Սխալուելու վճռականութիւնը՝ ճշմարիտ ճանապարհ

0
92
 
ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՅՕԴՈՒԱԾԸ
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստորեւ տրուած յօդուածը հրապարակած է, զոր պատրաստած է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գրասենեակին մէջ տեղի ունեցած ընդլայնուած հանդիպման ժամանակ իր ունեցած ելոյթին հիման վրայ։
«2018 թուականի յեղափոխութիւնից յետոյ հանրային քննարկումների ամենատարածուած խօսոյթներից մէկը իշխանութիւնների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշդ քայլերի մղելու փորձերն են:
Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկէ հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանութեան գործունէութեան տրամաբանութեան մէջ՝ չափազանց վտանգաւոր, որովհետեւ “ճիշդ” քայլերի փնտռտուքը կարող է կաթուածահար անել իշխանութիւնը եւ ի վերջոյ՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ աւելի լաւը դարձնելու հնարաւորութիւն կայ, միշտ եւ ամէնուր կարող են լինել եւ անխուսափելիօրէն կը լինեն դիտարկումներ, քննադատութիւններ, առաջարկութիւններ, մէկը միւսից գեղեցիկ հիմնաւորումներով եւ փաստարկումներով:
Բայց իշխանութիւնը պէտք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշդ որոշումներ: Բայց որքանո՞վ պէտք է այդ որոշումները ճիշդ լինեն, որքանո՞վ ճշգրտուած եւ իդէալական: Այս հարցը հրատապ է յատկապէս այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ “Քաղաքացիական պայմանագրի” պատմութեան եւ գաղափարաբանութեան համատեքստում:
“Քաղաքացիական պայմանագիր”-ը Երրորդ Հանրապետութեան միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխութիւն կատարելու խոստումը: Բայց պարադոքսն («ՆՅ» – ընդունուած կարծիքին հակասող) այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապէս “սխալ քայլերի հետեւողականութեան” շնորհիւ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում “ճիշդ” պրոցեսներ («ՆՅ» – գործընթացներ) , որոնց վերաբերեալ “Քաղաքացիական պայմանագիր”-ը որդեգրեց “սխալ” դիրքորոշումներ:
Ընդ որում, “ճիշդ” եւ “սխալ” բնորոշումների մէջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տուեալ պահի հանրութեան շրջանում իշխող տրամադրութիւններից եւ ընկալումներից: “Քաղաքացիական պայմանագիր”-ը ի վերջոյ յաղթեց “սխալ քայլերի” հետեւողական ռազմավարութեան շնորհիւ, որովհետեւ այդ քաղաքական ուժը հասկանում էր, թէ ի՛նչն է սխալ անում եւ ինչո՛ւ եւ ի՛նչ խնդիր է լուծում դրանով:
Այդ հետեւողական սխալների նպատակը մտածողութեան նոր հարթութիւն ստեղծել էր, անխուսափելի պարտութիւնների տրորուած նախկին ճանապարհներով չգնալը, հանրութեան հետ երկխօսութիւնը երբեմն բանավէճի, երբեմն լեզուակռուի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականութիւնը:
Այն ժամանակ մենք գիտէինք, որ եթէ մենք ամէն ինչ ճիշդ անենք, պարտուելու ենք, այնպէս ինչպէս պարտուել են ա՛յն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թուականից ճիշդ են գործել, այդ թւում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում, ու պարտուել:
Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի յետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշդ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշդ լինելու հրամայականը թոյլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կայ հաւանականութիւն, որ դա կը լինի սխալ քայլ: Եւ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժէ՞ արդեօք նման քայլ անել, իսկ եթէ այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կէտում է, որ վրայ է հասնում կաթուածը:
Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալուելու վճռականութիւնն է, որ առաջ գնալու հնարաւորութիւն է տալիս: Որպէսզի ընթերցողին յստակ լինի, թէ ինչի մասին է խօսքը, ներկայացնեմ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցութեան սխալների համառօտ պատմութիւնը:
2014 թուական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնութիւն էր, բայց քաղաքական դաշտում ունէր որոշակի նկատելիութիւն: ՀՅԴ – “Ժառանգութիւն” – ՀԱԿ – ԲՀԿ քառեակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պէտք է լինէր բուրժուադեմոկրատական յեղափոխութեան-իշխանափոխութեան մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն յստակ եւ վճռականօրէն որոշեց չմասնակցել դրան եւ արժանացաւ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ («ՆՅ» – Սերժի ծրագիրը, ծրագրածը), ծախուած ընդդիմութիւն եւ այլն, եւ այսպէս շարունակ: Պրոցեսն աւարտուեց նրանով, որ Տիգրան Սարգսեանի փոխարէն վարչապետ նշանակուեց Յովիկ Աբրահամեանը:
2015 թուական, սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէ.- Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխութիւն, սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ աւելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսեանի ներկայացրած Սահմանադրութեան պայմաններում, որը պիտի ամբողջութեամբ ուժի մէջ մտնէր 2018 թուականի Ապրիլին, աւելի հեշտ է իշխանափոխութիւն անել, քան նախորդ Սահմանադրութեամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, յորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսը աւարտուեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրուեց ծախուած, կառավարելի ընդդիմութիւն լինելու մէջ:
2016 թուական, ՊՊԾ գնդի գրաւում – ՔՊ-ն գնաց իրադարձութիւնների վայր, “Ո՛չ՝ բռնութեանը” դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որեւէ քաղաքական նպատակի համար, առաւել եւս Հայաստանի քաղաքացիների վրայ կրակել սպանելը՝ ինչ հիմնաւորում էլ այդ ունենայ: Այդ ժամանակ ծնուեց “բաց ձեռքերով պայքարի” խորհրդանիշը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետեւ մի միջավայրում եւ մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարւում էր օրինական՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարուէին ծախուածներ, կառավարելի ընդդիմութիւն եւ այսպէս շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջոյ, սուլոցների ներքոյ ՔՊ-ն հեռացաւ հրապարակից ու հրաժարուեց վերադառնալ: Պրոցեսը աւարտուեց նրանով, որ դրա նախաձեռնողները հրաժարուեցին Սերժ Սարգսեանի առնուազն անմիջապէս հրաժարականի պահանջից, յանձնուեցին եւ բոլորը գնացին տուն:
2017 թուական, խորհրդարանական ընտրութիւններ.- ՔՊ-ն, որ “Ելք” դաշինքի կազմում էր, հրաժարուեց յետընտրական հերթական իշխանափոխութեան քաղաքականութիւնից եւ արձանագրեց, որ ընտրութիւնների արդիւնքները ձեւաւորուել են ընտրողների քուէարկութեան արդիւնքում: Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քուէարկել, դէ, թող ուրեմն վայելեն իրենց “ընտրած” իշխանութիւնը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ («ՆՅ» – հոս՝ կառավարական պաշտօններ)մուրալու, ծախուած լինելու մէջ:
2018 թուական, Հայաստան.- Գրեթէ բոլորը համակերպուել են, որ Սերժ Սարգսեանը պիտի վերարտադրուի: Շատերը նոյնիսկ պայմանաւորուել եւ պլանաւորել («ՆՅ»- ծրագրեր) են իրենց առաջիկայ 10-15 տարուայ կեանքը: ՔՊ-ն յայտարարում է յեղափոխութիւն եւ մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրայ, միւս մասը մեղադրում է ծախուած լինելու մէջ, պնդելով, թէ ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսեանի վերարտադրութեանը ժողովրդավարութեան շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նոյնպէս մտադիր են չհամակերպուել Սերժ Սարգսեանի վերարտադրութեան հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձեւեր: ՔՊ-ն կտրականապէս մերժում է դրանք, արժանանալով եւս մէկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախուած լինելու մեղադրանքի: Իսկ թէ ինչ եղաւ յետոյ, բոլորդ գիտէք:
Այս ամէնը գրում եմ ոչ ամենեւին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրոյ պայմաններում ձեւաւորուած յեղափոխական իշխանութեան ամենամեծ սպառնալիքը “ճիշդ” լինելու մղումն է: Յեղափոխութիւնը իւրաքանչիւրը ընկալել է իր ձեւով, բայց յեղափոխութեան բովանդակութիւնը ստեղծած իշխանութիւնը պէտք է անի բացառապէս ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցուած անելով սխալներ՝ այն դէպքերում, երբ ճիշդ որոշման սպասումը հնարաւորութիւն չի տալիս առաջ գնալ եւ ի վերջոյ բերում է կաթուածի, որոշումներ կայացնելու անընդունակութեան:
ՔՊ-ն պէտք է շարունակի “հետեւողական սխալների այն ճանապարհը”, որ սկսել է 2014 թուականին եւ նոյնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պէտք է հրաժարուենք “սիրուած լինելու” կոմֆորտ զոնայում («ՆՅ» – հանգստաւէտ կամ ապահով գօտի) գտնուելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանութեան չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանութեան եկել ենք մեր ժողովրդի, մեր պետութեան համար մտածողութեան նոր հարթութիւն ձեւաւորելու եւ Հայաստանը այդ նոր հարթութիւն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարութիւնը: Որովհետեւ որեւէ որոշում ճիշդ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակութիւն ունի այն ռակուրսը («ՆՅ» – ֆրանսերէն raccourci-էն – կրճատում / կարճ  ճամբայ) որից դիտարկում ես այն:
Տեղում դոփելուց աւելի մեծ սխալ գոյութիւն չունի: Եւ միայն սխալուելու վճռականութիւնն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտութիւնը փնտռելու ճանապարհով: ՔՊ-ի իւրաքանչիւր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարութիւնում, ՏԻՄ-երում՝ սխալուելու վճռականութիւն պիտի ունենայ, պայմանով, որ դրանք գիտակցուած սխալներ լինեն, որոնք բխում են “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցութեան ծրագրից, գաղափարներից, պատմութիւնից, իդէալներից ու Հայաստանը հզօրացնելու, Հայաստանը հզօր տէրութիւն դարձնելու անսակարկելի երազանքից:
Միայն սխալուելու մեր համարձակութիւնն է, որ ճշմարտութեան ետեւից գնալու վճռականութիւն կը տայ ու Հայաստանին կը բերի նորանոր յաղթանակներ: Միայն պարտուելու համարձակութիւնն է, որ մեզ կը բերի յաղթանակի»

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here