ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

0
43

https://www.azatutyun.am

Ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Տարածած հաղորդագրությունում ասված է, որ լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:

Սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ («Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը») հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ:

Գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here