Զարեհ Սինանեանը Տեսակապով Հանդիպեց Միացեալ Նահանգների Եւ Կանադայի Հայ Լրագրողների Հետ

0
169

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը,  17 Սեպտեմբերին առցանց հանդիպում ունեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ Կանադայում գործող հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ողջունելով մասնակիցներին, Գլխաւոր յանձնակատարը կարեւորեց Սփիւռքում հայկական լրատուամիջոցների աշխատանքը, դերակատարութիւնը՝ Հայաստան-Սփիւռք համագործակցութեան ամրապնդման գործում։

Զարեհ Սինանեանը ներկայացրեց Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի ընթացիկ ծրագaրերը, նշելով որ այս պահին, պայմանաւորուած Հայաստան լիբանանահայերի ներհոսքով, գրասենեակը ծանրաբեռնուած է նրանց տարատեսակ աջակցութիւն ցուցաբերելու աշխատանքներով: «Բէյրութից Հայաստան ամէն շաբաթ երկու թռիչք է իրականացւում: Օդանաւակայանում, մեր հայրենակիցներին դիմաւորում են յանձնակատարի գրասենեակի աշխատակիցները, խորհրդատուութիւն են տրամադրում, թէ ինչպէս կարող են լուծել առաջնային խնդիրները, այնուհետեւ օգնում ենք մարդկանց տարբեր, այդ թւում՝ կեցութեան վայրի,  փաստաթղթերի ձեռք բերման, աշխատանքի տեղաւորման եւ այլ հարցերում», ներկայացրեց Զարեհ Սինանեանը: Յանձնակատարի խօսքով, ներկայում աշխատում են  լիբանանահայերի համար «ինտեգրման (համարկումի-Խմբ.) փաթեթը»ի պատրաստման ուղղութեամբ, որն ունի տարբեր բաղադրիչներ, ներառեալ՝ առողջապահական, տնտեսական, կրթական,  բիզնես (գործառնութեան-Խմբ.)  արտօնութիւնների տրամադրման, եւ թէ այս աշխատանքի իրականացումը համակարգուելու է մէկ կենտրոնից: Սինանեանը նշեց, որ մինչ Բէյրութում տեղի ունեցած վերջին պայթիւն պատճառով մեծ թուով լիբանանահայեր են տեղափոխուել Հայաստան՝ վերջին երկու տարում շուրջ 25 հազար հայեր դարձել են Հայաստանի  քաղաքացի: «Լիբանանահայերի վերադարձի եւ Հայաստանում նրանց հաստատուելու գործում Սփիւռքի դերը մեծ է: Շատ յաճախ գումարներ ենք ծախսում տարբեր երկրների հայ համայնքներին աջակցելու եւ նրանց այնտեղ պահելու համար, բայց երբեւէ խորը վերլուծութիւն չենք կատարել առ այն, թէ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ մարդիկ կը շարունակեն մնալ տուեալ երկրում,  եւ մեր գումարներն արդեօք չենք ներդնում մէկ այլ պետութեան անշարժ գոյքի եւ ենթակառուցուածքների մէջ: Գուցէ լաւ կը լինի մեր ուշադրութիւնը շեղել դէպի այն հայերը, ովքեր ցանկութիւն ունեն գալ Հայաստան եւ աջակցել նրանց հայրենիք վերադառնալուն եւ բնակուելուն», նշեց Սինանեանը:

Զարեհ Սինանեանը ներկայացրեց Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի այլ ծրագրերը՝ նշելով, որ որոշների իրականացման հարցում խոչընդոտ է հանդիսացել համավարակը: «  1 Սեպտեմբերին մեկնարկեց «Ի Գործ» ծրագիրը, որը Հայաստանի կառավարութեան առաջին ֆելօշիփ (ընկերակցութիւն-Խմբ.) ծրագիրն էր, եւ որի շնորհիւ Սփիւռքից հրաւիրուած հարիւր երիտասարդներ մէկ տարի կ’աշխատեն Հայաստանի  կառավարութեան տարբեր գերատեսչութիւններում:   Ընթացքի մէջ է Սփիւռքի քարտէզագրման ծրագիրը, որի արդիւնքում կ’ունենանք աշխարհում հայկական ներուժի մասին համապարփակ տեղեկութիւններ՝ հետագայում այն կիրառելու նպատակով: «Ներուժ» ծրագիրը, որը սթարթափներին (նորաստեղծ ընկերութիւններու-Խմբ.) առնչուող ծրագիր է, Յունուարին կ’անցկացուի արդէն երրորդ անգամ: Համավարակի պայմաններում էլ մեկնարկեցինք «Սփիւռքը կապի մէջ» ծրագիրը, որ տեսակապի միջոցով հնարաւորութիւն տուեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել աշխարհի տարբեր հայ համայնքների հետ: «Քայլ դէպի Տուն» ծրագիրն էլ այս տարի անցկացուեց առցանց՝  երեք հարիւր երիտասարդների մասնակցութեամբ», ամփոփեց Սինանեանը:

Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը նշեց, որ համավարակի պատճառով յետաձգուել են Հայաստան-Սփիւռք ձեւաչափով երեք խոշոր համաժողովներ, որոնց օրակարգում էին հարցեր, որոնք առնչւում են Հայաստանի Ազգային Ժողովի  երկրորդ պալատի ստեղծմանը՝ Սփիւռքի ներկայացուցիչներից կազմուած, որը կ՛ունենայ խորհրդատուական, բայց ոչ օրէնսդիր լիազօրութիւն, հայրենադարձութեան հարցերով զբաղուող կազմակերպութեան հիմնադրմանը:

Յանձնակատարի գրասենեակը զբաղւում է նաեւ Սփիւռքից ներդրողների հետ՝ օգնելով արագացնել այն խնդիրների լուծումը, որոնք ըստ Սինանեանի, հիմնականում բիւրոկրատական են, եւ կարող են ամիսներ շարունակ գործ հիմնելու յետաձգումների պատճառ դառնալ: «Հայաստանում ամենաեկամտաբեր, արագ զարգացող եւ խոստումնալից տնտեսութեան ճիւղերը բարձր տեխնոլոգիաների (արհէստագիտութեան-Խմբ.), գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ոլորտներն են, եւ շատ Սփիւռքահայեր ներգրաւուած են գիւղատնտեսութեան ոլորտում», տեղեկացրեց Սինանեանը:

Պատասխանելով Հայաստանում պատրաստուող կրթական բարեփոխումներում ազգային բաղադրիչի առկայութեան անհրաժեշտութեան մասին յանձնակատարի կարծիքը ճշտելու «Ասպարէզի» հարցին՝ Սինանեանը պատասխանեց: «Հայաստանում բնակուելով, ես, ով կեանքի մեծ մասն անցկացրել է Սփիւռքում, կարող եմ ասել, որ Սփիւռքում ազգայինի զգացումը աւելի սուր է, քան Հայաստանում եւ հասկանալի պատճառներով: Հայաստանում ամէն ինչ ազգային է, եւ չես կարող ազգայնից խուսափել: Որեւէ մարդ չի կարող այնպէս անել, որ կրթութիւնը չլինի ազգային, եւ միշտ լինելու է ազգային՝ անկախ հասարակարգից, անկախ կառավարութիւնից: Այլ հարց է, որ կրթութիւնը պէտք է լինի բարձրորակ, ոչ թէ այն ցածրորակ կրթութիւնը, որը մենք ստացել ենք նախորդներից, որն անհրաժեշտ է բարելաւել, եւ այդ ուղղութեամբ լրջագոյն բարեփոխումներ պէտք է տեղի ունենան»:

Գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանն ու տեսակապով հանդիպման մասնակիցները յոյս յայտնեցին պարբերաբար քննարկումներ անցկացնել նման ձեւաչափով՝ նպատակով ամրապնդելու  Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ լրատուական հաղորդակցութիւնը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here