Սփյուռքից Հայաստանի պետական կառավարման համակարգ. 100 բարձրակարգ մասնագետ է միանում

0
48

https://www.azatutyun.am – Արտակ Խուլյան

Սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են ու օրերս աշխատանքի կանցնեն տարբեր նախարարություններում։

«Առաջին անգամ, որ եկա Հայաստան, երեք շաբաթով էի եկել, հետո էնքան սիրեցի, որ 6 ամիս մնացել եմ Հայաստանում ու զբոսաշրջել ամբողջ երկրով մեկ: Հետո հանդիպեցի մի փոքր գյուղ, որ կոչվում է Սարի գյուղ, ու իմ պապիկն է էնտեղ ծնվել, ու մի քիչ սիրահարվեցի», – ասում է Լուսինե Էլլարյանը: Վերջինս Հայաստան Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։ Մայրենիից բացի, նաև 5 լեզու գիտի, բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան ստացել է Նիդերլանդներում, իսկ քաղաքական փիլիսոփայության մագիստորսի կոչում՝ Իսպանիայում։ Մշակութային ոլորտում է աշխատել, եղել է նախագծերի կառավարիչ։ Հիմա ցանկանում է փորձը հայրենիքում կիրառել. – «Հեղափոխությունից հետո սկսել եմ գալ ու մշակութային ծրագրեր եմ անում Տավուշի մարզում: Մի քիչ շփվել եմ արդեն հայկական մշակույթի ոլորտի, նաև նախարարության ու մարզպետարանի, այդպիսի պաշտոնական կառույցների հետ: Այս ծրագրի միջոցով հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ մի գիտելիք, նորություն բերեմ Հայաստան»:

«Լսեցի, որ այս առիթը կա` Հայաստանում մասնակցելու ընտրական բարեփոխումներին, սահմանադրական բարեփոխումների աշխատանքին», – պատմում է Հարություն Մանուկյանը, ով Կանադայից է, Միացյալ Նահանգների Հարվարդի հեղինակավոր համալսարանի շրջանավարտ։ 34-ամյա հանրային կառավարման մասնագետը հաջորդ շաբաթվանից աշխատանքի կանցնի Արդարադատության նախարարությունում։ Որպես փորձագետ Հարությունը մասնակցելու է սահմանադրական ու ընտրական բարեփոխումների աշխատանքներին. – «Տեղական ինքնակառավարման համակարգի անձնական փորձ եմ ունեցել որպես ներկայացուցիչ, որպես թեկնածու, որպես ընտրությունների մասնակից»:

Արդարադատության նախարարությունում լիահույս են, որ ընտրված մասնակիցները շատ արագ կինտեգրվեն իրենց թիմին։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասում է, որ հարցազրույցներից պարզ է դարձել` գործ ունեն պատրաստված մասնագետների հետ. – «Ուրախությամբ պիտի նշեմ, որ սփյուռքի մեր գրեթե բոլոր հարցազրույց անցած հայրենակիցները տեղյակ էին հիմնական բարեփոխումների ուղղություններին, երկիրն ինչ ուղղությամբ է գնում»:

«Եթե մենք միայն հենվենք և հույսը դնենք ներքին ռեսուրսի վրա և սպասենք, թե կրթական բարեփոխումների արդյունքում ինչպիսի մասնագետներ մենք կունենանք, որոնք կկարողանան իսկապես ոլորտը բերել, հասցնել միջազգային չափանիշների, սրա համար շատ ժամանակ է անհրաժեշտ», – շեշտում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Իսկ կարճ ժամանակահատվածում ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխան դարձնել, ըստ փոխնախարարի, հնարավոր է նաև հենց արտասահմանից Հայաստան վերադարձող փորձառու մասնագետների շնորհիվ։

Սյուռքահայ հարյուր մասնագետները պետական կառավարման համակարգին կմիանան Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի շրջանակում։ Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն ասում է՝ պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելու համար հայտ էր ներկայացրել 800-ից ավելի սփյուռքահայ գրեթե բոլոր գաղթօջախներից. – «Թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ ոգևորություն ենք տեսնում մենք սփյուռքում, ընդգրկվելու պահանջ կա, մեր սփյուռքահայերն ուզում են ընդգրկվել այս պրոցեսի մեջ, երկիրը կառուցելու պրոցեսի մեջ»:

Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարն ասում է՝ նաև կորոնավիրուսի համաճարակն է պատճառը, որ մասնագետները մինչ տարեվերջ են ժամանելու։ Նրանք փուլ առ փուլ են գալիս Հայաստան։ Ծրագրի տևողությունը 12 ամիս է, մասնակիցների կեցության համար 336 հազար դրամ է տրվելու՝ բնակարանի վարձակալության ու այլ ծախսերի համար։ Նրանք աշխատավարձ չեն ստանալու։

Օնիկ Բայրամյանը ծնունդով Լիբանանից է, կնոջ հետ է եկել Հայաստան։ Երկուսն էլ մասնակցելու են ծրագրին։ Ինքը մանկավարժի 32 տարվա փորձառություն ունի, վերջին 14 տարիների ընթացքում Աբու Դաբիի Ապագայի առաջնորդների միջազգային մասնավոր դպրոցի տնօրենն է եղել։ Ցանկանում է հայաստանյայն հանրակրության ոլորտում արմատական փոփոխություններ տեսնել, համոզված է՝ այդ գործում իր ու կնոջ փորձն էլ պետք կգա. – «Մեր նպատակը, որ Հայաստանը Ֆինլանդիայի, Ճապոնիայի նման լինի, առաջնայիններից համաշխարհային ուսումնական ոլորտում, որ հայ երեխաները լինեն ապագայի առաջնորդներ»:

Օնիկ Բայրամյանը ցանկանում է հայրենադարձվել։ «Ի գործի» մասնակիցներ Լուսինեն ու Հարությունը ևս ծրագրի ավարտից հետո հայրենիքում հաստատվելու մասին են մտածում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here