միլիարդների զենք ա ձեռք բերել, և շատ ավելի ամպագոռգոռ հայտարարություններ են անում միշտ, մշտապես ղեկավարությունը` Ալիևի գլխավորությամբ: Ժամերի ընթացում, օրերի ընթացքում տեսել ենք ապրիլին, տեսել են Տավուշում. մենք հաստատ գիտենք, որ այդքան հեշտ չէ ունենալ հաջողություն: Բայց հաղթել ենք թե չենք հաղթել, ես նշում եմ` մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ: Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր: Մենք պետք է նաև ռեալիստ լինենք, մենք գիտենք, որ տասնամյակներով այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի: Հնարավոր չի, չենք տեսնում դա: Դրա համար մեր բանակի հզորացման շնորհիվ պարտադրել հակառակորդին հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որը հնարավոր է բերի Ղարաբաղյան խնդրի գոնե մասնակի լուծման: Ամբողջական լուծում հնարավոր չէ: Կոսովոն էլ ամբոջպես լուծված չէ անկախության… բայց գոնե ինչ-որ առումով լուծված է այդ ամենը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here