Ռազմական Կրթութիւն. Զինուած Նաեւ Գիտելիքներով

0
260

«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ

Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ռազմական կրթօջախներում եւս սկսուել է ուսումնական գործընթացը: Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան կադրային (պաշտօնէութեան կազմ-Խմբ.) եւ ռազմակրթական քաղաքականութեան գլխաւոր վարչութեան պետ, փոխգնդապետ Արծրուն Յովհաննիսեանի հետ մեր զրոյցի թեման ռազմակրթական ոլորտի ձեռքբերումներն են, առանցքային խնդիրներն ու  նպատակները:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- ՊՆ կադրային քաղաքականութեան հենքային խնդիրներից մէկն էլ բանակը ռազմական լիարժէք կրթութեամբ կադրերով համալրելն է:

 ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մեր բանակը կազմաւորման առաջին իսկ օրից աշխատել է  բոլոր օղակի կադրերին սեփական ուժերով պատրաստել: Սա ճիշտ մօտեցում է, սակայն հաշուի առնելով այն հանգամանքը, որ մենք պատերազմի թոհուբոհում էինք, սկզբնական շրջանում մեր կադրերի նշանակումը յաճախ հարկադրաբար եւ հապճեպ էր, նորանշանակ կադրերը հիմնականում չունէին ռազմական համապատասխան կրթութիւն։

Զինեալ ոժերոււ կազմաւորմանը զուգահեռ, ընդամէնը մի քանի տարուայ ընթացքում ձեւաւորուեց Հայաստանի ռազմական բուհերի համակարգը: Այժմ արդէն գործում է սպաների պատրաստութեան եռաստիճան համակարգ: Առաջին մակարդակն ապահովում են Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանն ու Մարշալ Արմէնակ Խանփերեանցի անուան ռազմական աւիացիոն (օդուժի-Խմբ.) համալսարանը: Երկրորդ փուլը մագիստրատուրան է, իսկ երրորդ փուլում ռազմական կրթութիւնը ակադեմիական մակարդակի հասցնելու գործում իր կարեւոր դերակատարումն ունի Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան  Դրաստամատ Կանայեանի անուան Պաշտպանական ազգային հետազօտական համալսարանը:

 

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Ոլորտի նորարարութիւնների հետ, փոխւում են նաեւ առաջնահերթութիւնները, մեր ազգային ռազմական կրթութիւնը որքանո՞վ է այսօր համադրելի միջազգային գիտակրթական զարգացումներին:

 ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ի հարկէ, ժամանակն իրենն է թելադրում: Վերանայւում են ռուհերի ուսումնական ծրագրերը, կիրառւում է դասաւանդման նոր մեթոդաբանութիւն, վերապատրաստւում է պրոֆէսորադասախօսական կազմը: Դրական դինամիկան ակնյայտ է, սակայն վերջնական, համաշխարհային չափորոշիչներին համահունչ լիարժէք կրթական համակարգ առայժմ չունենք: Որոշակի բացեր դեռեւս կան, ու մեր բոլոր ջանքերը միտուած են կրթական ոլորտը արդի պահանջներին համապատասխանեցնելուն եւ մեր սեփական ռազմագիտական խորհուրդը ստեղծելուն. կ’ընդլայնենք բազմաստիճան ռազմական կրթութիւն ապահովելու մեր հնարաւորութիւնները՝ ստեղծելով ասպիրանտուրա (թեկնածութիւն-Խմբ.): Մինչ այդ նման հնարաւորութիւն չի եղել, մենք հետբուհական այդօրինակ կրթութիւնն իրականացրել ենք Ռուսաստանում:

Ես երազում եմ 21րդ դարում ունենալ սպայի նոր կերպար, 21րդ դարի չափորոշիչներին համապատասխան: Դա մեր աշխատանքի գլխաւոր ուղղութիւնն է: Մեր սպան պէտք է փայլուն իմանայ Հայոց պատմութիւնը, համաշխարհային պատմութիւնը, ռազմագիտակ լինի, քաջատեղեակ աշխարհաքաղաքական զարգացումներին, տիրապետի լեզուների, որպէսզի կարողանայ մեր երկիրը մշտապէս բաց ճակատով ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում՝ զօրավարժութիւններ, խաղաղապահ առաքելութիւն…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Սպայի լիարժէք կերպարի համար սոսկ մարտավարամասնագիտական գիտելիքներով օժտուած լինելը, կարծում եմ, դեռեւս բաւարար նախապայման չէ,  կարեւոր են նաեւ բարոյահոգեբանական, մարդկային որակները:

ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Այո՛, լիովին համաձայն եմ. հումանիտար բլոկը (մարդասիրական նիւթերու ամբողջութիւն-Խմբ.), որ ամբողջ աշխարհում սպայական կրթութեան հիմքում է դրուած՝ լինել մանկավարժ, հոգեբան, լիդեր (առաջնորդ-Խմբ.), հռետոր, կարողանալ զօրքը տանել իր հետեւից՝ այս ամէնը ռազմական կրթութեան ոլորտի հիմնասիւներից է: Ռազմական կրթօջախներում ուշադրութեան առանցքում է կուրսանտների (ուսանողներու-Խմբ.) հոգեբանական դաստիարակութիւնը։ Դասաւանդուող մի շարք առարկաներ ուղղակիօրէն միտուած են կամային եւ հոգեբանական յատկանիշները զարգացնելուն: Վերջերս էլ ռազմաուսումնական հաստատութիւնների 4րդ կուրսի (ուսման տարի-Խմբ.) կուրսանտների համար մեկնարկել է «Լաւ կառավարում եւ բարեվարքութիւն» առարկայի դասաւանդումը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Մասնագիտական կրթութեան որակի ապահովման ազգային կենտրոնի հաւատարմագրման յանձնաժողովի որոշմամբ` ՀՀ ՊՆ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական եւ Ա. Խանփերեանցի անուան ռազմական աւիացիոն համալսարաններին շնորհուել է ինստիտուցիոնալ հաւատարմագրում՝ 4 տարի ժամկէտով: Ազգային կենտրոնն առանձնացրել էր ռազմական բուհերի եւ՛ դրական, եւ՛ խնդրահարոյց կողմերը։ Օրինակ՝ «Լաւ է, որ բուհերը յագեցած են ռեսուրսներով (նախանիւթերով-Խմբ.), անհրաժեշտ նիւթատեխնիկական բազայով (խարիսխով-Խմբ.), ունեն պրակտիկ (կիրարական-Խմբ.) ուղղուածութիւն, սակայն, խնդիր է, որ ռազմական բուհերը չունեն բաւարար ինքնավարութիւն»։

 ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.– Բարձրագոյն ռազմական հաստատութիւններում կրթական գործընթացի կազմակերպումն ու ղեկավարումը ունի  իր իւրայատկութիւնը, քանի որ բուհական համակարգին բնորոշ կառուցուածքը մէկտեղուած է զօրամասային կարգավիճակից բխող պահանջներին, սակայն, հարկ է նշել, որ այս պահին կայ պատմական շանս (առիթ-Խմբ.)՝ օրէնսդրական նոր նախաձեռնութիւն, որից պէտք է բխեցնել մեր բոլոր պլանները (ծրագիրները-Խմբ.). այս տարուայ ընթացքում նախատեսւում է փոխել բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին օրէնքը, որը բաւականին մեծ հնարաւորութիւններ է տալիս մեզ, մասնաւորապէս՝ ռուհերի ինքնավարութեան բարձրացման առումով: Մենք, առաջնորդուելով այս օրէնքով, մշակելու ենք կրթութեան մասին նոր հայեցակարգ՝ նոր չափորոշիչներ դասախօսական կազմի ընտրութեան, նշանակման ասպարէզում, առաջադրուելու են նոր պահանջներ, ռուհերի բոլոր օղակներում խստացուելու են ընդունելութեան կանոնները…

Այս տարի մենք բաւականին խիստ չափորոշիչներով կատարեցինք ռազմական ակադեմիայի ընդունելութիւնը:

 

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Ի դէպ, հետաքրքիր է, այս ուսումնական տարում ռազմական հաստատութիւններ դիմողների աճի միտում կա՞ր:

 ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Միանշանակ: Օրինակ՝ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարան դիմողների թիւն անցեալ տարուայ համեմատ կրկնապատկուել էր:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.-Պարոն Յովհաննիսեան, որոշ նեղ մասնագիտութիւնների գծով մենք օգտւում ենք նաեւ քաղաքացիական բուհական ռեսուրսից։

ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն ռազմական եւ քաղաքացիական ուսումնական հաստատութիւնների համագործակցութիւնն իրականացւում է ռազմակրթական եռաստիճան համակարգի ներդրման, գիտատեխնիկական նախագծերի մշակման, համատեղ գիտահետազօտական աշխատանքների իրականացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման նպատակով:

Առաջիկայում մենք նախատեսում ենք յուշագրեր ստորագրել Հայաստանի առաջատար բուհերի հետ, այս պահին յուշագիր ունենք Պետական համալսարանի եւ Ճարտարագիտական համալսարանի հետ, նախատեսում ենք յուշագրեր ստորագրել Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ գիտկոմի հետ:

…Զինուորական կադրերի վերապատրաստման եւ որակաւորման տարատեսակ ծրագրեր ունենք: Դրանք հիմնականում կարճաժամկէտ ծրագրեր են` կապուած արհեստավարժ շարքային եւ սերժանտական կազմի, ԱԹՍ տեխնոլոգիաների (արհեստագիտութեան-Խմբ.), ՌԷՊ կառավարման, կապի աւտօմատացուած (ինքնաշխատ-Խմբ.) համակարգերի մասնագէտների պատրաստելու հետ:

Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանում գործում են 16 եւ 24 շաբաթեայ հրամանատարական դասընթացներ՝ յատուկ վաշտի եւ գումարտակի հրամանատարական օղակի համար: Այս բուհում, ինչպէս արդէն նշել եմ, ունենք ռազմական մագիստրատուրայ՝ Մարշալ Բաղրամեանի անուան հրամանատարաշտաբային ֆակուլտետը (բաժանմունքը-Խմբ.). այն ֆակուլտետի ստատուս (վիճակ-Խմբ.) ունի՝ բայց առանձին մագիստրոսական ծրագրով: Մենք պլանաւորել ենք նաեւ եկող տարի լիցենզիայ (արտօնագիր-Խմբ.) ստանալ, այսինքն՝ ստանալ ԿԳՄՍ նախարարութեան համապատասխան թոյլտուութիւնը, որ նմանատիպ մագիստրատուրայ ունենանք նաեւ Դրաստամատ Կանայեանի անուան պաշտպանական ազգային հետազօտական համալսարանում. ինքն իր կարգավիճակով կը լինի աւելի բարձր, քան հրամանատարաշտաբային ֆակուլտետը: Այնտեղ էլ մեկնարկած դասընթացները փորձելու ենք դարձնել մագիստրոսական ծրագիր, եւ հէնց այդ ծրագրով էլ հետագայում կ’ունենանք երկու  պրոֆիլաւորում (ուրուագիծ-Խմբ.)՝ զինուորական եւ ռազմաքաղաքական, որպէսզի այլ գերատեսչութիւնների, մարզպետարանների, տարբեր կառոյցների ներկայացուցիչները եւս հնարաւորութիւն ունենան մեզ մօտ ուսանելու:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Պաշտպանութեան նախարարութիւնը լուրջ աշխատանք է իրականացնում նաեւ միջազգային ռազմական համագործակցութեան բնագաւառում, որի կարեւորագոյն բաղկացուցիչներից է համագործակցութիւնը  ռազմակրթական ոլորտում:

 ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- ՀՀ ՊՆ-ը լայնօրէն համագործակցում է օտարերկրեայ պետութիւնների ուսումնական հաստատութիւնների հետ, համագործակցութեան աշխարհագրութիւնը բաւական ընդգրկուն է՝ Ռուսաստան, Ղազախստան, Գերմանիա, Յունաստան, Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա…

Փոխայցելութիւններ են լինում, իրենց մասնագէտներն են գալիս, մենք ենք գնում փորձի փոխանակման, որակաւորւում տարատեսակ դասընթացներում, մագիստրոսական ծրագրերում, ուսումնասիրում նրանց առաջատար փորձը:

 

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- Ուսումնական մեկնարկը տրուած է: Պարոն Յովհաննիսեան, ձեր մաղթանքը  հայրենիքի պաշտպանի մասնագիտութիւնն ընտրած մեր երիտասարդներին:

ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ցանկութիւնս, յորդորս մէկն է բոլոր ժամանակների ամենապատուելի մասնագիտութիւնն ընտրած երիտասարդներին. մշտապէս կատարելագործէք ձեր գիտելիքները, ձգտէք ամէն գործում կատարելութեան: Դուք մեր ազգի սերուցքն էք, այն ընտրախաւը, որին վաղը վստահուելու է հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործը: Պատուախնդրօրէն եւ բաց ճակատով իրականացրէք ձեր առաքելութիւնը. դուք էք վաղուայ իրավիճակը ճիշտ վերլուծողն ու գնահատողը, որոշում կայացնողը, առաջնորդը, յաղթողը…

 

Լուսանկարը՝ ՍՈՒՐԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ, ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here